Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՇԵՍ

Հուլիս 12,2005 00:00

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ 4 ՀՈՒԼԻՍԻ 2005 Թ., ՎԱՇԻՆԳԹՈՆ, ԱՄՆ, ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ Հարգելի՛ ընթերցող. զարմանք եւ տարակուսանք է հարուցում այն իրողությունը, որ Արտաշես Գեղամյանի ելույթները, դրանք լինեն Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, թե ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում, որոնց առիթով ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցները սանձարձակ հարձակումներ են գործում նրա վրա, հայկական որոշ հեռուստալրատվամիջոցներ լռության են մատնում: Հենց այդ մատնիչ լռությունն է պատճառը, որ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հուլիսի 4-ին Վաշինգթոնում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Արտաշես Գեղամյանի ելույթի ամբողջական տեքստը: Նշենք, որ ԵԱՀԿ գործող կանոնակարգի համաձայն, ելույթը կներառվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հուլիսյան նստաշրջանի պաշտոնական արձանագրությունների մեջ: «Ազգային Միաբանություն կուսակցության» ԼԾ Միայն մեծ ճշմարտությունների հաղթանակի շնորհիվ է գալիս մեծ ուղեղների ժամանակը Պարո՛ն նախագահ, հարգելի՛ ամերիկացի գործընկերներ: Նախեւառաջ թույլ տվեք շնորհավորել Ձեզ եւ ի դեմս Ձեզ՝ ամերիկյան ժողովրդին նշանակալից տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ եւ ցանկանալ բարիք ու բարգավաճում ամերիկյան յուրաքանչյուր ընտանիքի: Հարգելի՛ գործընկերներ, ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի բացմանը՝ ԱՄՆ պետքարտուղար դոկտոր Կոնդոլիզա Ռայսը պատկերավոր նշեց. «Մենք ապրում ենք պատմական մեծ փոփոխություններ: Այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում, այսօր դառնում է անխուսափելի»: Ակամայից հարց է առաջանում, իսկ միգուցե մեր աչքի առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա տեղի ունեցող հենց այդ անդառնալի փոփոխություններն էր կանխատեսում ԱՄՆ նախագահ Ջերալդ Ֆորդը, երբ, ի հեճուկս իր մերձավոր շրջապատի քաղաքական բազմաթիվ գործիչների համառ հորդորների, 1975թ. օգոստոսին իր ստորագրությունը դրեց այժմ արդեն պատմական դարձած՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության պայմանագրի Եզրափակիչ ակտի տակ: Ավելին, իր հասցեին հնչած հանդիմանություններին ի պատասխան, նա դեռեւս պատմական այդ տարում իր ընդդիմախոսներին ասաց. «Պատմությունը մեզ կդատի ոչ թե այն խոստումների համար, որոնք մենք անում ենք, այլ այն խոստումների համար, որոնց մենք տեր ենք կանգնում եւ կատարում ենք»: Մենք էլ մեզ հարց տանք. իսկ ինչպե՞ս կգնահատեն ապագա սերունդներն ընդունող կողմի փայլուն կազմակերպած այս նստաշրջանում մեր՝ Ձեզ հետ կատարած աշխատանքը, ասենք, 2035 թվականին: Հնարավորություն ունի՞ արդյոք ներկայիս Խորհրդարանական վեհաժողովը դառնալ նույնպիսի նշանակալից շրջադարձային փուլ գլոբալիզացվող աշխարհում, ինչպիսին Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության Հելսինկյան վեհաժողովն էր 1975 թվականին: Մենք ոչ միայն իրավասու ենք, այլեւ ուղղակի պարտավոր ենք մեր առջեւ դնել նման բախտորոշ խնդիրներ: Եվ մեր ուժերից վեր չի լինի այդ խնդիրների լուծումը, եթե կարողանանք անաչառ վերլուծել, թե մեր օրերում ինչ է կատարվում ԵԱՀԿ ողջ տարածքում: Հարգելի՛ գործընկերներ, կարծում եմ, Դուք չեք վիճարկի այն փաստը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ահա արդեն 15 տարի անընդմեջ միջազգային քաղաքական-իրավական եւ ոչ մի հեղինակավոր համաժողով չի անցնում առանց Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Մերձդնեստրովիեում ստեղծված իրավիճակների կարգավորման խնդիրները քննարկելու: Որպես կանոն, այդ համաժողովներում բարձրացվում են Ռուսաստանի համար ցավոտ հարցեր, որոնք վերաբերում են Մերձբալթյան հանրապետություններում ռուսալեզու ազգաբնակչության քաղաքական իրավունքների սահմանափակմանը, այնպես, ինչպես ոչ վաղ անցյալից եկող բարոյական-իրավական բնույթի հարցեր, որոնք բարձրացվում են Մերձբալթյան հանրապետությունների ներկայացուցիչների կողմից Ռուսաստանի Դաշնության առջեւ: Ցավոք, թվարկվածով չի սպառվում եվրոպական մայրցամաքի, ԱՄՆ-ի եւ Կանադայի ժողովուրդներին հուզող սուր խնդիրների ցանկը: Կրքերը չեն մարում Կիպրոսի Հանրապետության շուրջ, բոլորիս անհանգստացնում է սերբ ազգաբնակչության ճակատագիրը, ինչպես նաեւ Կոսովոն ամբողջությամբ: Ինչո՞ւ այս խնդիրները, այս հակամարտությունները խաղաղ հանգուցալուծում չեն ստանում: Ո՞րն է պատճառը. միջազգային իրավունքի ինստիտուտների ճգնաժա՞մը, միջազգային կազմակերպությունների գործունեության անկատարությո՞ւնը, թե՞ աշխարհի առաջատար երկրների եւ դրանց քաղաքական գործիչների մոտ բարի կամքի բացակայությունն այդ արյունոտ համակարտությունների խաղաղ լուծման գործում: Կարծում եմ՝ ոչ: Հայաստանի օրինակի վրա փորձենք իմաստավորել, որոնք են աշխարհի գլոբալիզացմանն ուղեկցող, ավելի ճիշտ՝ դրա հետեւանքներից մեկը հանդիսացող այդ նոր մարտահրավերների հաղթահարման հարցում քաղաքական գործիչների ոչ համարժեք գործողությունների իրական դրդապատճառները: Հայաստանի օրինակը մեր վերլուծության մեջ խիստ հատկանշական է: Հին դարերում Հայաստանը ոչ միայն հելլենիստական-հռոմեական քաղաքակրթությունների արժեքների կրողն էր, այլեւ, միաժամանակ, դրանց ակտիվ տարածողը Առաջավոր Ասիայում: Այդ պատճառով՝ պատմական ճակատագրի կամոք, իմ հայրենիքը դարեր շարունակ ներգրավված է եղել Պարսկաստանի, Հունաստանի, Հռոմեական եւ Բյուզանդական կայսրությունների միջքաղաքակրթական բախումների մեջ: Հայաստանը բազմիցս հայտնվել է արաբա-մահմեդական եւ քրիստոնեական պատերազմների էպիկենտրոնում: Ի հպարտություն հայերիս՝ Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում միշտ հավատարիմ է մնացել քրիստոնեական արժեքներին եւ խորապես օրինաչափ է, որ 301թ. աշխարհում առաջինը հենց նա հայտարարեց քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու մասին: Եվ մի վերին իմաստ կա այն բանում, որ, բազմիցս ենթարկվելով ռազմատենչ հարեւանների ավերիչ արշավանքներին, հարյուրամյակներ զրկված լինելով պետականությունից, հայերը՝ նույնիսկ ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի տակ, այդպես էլ չենթարկվեցին ասիմիլյացիայի: Հայկական քաղաքակրթությունը վերապրեցին Բաբելոնն ու Ասորեստանը, Հռոմեական եւ Բյուզանդական կայսրությունները, Արաբական խալիֆաթը եւ Օսմանյան կայսրությունը: Ավելին, այն Օսմանյան կայսրության հոգեվարքի տարիներին իրականացված մարդատյաց վայրագությունների վկան ու մեղադրողը դարձավ: Եվ մեծ խորհուրդ կա այն բանում, որ Բիբլիական Արարատի նախալեռներում եւ դաշտավայրերում իր պատմական հայրենիքի մեկ տասներորդ մասի վրա՝ անկախ Հայաստանի Հանրապետությունում, շարունակում է արարել հայ ժողովուրդը: Մեզ՝ հնագույն քաղաքակրթությունների հիշատակը կրողներիս, առավել զգաստացնում են Հարավային Կովկասի տարածաշրջանում մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունները: Հայաստանի Հանրապետությունը լուրջ վտանգի է ենթարկվում: Եթե ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Եվրամիության առաջատար պետությունները գործուն քայլեր չձեռնարկեն, ապա մեր տարածաշրջանը կրկին կարող է դառնալ ռազմական լուրջ հակամարտությունների թատերաբեմ՝ միջքաղաքակրթական վտանգավոր բախման վերաճելու սպառնալիքով: Եվ ասվածն իրավիճակի դրամատիզացում չէ: Միասին վերլուծենք՝ ինչպիսի՞ վտանգներ են դարանակալել Հայաստանին եւ տարածաշրջանի երկրներին: Հարգելի՛ գործընկերներ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը օպերատիվ, երբեմն էլ անձնանվեր է արձագանքում իր տարածքում առաջացած ռազմական, իրավական, հումանիտար մարտահրավերներին: Այս առումով տագնապ, երբեմն էլ տարակուսանք է հարուցում այն, թե ինչո՞ւ անցած 15 տարիների ընթացքում ԵԱՀԿ-ն ոչ մի կերպ չարձագանքեց Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրագործվող տնտեսական դաժան շրջափակմանը: Ավելին, հենց նրանք են նախաձեռնում եւ իրագործում Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային խոշորամասշտաբ տնտեսական ծրագրերից, լինի դա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, թե Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակներում կառուցվող եւ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանը Իրանին միացնող երկաթգիծը: Ադրբեջանը եւ Թուրքիան միանգամայն հստակ խնդիր են դրել՝ արյունաքամ անել Հայաստանի տնտեսությունը, այն ամբողջովին մեկուսացնել Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տնտեսական տարածք՝ հնարավոր ինտեգրումից: Նրանց հաշվարկը նենգ ու պարզ է. չէ՞ որ Հայաստանը տարեկան ավելի քան 12 մլրդ դոլար է կորցնում միայն հաղորդակցության ուղիների շրջափակումից: Ցավ է պատճառում այն, որ վերը նշված ծրագրերի հիմնական ներդրողները ԵԱՀԿ անդամ-պետություններն են: Ահա այսպիսին է տնտեսական եւ ֆինանսական այն գինը, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն վճարել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Ազատության եւ Ժողովրդավարության գաղափարների հետեւորդը լինելու համար: Բայց կան նաեւ գնահատման չենթարկվող, հազարավոր ղարաբաղցիների կյանքի անդառնալի կորուստներ: Դրությունն էլ ավելի է բարդանում այն պատճառով, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ առաջարկություններն ի սկզբանե իրենց մեջ պայթուցիկ ուժի այնպիսի լիցք են պարունակում, որ այն գործի դնելու դեպքում կարող է ապակայունացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում: Ասվածը չափազանցություն չէ, այլ եզրակացություն է, որին անխուսափելիորեն հանգում ես, երբ աշխատում ես վերաիմաստավորել վերը նշված առաջարկությունների փիլիսոփայությունը: Խորանալով դրա մեջ՝ մտովի տեղափոխվում ես ժամանակակից մարդկային քաղաքակրթության համար բախտորոշ մի ժամանակաշրջան՝ մեր թվարկության սկիզբը: Դատում են Հիսուս Քրիստոսին: Մեղադրողն ու գլխավոր դատավորը միեւնույն դեմքն է՝ Կայիափա քահանայապետը: Նրա մեղադրանքն այն էր, որ ժողովուրդը հավատաց Քրիստոսին եւ գնալու է նրա հետեւից: Իսկ հավատալով Քրիստոսին, ժողովուրդն այլեւս չի ենթարկվի հռոմեական օրենքներին եւ Հրեաստանի հռոմեացի պրոկուրատոր Պոնտ Պիղատոսին ու կապստամբի կայսեր եւ Հռոմի դեմ: Այնուհետեւ հռոմեական երկաթյա լեգեոններն այդ ապստամբությունը կխեղդեն ապստամբների արյան մեջ: Կայիափայի փաստարկներն ընդունվեցին, Քրիստոսին խաչեցին… Սակայն ապստամբությունից խուսափել այդպես էլ չհաջողվեց, եւ Հրեաստանում հազարավոր մարդկանց արյուն թափվեց, մարդիկ, որոնց մեղքը միայն այն էր, որ ցանկանում էին ապրել ազատության եւ անկախության մեջ: Ահա եւ այժմ, մտածում են եւ հույս ունեն, որ Ղարաբաղի ոչ մեծաթիվ, բայց հպարտ ժողովրդի կյանքի գնով կկարողանան կայուն եւ հարատեւ խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում: Այո՛, ես չսխալվեցի՝ ասելով կյանքի գնով: Ժողովուրդ, որն արդեն 15 տարի է՝ ինչ ճաշակում է ժողովրդավարության եւ անկախության քաղցրությունը, ոչինչ չի խնայի դրանք պահպանելու համար: Կարեւոր է հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծված չլինելն ամենեւին հետեւանքը չէ բարի կամքի բացակայության՝ հակամարտող կողմերի, առավել եւս՝ ԵԱՀԿ միջնորդական առաքելության՝ Մինսկի խմբի մոտ: Խնդիրը քաղաքականության եւ քաղաքագետների մեջ չէ: Այն շատ ավելի խորն է՝ փիլիսոփայության եւ մեր քրիստոնեական ինքնագիտակցության մեջ է: Չէ՞ որ քահանայապետ Կայիափան անկեղծ էր, երբ մտածում եւ հույս ուներ, որ Հիսուս Քրիստոսի՝ մի մարդու կյանքի գնով կարելի է փրկել մի ողջ ժողովուրդ: Դա նրա համոզմունքն էր: Նրան իսկապես թվում էր, որ հանուն իր ժողովրդի փրկության, հարկ է Քրիստոսի կյանքը դնել զոհասեղանին: Իսկ մեր՝ հայկական քրիստոնեական կենսափիլիսոփայությունը հիմնվում է քրիստոնեության այն հիմնարար դրույթի վրա, որն անառարկելիորեն հավաստում է, որ յուրաքանչյուր, առանձին վերցրած մարդու կյանքն անկրկնելի եւ անգին է: Պայքար մարդկային յուրաքանչյուր կյանքի համար, նրա ազատության եւ անկախության գաղափարների պաշտպանության համար՝ ահա սա է մարդկության փրկության միակ ուղին: Եվ միայն այդ ճանապարհով կարելի է պահպանել համամարդկային մեր քաղաքակրթությունը գլոբալիզացիայի մարտահրավերների հետ մեծ հակամարտություններում: Կկարողանա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ժամանակակից քաղաքակրթությունների համար գտնել փիլիսոփայական համարժեք ընդունելի բացատրություններ՝ կնշանակի քաղաքակրթությունների միջեւ երկխոսության հաջողության հույսերը իրական ուրվագծեր կստանան: Եվ հակամարտությունների հաղթահարման գործում քաղաքական գործիչների հաջողությունը երաշխավորված եւ ուղղակիորեն կախված կլինի նրանց արհեստավարժության աստիճանից: Չկարողանանք անել այս ամենը, ապա արդեն այսօր պետք է հաշտվենք այն բանի հետ, որ սերունդները մեր մասին կդատեն՝ վերհիշելով մեծն քարոզիչ Էկլեզիաստի ասույթը. «Ամենն ունայնություն է, ունայնություն, ունայնության ունայնություն եւ ոգու չարչարանք»: Իսկ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների ելույթները՝ պատմական, նույնիսկ ամենակարճ հեռանկարում, չեն ավելացնի նրանց ոչ պատիվը, ոչ էլ փառքը: Չէ որ մեզանից առաջ եղել է հռետոր եւ փիլիսոփա մեծն Ցիցերոնը, որը հնչեցրել է հունա-հռոմեական անմահ փիլիսոփայությունը: Ժամանակն է, որ բոլորը հասկանան, որ «ՄԻԱՅՆ ՄԵԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇՆՈՐՀԻՎ Է ԳԱԼԻՍ ՄԵԾ ՈՒՂԵՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ», որոնք ի զորու են հաղթահարել երրորդ հազարամյակի նոր մարտահրավերները: ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ Վաշինգթոն, ԱՄՆ, 4 հուլիսի 2005թ.R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել