Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն չեղյալ համարեց իր նախկին որոշումը

Հուլիս 15,2005 00:00

ԿԸՀ-ն չեղյալ համարեց իր նախկին որոշումը Տեղի կունենա ընտրատարածքների նոր վերաձեւում Երեկ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր հերթական նիստը գումարեց՝ «սրբագրելու» համար դեռ անցյալ շաբաթ ընդունած իր իսկ որոշումը՝ «ԱԺ մեծամասնական ընտրատարածքներ կազմավորելու, ընտրատարածքները համարակալելու եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գտնվելու վայրերը սահմանելու մասին»: Հիշեցնենք, որ արդեն ուժի մեջ մտած «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն, ՀՀ-ում նախկինում եղած 56 ընտրատարածքները պակասել են եւ դարձել 41: Բայց քանի որ «ՀՀ իրավական ակտերի մասին օրենքի» համաձայն, ՀՀ ԿԸՀ որոշումներն ուժի մեջ մտնելուց առաջ ենթակա են արդարադատության նախարարության վավերացմանը, հիշյալ նախարարության փորձաքննությունը ԿԸՀ որոշման մեջ մի վրիպակ հայտնաբերելով՝ որոշումը վերադարձրել էր ԿԸՀ-ին: Վերջինս իր «տարած ու ետ բերած» որոշումը ուսումնասիրելիս ի հայտ էր բերել եւս 3-4 տեխնիկական վրիպակներ: Ասենք, քարտեզում եղած որոշ համայնքներ դուրս էին մնացել ընտրատարածքի նկարագրությունից եւ այլն: Երեկ ԿԸՀ-ն նախ չեղյալ համարեց անցյալ շաբաթ կայացրած իր որոշումը եւ ընդունեց համանուն մի նոր որոշում՝ ճշգրտելով ընտրատարածքների նկարագրությունն ու համարակալումը: Ըստ էության, երեկ ԿԸՀ-ն քննարկեց ընտրատարածքների ձեւավորման միանգամայն նոր նախագիծ եւ նոր նկարագրություն: Ահավասիկ այս հարցի քննարկումը դարձյալ բանավեճի առարկա դարձավ, որովհետեւ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը դարձյալ հայտարարեց, որ այդ ամենը կատարվում է ընտրատարածքները ոմանց հարմարեցնելու նպատակով: Կարծիք կար, թե առնվազն 20 ընտրատարածքներում «Ընտրական օրենսգրքի» պահանջի խախտում է տեղի ունեցել, մասնավորապես՝ ընտրատարածքներում ընտրողների թիվը գերազանցում է թույլատրելի շեղումները: Ֆ. Խաչատրյանը նաեւ առաջարկեց Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքի նկարագրից հանել տեղ գտած այնպիսի անհեթեթություն, ինչպիսին է Փափազյան փողոցի 26 շենքի, Քոչարի 12, 14 եւ 14/1 շենքերի եւ այլ շենքերի դուրսբերումը: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն էլ այդ առաջարկը հակադարձեց նրանով, որ Ֆ. Խաչատրյանից պահանջեց դրա փոխարեն ներկայացնել սեփական եւ ավելի տրամաբանական տարբերակ, որն այդ պահին պարոն Խաչատրյանը, թերեւս, չուներ: ԿԸՀ-ում, իհարկե, Ֆ. Խաչատրյանի առաջարկը չընդունվեց, որովհետեւ քվեարկությունը չկայացավ անհրաժեշտ թվով ձայների բացակայության պատճառով: Ի պատասխան «Նոյյան տապանի» թղթակցի հարցին՝ ԿԸՀ նախագահը վստահեցրեց, որ քվեարկված որոշման նոր տարբերակին ԱԺ-ում, կառավարությունում եւ ՀՀ նախագահի աշխատակազմում առայժմ ծանոթ չեն, եւ բոլոր փոփոխություններն իրականացվել են հանձնաժողովականների կողմից՝ առանց դրսից որեւէ միջամտության: ԿԸՀ երեկ կայացրած որոշումը դարձյալ կներկայացվի ՀՀ արդարադատության նախարարության փորձաքննությանն ու հաստատմանը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել