Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանները

Օգոստոս 04,2005 00:00

Դեսպանները գոհ են փոփոխություններից «Սահմանադրական փոփոխությունների վերանայված նախագիծը զգալիորեն բարելավված է նախորդ տարբերակի համեմատությամբ եւ լավ հիմք կհանդիսանա Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության երաշխիքների ապահովման համար»,- նշված է Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ: Այդ եզրակացությունից երեկ մեջբերումներ են արվել ՀՀ Սահմանադրության նոր խմբագրության պատրաստման գործընթացին նվիրված մամլո ասուլիսում, որը կազմակերպել էին Եվրամիության եւ ԵԱՀԿ Հայաստանի ներկայացուցչությունները, ԱՄՆ-ի եւ ԵՄ ներկայիս նախագահող երկրի՝ Մեծ Բրիտանիայի դեսպանությունները: Ըստ «Նոյյան Տապանի», Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոթ-Ուոթը հույս է հայտնել, որ այսօրվա նախագիծը Հայաստանը կմոտեցնի ժողովրդավարական արժեքներին եւ կնպաստի Եվրոպային Հայաստանի ինտեգրացման գործընթացին: «Մենք համաձայն ենք հանձնաժողովի փորձագետների այն մեկնաբանություններին, որ հայ ժողովուրդը պետք է ինքը լուծի, թե հատկապես ինչպիսի Սահմանադրություն է իրեն պետք»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ ընդգծելով սահմանադրական փոփոխությունների քննարկման գործընթացում բոլոր քաղաքական ուժերի ներգրավված լինելու անհրաժեշտությունը: «Եթե դուք խաղին չեք մասնակցում, չեք կարողանա շահել այն»,- նշել է Թորդա Էբբոթ-Ուոթը: ՀՀ-ում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Էնտոնի Գոդֆրին անդրադառնալով այն հարցադրմանը, թե որքանով կարող է փոփոխությունների նախագիծը երաշխիք լինել ընտրությունները չկեղծելու եւ մարդու իրավունքների խախտումներից ձեռնպահ մնալու իմաստով, ամերիկացի դիվանագետը պատասխանել է. «Ոչ մի երաշխիք չկա, որ հետագայում չեն լինի կեղծիքներ եւ մարդու իրավունքների խախտումներ: Սակայն այս նախագիծը մի քայլ առաջ է, եւ մենք այն պաշտպանում ենք»: Անդրադառնալով ՀՀ կառավարող կոալիցիայի ներկայացրած նախագծի նկատմամբ արեւմտյան հաստատությունների բարյացակամ վերաբերմունքի եւ ղարաբաղյան հարցում հայկական իշխանությունների կողմից սպասվող զիջումների միջեւ հնարավոր կապին՝ Է. Գոդֆրին ասել է. «Պետք չէ այդ հարցերը կապել այլ խնդիրների հետ, այդ թվում եւ հակամարտության հետ: Նոր նախագիծը Հայաստանի համար խաղի կանոնները բարելավելու հնարավորություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել