Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՉՀԱՆԳՍՏԱՆԱԼԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Օգոստոս 10,2005 00:00

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՉՀԱՆԳՍՏԱՆԱԼԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈ՞ՒՆ Է Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներքին հրահանգ է տվել կառավարության անդամներին, փոխնախարարներին (որոշ տվյալներով՝ նաեւ վարչությունների պետերին) արձակուրդը չանցկացնել Թուրքիայում: Կառավարության լրատվական ծառայության ղեկավար Մերի Հարությունյանը՝ մեր խնդրանքին ի պատասխան, մեկնաբանելով վարչապետի վերոնշյալ հրահանգի մոտիվներն ու տրամաբանությունը, պատասխանեց. «Ում նման հրահանգ տրվել է, եթե կա մեկը, ով կստորագրի իր ասածի տակ, թող նա էլ մեկնաբանի, թե ինչ պարագաներում եւ ինչ նպատակով է ասվել: Ես իրավասու չեմ մամուլին հասցնել ներքին հրահանգները»: Ամենաազդեցիկ համարվող նախարարներ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը թերեւս առաջիններից մեկն են լսել վարչապետի որոշումն ու շտապել մեկնել հանգստանալու Եվրոպա: Իսկ նրանք, ում հետ զրուցեցինք, կա՛մ ամոթխածորեն հաստատում էին հրահանգի իսկությունը՝ անմիջապես խնդրելով չհրապարակել իրենց անունները, կա՛մ պնդում, թե նման բան առաջին անգամ մեզնից են լսում, ինչպես, օրինակ՝ Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանը: Վարչապետի որոշման նման չհիմնավորված կոնսպիրացիան անհասկանալի էր, քանի որ եթե նման ոչ պաշտոնական որոշում կայացվել է, պիտի որ այն ունենար իր տրամաբանությունը: Վստահ ենք, որ մեր չինովնիկները պատրաստ են անվերապահորեն կատարել վերադասի բոլոր՝ անգամ իրավական հիմք չունեցող եւ, ըստ այդմ, կամայական որոշումները: Իսկ այն, որ նման որոշումը ոչ մի իրավական հիմք չունի, հաստատեց նաեւ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, որն, ի դեպ, որոշման մասին չէր էլ լսել: Թե ներքին կամ արտաքին անվտանգության ինչ խնդիրներ է հետապնդում վարչապետի այս արգելքը, որ պաշտոնական տեղեկատվությունը նախընտրում է լռել, անհայտ է: Եթե վարչապետը Թուրքիայում հայաստանցիներին սպառնացող վտանգի մասին ինչ-ինչ տեղեկատվություն ունի, ինչո՞ւ խորհուրդ չի տալիս Թուրքիա չմեկնել նաեւ հասարակ քաղաքացիներին: Կառավարությունում երկու նախարար ունեցող ՀՅԴ-ի անդամ Սպարտակ Սեյրանյանը ներկայացրեց վարչապետի որոշման հանդեպ Դաշնակցության դիրքորոշումը. «Մեր նախարարները երբեւէ Անթալիայում կամ Թուրքիայի որեւէ այլ վայրում չեն հանգստացել: Դաշնակցությունը վարչապետի նման որոշումը կարող է միայն ողջունել, քանի որ պետք չէ, որ հայաստանցիները՝ անկախ նրանից՝ նախարար են, թե հասարակ քաղաքացի, հարստացնեն թշնամի երկրի բյուջեն: Սա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու գիտակցական խնդիրն է»: Թուրքիայում մեր պետական բարձրաստիճան չինովնիկների չհանգստանալու՝ վարչապետի հորդորն այլ կերպ մեկնաբանեց ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը. «Կարծում եմ՝ Թուրքիայում տեղի ունեցած վերջին պայթյունները վկայությունն են այն բանի, որ վարչապետի նախազգուշացումը ճիշտ էր»: Այսինքն՝ վարչապետի հրահանգը զուտ պետական չինովնիկների կյանքի անվտանգությա՞ն խնդիր է հետապնդում. «Կրկնում եմ, որ վարչապետի նախազգուշացումը տեղին էր»: Պարոն Թորոսյանը նաեւ նկատեց, որ հասարակ քաղաքացիների անվտանգությունը եւս վարչապետի հոգածության առարկան է, սակայն որոշումով արգելել նրանց Թուրքիա մեկնել՝ հնարավոր չէ: Իսկ ընդհանրապես ՀՀ քանի՞ քաղաքացի է գերադասում իր հանգիստն անցկացնել Թուրքիայում՝ այս մասին վիճակագրությունը լռում է: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության վճարային բաժնի հաշվեկշռի եւ արտաքին առեւտրի վիճակագրական բաժնի պետ Ալեքսանդր Պետրոսյանի՝ Թուրքիայում հանգստացող Հայաստանի քաղաքացիների տոկոսի վիճակագրական պատկերն իրենք չունեն, քանի որ նախ՝ միջոցներ չկան նման հաշվարկներ անելու եւ երկրորդ՝ տուրիստական գործակալությունների տված տեղեկությունները խիստ փոքրացված են եւ կիսատ-պռատ: Օրինակ՝ ըստ այդ կիսատ-պռատ եւ, փաստորեն, ոչ վերջնական տվյալների՝ եռամսյակում Թուրքիա է մեկնում 1000-ից 1500 ՀՀ քաղաքացի, ինչն, ըստ պարոն Պետրոսյանի՝ խիստ փոքրացված թիվ է (ի դեպ, Անթալիայում մեկ հոգու մեկշաբաթյա հանգիստն արժե 1200-ից 1700 դոլար՝ ներառյալ ուղեվարձը): Բոլոր դեպքերում պաշտոնական եւ ոչ պաշտոնական տեղեկությունները ցույց են տալիս հետեւյալ պատկերը՝ մեր պետական ամենաբարձրաստիճան չինովնիկները գերադասում են հանգստանալ Եվրոպայում: Օլիգարխների մի մասը ամռանը մեկնում է Արաբական Էմիրություններ: Կարճ ասած, նախապատվությունը եթե Թուրքիային չի տրվում, չի տրվում նաեւ Հայաստանին: Իսկ վարչապետի հրահանգը իր նպատակին կծառայեր թերեւս այն դեպքում, եթե բոլոր չինովնիկներին վարչապետը ներքին հրահանգով ստիպեր հանգստանալ միայն Հայաստանում: Այդ դեպքում մեր պաշտոնյաներն ու օլիգարխները կհարստացնեին հարազատ երկրի (մասնավորապես՝ հայաստանյան խաղատների) բյուջեն: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել