Լրահոս
Օրվա լրահոսը

«Հսկենք8211չհսկենք՝ անտառը կտրում են»

Օգոստոս 30,2005 00:00

«Հսկենք8211չհսկենք՝ անտառը կտրում են» Արդարանում են բնապահպանները «Անտառը հսկվում է գիշեր-ցերեկ, բոլոր ահազանգերին շտապ արձագանքում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց բնապահպանության նախարարության Բնապահպանական տեսչության Լոռու տարածքային բաժնի ավագ տեսուչ Սամվել Կոծինյանը: Շուրջօրյա հսկողության մասին նրա հավաստիացումները հօդս ցնդեցին, երբ օգոստոսի 19-ին Լոռու Փամբակ գյուղը շրջապատող անտառում ականատես եղանք կտրված ծառերով բեռնված ավտոմեքենայի: Ավտոմեքենան չուներ պետհամարանիշ: Մինչեւ ժամը 21-ը մեքենան սպասում էր ինչ-որ մեկին, հավանաբար՝ տիրոջը: Մութն ընկավ, հեռվից լսելի դարձավ մեկ ուրիշ ավտոմեքենայի ձայնը: Ավտոմեքենաների ձայները լսվում էին ողջ գիշեր: «Անհատը կարող է գնալ անտառտնտեսություն, փող վճարել ու վառելափայտ տեղափոխել: Փայտով բեռնված ավտոմեքենան դեռեւս չի վկայում անօրինական հատման կամ էլ անօրինական տեղափոխման մասին»,- մեր տեսածը պարզաբանեց Սամվել Կոծինյանը: Իսկ որ մեքենաները առանց պետհամարանիշի՞ են: «Դա արդեն ապօրինի շահագործվող մեքենա է: Դա այլ խնդիր է: Բացթողնման անդորրագիրը տրվում է այն ժամանակ, երբ մեքենան բարձված է: Գիտեն, չէ՞, թե որ մեքենան են բարձել»,- այս մեկնաբանությունն էլ տեսչության Լոռու տարածքային բաժնի պետ Արամ Գրիգորյանինն էր: Այնինչ, եթե ապօրինի շահագործվող մեքենա է, նշանակում է դրանով փայտանյութ տեղափոխելու թույլտվությունն օրինական չէ: Անտառից փայտ տեղափոխելու թույլտվությունը ենթադրում է ձեռքի տակ ունենալ անդորրագիր, որտեղ նշվում են տեղափոխողի անուն-ազգանունը, տեղափոխվող փայտանյութի քանակն ու տեղափոխող մեքենայի պետհամարանիշը: Այս պայմաններից մեկը խախտելու դեպքում անտառապետը կամ էլ Բնապահպանական տեսչությունը պարտավոր են ակտավորել օրինախախտին: Մյուս կողմից, փայտանյութ տեղափոխողին տրվում է մեկ օր՝ այն անտառից դուրս բերելու համար, հակառակ դեպքում նա պետք է հիմնավորի հետաձգման պատճառները, ապացուցի, թե ինչու են փայտը տեղափոխել այլ ավտոմեքենա: «Անկառավարելի վիճակ է: Ինչ մեքենա էլ լինի, հնարավոր չէ հսկել»,- անտառը պահպանելու դժվարությունների մասին պատմում է «Գուգարքի անտառտնտեսություն» դուստր ՓԲԸ տնօրեն Էդմոն Ղարաքեշիշյանը: Նրա ղեկավարած անտառտնտեսությունն է պատասխանատու Փամբակի, ինչպես նաեւ Շիրակի մարզից Վանաձորով մինչեւ Դսեղ ընկած տարածքի անտառների պաշտպանության ու պահպանման համար: Ավելի քան 28.000 հա մակերես ունեցող Գուգարքի անտառը պահպանում են 7 անտառապետություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անտառապետը: Անտառապետությունն իր հերթին բաժանվում է պահաբաժինների՝ իր անտառապահներով, որոնցից ամեն մեկը հսկում է 450-500 հա տարածք: Ըստ մեր զրուցակցի, այդչափ ահռելի տարածքը հսկել առանց տեխնիկական հնարավորությունների, կապի միջոցների ու մի անտառապահով՝ հնարավոր չէ: Այնուամենայնիվ, վերջին տարիներին ապօրինի անտառահատման ծավալները նվազել են: Միայն Գուգարքի անտառում անցյալ տարի հայտնաբերվել է մոտ 350 օրինախախտ, որոնց մի մասի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, մի մասն էլ տուգանվել է 50.000-70.000 դրամի չափով: Այս տարի Բնապահպանական տեսչության Լոռու տարածքային բաժինը ակտավորել է 150 օրինախախտի: Սակայն դա ամենեւին չի կանգնեցնում անտառը հատողներին: ՆԱԻՐԱ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ, www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել