Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոկա-կոլան» տուգանվեց $100000-ով

Սեպտեմբեր 15,2005 00:00

«Կոկա-կոլան» տուգանվեց $100000-ով «Պեպսի-կոլայի» սառնարանների դեմ պայքարելու համար Երեկ, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ, «Կոկա-կոլա Հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ընկերությունը գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանվեց գազավորված, քաղցրացված ըմպելիքների իրացումից ստացված նախորդ տարվա հասույթի 1 %-ի չափով: Հիշեցնենք, որ խոսքը, Panorama.am ինֆորմացիոն կենտրոնի տվյալներով, շուրջ $100000 մասին է: Հանձնաժողովը նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով մի շարք տնտեսվարող սուբյեկտների բողոքներն առ այն, որ «Կոկա-կոլա» ընկերությունն իրենցից պահանջել է կամ հրաժարվել «Պեպսի-կոլայի» սառնարանները տեղադրելուց, կամ վերադարձնել «Կոկա-կոլայի» լոգոտիպով սառնարանները: Բացի տնտեսվարող սուբյեկտներից, բողոքող կողմ է հանդիսանում նաեւ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը, որը Հայաստանում «Պեպսի-կոլայի» բացառիկ ներկայացուցիչն ու միակ ներմուծողն է: «Ջերմուկ Գրուպի» ներկայացուցիչ Էդգար Ղազարյանի հավաստմամբ՝ «որոշ դեպքերում տնտեսվարողներից պահանջել են հրաժարվել ոչ միայն «Պեպսիի», այլեւ իրենց ընկերության սառնարաններից»: Պարոն Ղազարյանը խոստովանեց, որ չնայած «Կոկա-կոլայի» վարած մրցակցային կոշտ քաղաքականությանը, մինչ օրս հաջողվել է շրջանցել մրցակցի առաջարկած առեւտրային պայմանները եւ առանց սառնարանների էլ իրացնել «Պեպսիի» զովացուցիչները: Այնուամենայնիվ, հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի խոսքերով՝ օրենքը թույլ չի տալիս «սարուձոր» ընկնել ու մեղմացնել հանգամանքները՝ «հայտնաբերեցիր խախտումը՝ պիտի տուգանես»: Նախ, չնայած այն հանգամանքին, որ հանրապետությունում իրացվում է հսկայական քանակությամբ «Կոկա-կոլայի» արտադրանք, ընկերության իրավաբան Արտաշես Կակոյանը փորձում էր համոզել, որ իրենք գերիշխող դիրք չունեն, առավել եւս՝ դրա չարաշահում թույլ չեն տվել: Բացի այդ, նա պահանջում էր հանձնաժողովից հիմք ընդունել «Գալգրուպի» եւ իրենց ընկերության միջեւ երկկողմանի ստորագրված պայմանագիրը, որի համաձայն՝ սառնարանը վերադարձվել է ոչ թե հուլիսի 3-ին, ինչպես նշված է հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթերում, այլ՝ հունիսի 17-ին: Պարոն Կակոյանի կռիվն այս դեպքում պատժաչափի համար էր, որովհետեւ, եթե որպես հիմք ընդունվեր հունիսի 17-ի ամսաթվով պայմանագիրը, կկիրառվեր նախկին օրենքը, որն այդքան խիստ պատժաչափ չի նախատեսում: Սակայն այդ պայմանագիրը չուներ կնիք, իսկ պարոն Շահնազարյանի խոսքերով՝ «մենք սրբությամբ ընդունել ենք «Կոլայի» պեչատը, եւ մեզ թույլ չենք էլ տա չհավատալ այդ փաստաթղթի իսկությանը»: Հետո պարոն Կակոյանը սկսեց կասկածել, որ փաստաթուղթը ստորագրած Ղ. Գալստյանը (ըստ հանձնաժողովի՝ «Գալգրուպի» տնօրեն Գալուստ Գալստյանի եղբայրը) առհասարակ «Գալգրուպի» ներկայացուցիչ է՝ «կարող ա հարեւան մի կրպակի աշխատակից ա, ի՞նչ իմանանք»: Հանձնաժողովի նախագահը այս հարցադրումների մասին ուներ իր հիմնավորումը. «Եթե դուք կնիք եք դնում ցանկացած հարեւան կրպակի աշխատակցի գրության վրա, դա արդեն ձեր խնդիրն ա»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930