Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ

Սեպտեմբեր 15,2005 00:00

«Ինչո՞ւ դարձա հաշմանդամ» Հրամանատարի տան քարերը հավաքելու ժամանակը Լեռնիկ Ռուբենյանը զինծառայության պարտականությունները կատարելիս 2000թ. նոյեմբերի 29-ին հաշմանդամ դարձավ: Նա իր գումարտակի 14 զինծառայողների հետ, շտաբի պետ Արայիկ Մանասյանի հանձնարարությամբ, Հադրութից 30 կմ հեռավորության վրա գտնվող Կարախանբեյլի քանդված հիվանդանոցի շենքից պետք է հավաքեին 1500 հատ շինարարական քար (բակինսկի կոչվող քարեր): Սակայն քարերը բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվեցին ոչ թե զորամաս, այլ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Կամո Աղաջանյանի Էդդիլու գյուղի տուն: Ռուբենյանը երկաթբետոնե սալիկի տակ է ընկնում, վնասում խնձորակը, ինչի հետեւանքով 14 անգամ վիրահատվում է: Ամիսներ շարունակ նա պառկեց Ստեփանակերտի հիվանդանոցում: Նշենք, որ Ռուբենյանին մնացել էր 1 օր, որ ավարտեր ծառայությունը: Հադրութի կայազորի զինվորական դատախազությունը Լեռնիկ Ռուբենյանին մարմնական վնասվածք ստանալու փաստով քրեական գործ հարուցելու վարույթը կարճեց եւ իր հիմնավորումները ներկայացրեց այսպես. «Լ. Ռուբենյանը իր նախաձեռնությամբ բարձրացել է կիսաքանդ հիվանդանոցի երկրորդ հարկ եւ սկսել քանդել պատը»: Նկատենք, որ 14 զինծառայողներից ոչ մեկին չեն ծանոթացրել անվտանգության տեխնիկայի կանոններին, եւ, բոլորը, այդ թվում՝ Ռուբենյանը, հրաման են կատարել: Այն, որ եղել է հրաման, պնդել է նաեւ վկա, շտաբի պետ, կապիտան Արայիկ Մանասյանը. «Զորամասի հրամանատարը կարգադրել է շուրջ 14 ժամկետային զինծառայողներին տանել Կարախանբեյլի գյուղ՝ քար հավաքելու»՝ զորամաս տեղափոխելու նպատակով: Հաշմանդամ զինծառայողը «պատճառված վնասը փոխհատուցելու մասին» պահանջով դիմում է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան՝ ակնկալելով, որ $7000 կբռնագանձվի հրամանատարից: Սակայն դատարանը մերժում է ընդունել հայցը, պատճառաբանելով, թե այն ընդդատյա չէ: Չնայած մենք գիտենք, որ ԼՂ զորամասային գործերը միշտ էլ քննության է դրվել այս՝ հատուկ նշանակությամբ գործող դատարանում: ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Լ. Ռուբենյանի, նկատելով, որ առկա են «քրեական գործ հարուցելու հիմքեր»: Սակայն դատարանը չկարողացավ պարզել, մասնավորապես, թե «զորամասի հրամանատարի մոտ պաշտոնեական դիրքը չարաշահելու դիտավորությունը ո՞ր պահից է առաջացել. քանդմա՞ն, քարահավաքի հրաման տալո՞ւ, թե՞ քանդված ու հավաքված քարերը զորամաս տեղափոխելուց հետո»: Սակայն հիշեցնենք, որ 25-ամյա երիտասարդը մինչ օրս քայլել չի կարողանում եւ հաշմանդամ է դարձել հրամանատարի տան համար քարեր հավաքելիս: «Այս դաժան ճակատագրին կարող էին արժանանալ զորամասի 15 անմեղ զինծառայողները, որոնք անուշադրության էին մատնվել հրամանատարի կողմից: Մենք իրավունք չունեինք հրամանը չկատարել, իսկ հրամանը կատարելու համար ենք բարձրացել շենքի երկրորդ հարկ»,- նշել էր մեկ այլ զորակոչիկ՝ Ալիկ Փաշոյանը, որը զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին բացատրություն էր ուղարկել, թե իր նախորդ բոլոր բացատրությունները Հադրութում՝ վերցվել են ստիպողաբար: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել