Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՍԵՐ

Սեպտեմբեր 15,2005 00:00

«ԴԱՍԵՐ ԱՌԵՔ ԹՈՒՐՔ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՑ» Հայ վերականգնողներին խորհուրդ է տալիս հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Այս օրերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ մեծ թափով ընթանում են Թուրքիայի տարածքում գտնվող Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Վերջերս Աղթամարի կղզի է այցելել նաեւ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, որը փոխանցեց մեզ իր տպավորությունները: – Ճի՞շտ է, որ 1000-ամյա այդ հուշարձանի վերականգնումը իրականացվում է այդ գործում անթույլատրելի նյութերի՝ տոլի, մազութի ու բետոնի օգտագործմամբ եւ, որոնց արդյունքում՝ որմնանկարները վնասվել են: – Որմնանկարներում, որոնք Առաքյալների պատկերներն են, իսկապես դեմքերի հատվածները քերվել են: Բայց դա եղել է տասնամյակներ առաջ, ճիշտ այն ժամանակ, երբ հայկական հուշարձանների նկատմամբ Թուրքիան նման քաղաքականություն էր իրականացնում: Հայկական հուշարձանները թիրախ էին զինավարժությունների ժամանակ, դրանք պայթեցվում էին, ավերվում: Նման ճակատագրի արժանացան շատ-շատերը, այդ թվում՝ Նարեկա վանքը, Բագրեւանդի սուրբ Հովհաննեսը եւ այլն: Այժմ ես գոհ եմ վերադարձել Թուրքիայից: Մեր վերականգնողները թող գնան այնտեղ դաս առնեն, թե ինչպես պետք է վերականգնել պատմական հուշարձանները: Թե չէ՝ Հայաստանի տարածքում Հուշարձանների պահպանության գլխավոր վարչությունը խորհրդային տարիներից առ այսօր ո՛ր հուշարձանը վերականգնել է՝ հիմա դրանց տանիքը ոչ թե կաթում, այլ չռռում է: Օրինակ՝ Գնդեվանքը 70-ականներին վերականգնվեց, ու ամիսներ անց, առաջին իսկ տեղումներից հետո 1000 տարվա վաղեմության որմնանկարը լվացվեց եւ անհետացավ: Կամ թեկուզ վերցնենք Օհանավանքը: Վերանորոգումից հետո եկեղեցու մեջ փոքրիկ լճակներ են առաջացել: Կարճ ասած՝ ցանկացած հուշարձան, որ վերականգնվել է ՀՀ տարածքում՝ այսօր վթարային վիճակում է եւ շուտափույթ օգնության կարիք ունի: – Իսկ Աղթամարի սուրբ Խաչը վերանորոգելիս արդյոք բուն նյութին հարազա՞տ են մնացել: Ըստ մեր տեղեկությունների, գավիթի տանիքը այժմ ծածկված է տոլով ու մազութով… – Գավիթի տանիքը եղել է հողածածկ, մեր նախնիները իմացել են, թե կավի ինչ քանակություն եւ ավազի ինչ շերտ օգտագործեն, որպեսզի հողածածկ տանիքները ջուր չանցկացնեն: Այժմ այդ տեխնիկան ժամանակակիցներիս հայտնի չէ: Հավանաբար թուրքերը ապահովության համար տոլ են օգտագործել, որ ջրահեռացումը 100%-անոց լինի, հետո երեւի հողածածկույթով կփակեն: Չմոռանանք, որ վերանորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել: – Իսկ ինչո՞ւ չեն թույլատրում զբոսաշրջիկներին հուշարձանը լուսանկարել մոտիկից: – Աղթամար կղզի ամեն կես ժամը մեկ մի նավակ է այցելում: Բնականաբար՝ շինհրապարակը պետք է մեկուսացվեր, թեկուզ առանձնացվեր փշալարով, ինչպես որ արված է: Այնպես որ, պետք չէ աղմուկ բարձրացնել, թե սրիկա թուրքերը ցանկապատ են դրել ու չեն թողնում գնանք-տեսնենք: – Իսկ որքանո՞վ է հավաստի այն տեղեկությունը, թե վերանորոգումը ընթանում է առանց հայկական կողմի եւ առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների մասնակցության: – Նկատենք, որ 4 ճարտարապետ է ընդգրկված վերանորոգման աշխատանքներում, որոնց մեջ ոչ մի թուրք չկա: Ճարտարապետներից 2-ը ազգությամբ հայ են, 2-ը՝ եվրոպացի, նաեւ 1 հայ հոգեւորական է կցված: Այնտեղ կատարվող աշխատանքները, օգտագործվող տեխնիկան, շինարարության որակը ինձ ուղղակի ապշեցնում են. իսկապես գիտական վերականգնում է ընթանում: Հուշարձանի արեւմտյան ճակատին ես միայն մեկ քար նկատեցի, որ սխալ էր դրված: Խաչաքանդակի մեջ ստորին խաչաթեւը պետք է ավելի երկար լիներ, քան վերինը, սակայն քարը 180 աստիճանով շրջված էր: Թուրքերին մեղադրելուց առաջ հիշենք, որ ունենք հայ հոգեւորական եւ 2 հայ ճարտարապետ, նրանք պարտավոր էին ուշադիր լինել: Մինչդեռ, իմ այնտեղ եղած ողջ ընթացքում, ես այդ հայերին այդպես էլ չտեսա: Ի վերջո, 1000 տարվա շինություն էր վերանորոգվում, բացառիկ առիթ էր ստեղծվել եվրոպական հովանավորությամբ Թուրքիայում վերականգնել հայկական հուշարձան, ինչո՞ւ տեղում չէին, էլ ինչո՞ւ են աշխատավարձ ստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ից ու թուրքական կառավարությունից: – Եկեղեցու ծագումը մատնանշող պաստառների վրա ուղղակիորեն նշված չէ վերջինիս հայկական լինելու մասին… – 2000-ին մետաղյա ցուցանակի վրա անգլերեն եւ թուրքերեն գրված էր, որ եկեղեցին կառուցվել է Վասպուրականի հայկական շրջանում, Մանվել քեշիշի (վարդպետի) կողմից: Մեր հոգեւորականներից շատերը հավանաբար չգիտեն, որ վարդպետ նշանակում է ճարտարապետ, ոչ թե վարդապետ: Երեւի թուրքերը նրանց հարցրել են վարդպետը ո՞րն է, նրանք էլ ասել են՝ վարդապետ, թուրքերն էլ գրել են քեշիշ Մանվել: Դա է սխալը: Մյուսը Վասպուրականին է վերաբերում… եկեք չմոռանանք, որ Գագիկ թագավորի օրոք Վասպուրականը հունական տիրապետության տակ էր եւ այդ է պատճառը, որ գրված է «Վասպուրականի հայկական շրջան»: Այսօր ասում ենք, վա՜յ վայրենի Թուրքիան…բայց նույն Թուրքիան 70 տարի ուղիղ կապի մեջ է եղել Եվրոպայի հետ, եւ այսօր նրա քաղաքակրթությունը ու ամեն ինչը Եվրոպա է հիշեցնում: Միշտ ասում ենք Ռուսաստանը լուսավո՜ր, ավագ եղբա՜յր եւ այլն, բայց իրականում Ռուսաստանն ավելի վայրենի երկիր է, քան Թուրքիան: Իսկ մեզ հասած եվրոպական քաղաքակրթության շորշոփները ռուսական պրիզմայով են անցել, դրա համար էլ հիմա էս օրին ենք: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ Հ. Գ. Նկատենք, որ Թուրքիան այսօր խնդիր ունի Եվրամիությանը անդամագրվելու, եւ հայկական հուշարձանների հանդեպ նրա բարյացակամությունը բխում է հենց այդ երկրի շահերից: Գուցե արժե, որ մենք էլ մեր շահը գիտակցենք եւ իրավիճակից օգտվենք՝ նպաստելով Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների վերականգնմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել