Լրահոս
Օրվա լրահոսը

Հայի կաթ կերած ամերիկաբնակ ռուսը

Սեպտեմբեր 15,2005 00:00

Հայի կաթ կերած ամերիկաբնակ ռուսը Հանրաճանաչ դերասան Առնոլդ Շվեցովը Հայաստանում է Երեկ Պատանի հանդիսատեսի թատրոնում «Արմմոնո» փառատոնի շրջանակներում Նյու Յորքի 78-րդ փողոցի թատրոնի լաբորատորիայի դերասան Առնոլդ Շվեցովը ներկայացրեց «Ծաղրածու Ֆորտինբրասի շքախմբի համար» պիեսը: Իսկ ներկայացումից առաջ ԱՄՆ դեսպանատանը կազմակերպվել էր նրա մամլո ասուլիսը: Ա. Շվեցովը նշեց, որ երբեք Հայաստանում չի եղել, սակայն իրեն այստեղ զգում է ինչպես հայրենիքում: Պարզվում է՝ նորածին Առնոլդին ծննդատան բուժաշխատողները թյուրիմացաբար հայ տղայի փոխարեն տարել են վերջինիս մոր մոտ: «Իսկ հայուհու որդուն՝ իմ մոր մոտ են տարել: Մայրս, ի տարբերություն հայուհու, իսկույն գլխի է ընկել, որ որդուն շփոթել են: Բայց ես արդեն կուշտ կերել էի հայ մայրիկի կաթը ու քնել»,- ժպտալով պատմեց դերասանը: Շվեցովն ավելացրեց, որ ամենուր բազմաթիվ հայ ընկերներ ունի. «Օրինակ, այստեղ ներկայացվող իմ պիեսը առաջարկել է բեմադրել մեր ընտանիքի բարեկամ, մոսկվաբնակ Լարիսա Դավթյանը»: Ըստ Շվեցովի՝ այս պիեսում Շեքսպիրը ներկայացվում է Անտոն Չեխովի աչքերով. «Բեմադրության գլխավոր նպատակն է Շեքսպիրին ներկայացնել Չեխովին հատուկ հումորով»: Մոսկվայում ծնված, ԱՄՆ-ում բնակվող Շվեցովը նաեւ բեմադրիչն է «Ծաղրածու Ֆորտինբրասի շքախմբի համար» պիեսի, որը ստեղծվել է Ա. Չեխովի ստեղծագործությունների մոտիվներով: Փառատոնի տնօրեն Հակոբ Ղազանչյանը փաստեց, որ ԱՄՆ դեսպանատունը «Արմմոնոյի» միակ «դիվանագիտական» աջակիցն է. «Տրամաբանորեն ճիշտ կլիներ, որ մեկ այլ դեսպանատուն մեզ աջակցեր: Վերջապես ողջ փառատոնի ընթացքում Շեքսպիր ենք ներկայացնում»: Հակոբ Ղազանչյանը, առիթից օգտվելով, անդրադարձավ նաեւ այսօրվա հայ թատրոնի խնդիրներին՝ նշելով, որ լավ ներկայացումներ բեմադրվում են, կառավարությունն էլ քիչ գումարներ չի հատկացնում: Նրա կարծիքով՝ հայաստանյան թատրոնները ամերիկյան խաղացանկային թատրոններից սովորելու շատ բան ունեն. «Մենք դեռ հին խորհրդային կարգով ենք աշխատում: Պետության հատկացրած գումարները անարդյունավետ ենք օգտագործում: Վատ դերասանին չենք կարող միանգամից, հանգիստ խղճով աշխատանքից ազատել, նա կարող է ասել, որ 60 տարի աշխատել է թատրոնում եւ այլն: Որոշ դեպքերում նույնիսկ անհրաժեշտ է ունենալ ամերիկյան սառնասրտություն»: Առնոլդ Շվեցովն էլ ավելացրեց, որ թատրոնի համար գումարի հայթայթումը դժվար է բոլոր երկրներում, հատկապես, եթե ստիպված ես դիմել գործարարներին: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել