Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք

Հոկտեմբեր 05,2005 00:00

Նրանք այլեւս «Հայեր» չեն Yontown Media Company of Arts գերմանական ընկերության պրոդյուսեր Ուլի Դել Անտոնիոն հայկական ճանաչված խումբը վերանվանել է «HAyAH»: «Առավոտի» հետ հանդիպման սկզբում Դել Անտոնիոն ասաց, որ «Հայերին» հետեւել է (խոսքը ստեղծագործական-բեմական աճի մասին է) 2002-ից. «Բեռլինում ձեր չորս հայուհիները մասնակցելով միջազգային մրցույթին, վերցրին գլխավոր մրցանակը: Այնուհետեւ մեկ տարի հետո ես նրանց հրավիրեցի մենահամերգի: Իսկ արդեն այս օգոստոսին առաջարկեցի իմ՝ իբրեւ պրոդյուսերի, ծառայությունը»: Հետաքրքրությանը, թե մեր աղջիկները, իրենց բեմական կյանքում չունենալով պրոֆեսիոնալ պրոդյուսեր, թեեւ նրանց «առաջ էր տանում» երգչուհի Նադեժդա Սարգսյանը, ի՞նչ նոր աշխարհ մտան ձեր շնորհիվ, մեր զրուցակիցն ասաց, որ հենց օդակայանում աղջիկներին դիմավորել է իրենց սեփական մեքենան՝ դաջված «HAyAH», ուղեկցելով նոր տունը՝ բոլոր հարմարություններով: «Նրանց հետ աշխատում են պարուսույց, երաժիշտներ, իմիջմեյքերներ: Վեց տարի Հայաստանում այս խումբը կա, բայց չունեն ոչ մի CD: Կարճ ժամանակահատվածում, Գերմանիայում, դարձյալ հատուկ իրենց համար առանձնացված ստուդիայում ձայնագրեցինք 18 երգ: CD-ն կթողարկվի ԱՄՆ-ում, հետո կտարածվի Եվրոպայում, ապա՝ Հայաստանում»,- տեղեկացրեց Դել Անտոնիոն: Նա հավաստիացրեց, որ խմբի անունը փոխված չէ. «Հակառակը, երկու կողմից կարդալու դեպքում հնչում է «հայ» անունը, այնպես՝ ինչպես ժամանակին «ԱԲԲԱ»-ն էր: Շոու բիզնեսում երգչի կամ խմբի անունն էլ է դեր խաղում: Այս ոլորտում մանրուքներ չկան: Իմ առաջարկած անունը եվրոպական երկրներում ավելի հեշտ է արտաբերել: Առաջին օգոստոսյան համերգին՝ Գերմանիայի խոշոր՝ «Օլիմպիա» ստադիոնում, որի մասնակիցները եվրոպական «Media» ընկերությունների կողմից ներկայացված կատարողներ էին, աղջիկները ներկայացրին Հայաստանը»: Հարցին՝ փաստորեն վերջին տարիներին Հայաստանից այս խումբն առաջինն էր, որ ոտք դրեց եվրոպական շոու բիզնես, որտե՞ղ է դասավորվելու խմբի հետագա «կյանքը». Գերմանիայո՞ւմ, թե՞ Հայաստանում, պրոդյուսերը հայտնեց, որ, բնականաբար, աղջիկներն այլեւս պետք է երկարատեւ ժամանակահատված բացակայեն Հայաստանից: «Այս անգամ մենք Հայաստան ենք եկել Բեռլինում՝ մեր ստուդիայում այնպիսի երգեր ձայնագրելու համար, որտեղ անհրաժեշտ են հայկական ժողովրդական նվագարաններ: Ուսումնասիրելով ձեր նվագարանները, յուրաքանչյուրի համար (դուդուկ, քամանչա, դհոլ, քանոն) ես հատուկ վերցրել եմ միկրոֆոններ ու արդեն ձայնագրել ենք երգերի այդ հատվածները: Եթե կարեւոր է, սա էլ նշեմ՝ հանձն առնելով խմբի պրոդյուսերի աշխատանքը, նախօրոք ես ուսումնասիրել եմ հայոց պատմություն: Թողարկվելիք CD-ում կլինի նաեւ ցեղասպանությանը նվիրված մեկ երգ անգլերենով՝ «համեմված» հայերեն բառերով»: Տեղեկացված լինելով Հայաստանում «պիրատային» ճանապարհով անորակ CD-ներ ձեռք բերելու մասին, Դել Անտոնիոն բարձրաձայնեց, որ այս «գործընթացը» բուռն կերպով ծավալված է Հայաստանում եւ Ռուսաստանում ու իրենց ընկերությունը CD-ն թողարկելուց հետո պետք է հետեւողական լինի: «Մի բան պետք է հասկանաք, որ CD-ից վճարվում են կատարողները, հեղինակները, դա նրանց աշխատանքն է: Իսկ օրենսդրական դաշտը խստագույնս պետք է գործի այստեղ»,- նշեց պրոդյուսերը: Հետաքրքրությանը, թե մեր աղջիկները ինչքա՞ն են վարձատրվում կամ կվարձատրվե՞ն եւ ինքը՝ պրոդյուսերը, գոնե սկզբի համար ի՞նչ գումար է «դրել» խմբի համար, Դել Անտոնիոն պատասխանեց. «Հիշեք, ոչ մի պրոդյուսեր չի ցանկանա կամ եթե բարձրաձայնի էլ, չհավատաք նրա բերած թվերին: Ֆինանսը՝ ֆինանս, գործը՝ գործ: Մի մտածեք, ես եւ աղջիկները երկկողմանի գոհ կլինենք միմյանցից»: Հոկտեմբերի 14-ին Գերմանիայու մ նշանակված է «HAyAH»-ի մենահամերգը, որը շարունակություն կունենա եվրոպական այլ երկրներում: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31