Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԻՇՏԸ ՀԻՄՔԵՐՆ ԱՄՐԱՑՆԵԼՆ Է

Հոկտեմբեր 27,2005 00:00

Պետությունն
այլեւս ընտրել է այդ ուղին Մոտ երեք տասնամյակ տեւած ընդմիջումից
հետո այս տարվա սկզբին Երեւանում եւ հանրապետության մարզերում սկսվեց մարզական կառույցների,
մասնավորապես, համալիր մարզադպրոցների հիմնանորոգումը, որի նախաձեռնողը սպորտի պետական
կառույցն է: Մայրաքաղաքում շինարարական աշխատանքները կատարվում են «Հայաստան»
համահայկական հիմնադրամի, իսկ մարզերում՝ պետբյուջեի միջոցներով: Ծրագիրն առայժմ
բաղկացած է երկու փուլից, սակայն լինելու է շարունակական: Առաջին փուլի համար ընտրվել
են հիմնականում այն մարզադպրոցները, որտեղ մարզվում են մեր հենակետային մարզաձեւերի
հանրապետության լավագույն մարզիկները: Երկրորդ փուլը սկսվելու է 2006 թվականին: Ընդհանուր
առմամբ այս երկու ծրագրերով հանրապետությունում հիմնանորոգվելու կամ կառուցվելու
է հինգ տասնյակից ավելի մարզադպրոց ու մարզադահլիճ: Այս տարվա՝ մայրաքաղաքում իրականացված
ծրագրի արժեքը 857 մլն 700 հազար դրամ է, որն ըստ կատարվելիք աշխատանքների ծավալների
անհրաժեշտության՝ բաժանվել է հինգ մարզադպրոցների վրա՝ Օլիմպիական հերթափոխի ուսումնարան՝
393 մլն, «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» համալիր՝ 189 մլն, նույն ընկերության
բռնցքամարտի եւ ըմբշամարտի մարզադպրոց՝ 134 մլն, «Աշխատանքային ռեզերվներ» մարզական
կազմակերպության մարզադպրոց՝ 102 մլն եւ ըմբշամարտի դպրոց՝ 38 մլն դրամ: Երկրորդ
ծրագրի վրա նախատեսվում է ծախսել մոտավորապես $2,5 մլն-ին համարժեք դրամ: Վաղ
գարնանից մայրաքաղաքում հսկայական աշխատանք է կատարվել, որի արդյունքներին ծանոթանալու
նպատակով երեկ շրջայց կատարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Շրջայցի ավարտին նա լրագրողներին
հայտարարեց. «Բավականին լուրջ գումարներ ենք ներդրել հիմնադրամով: Խնդիրը հետեւյալն
էր. շուրջտարյա լիարժեք մարզումների հնարավորություն ապահովել: Մենք մի քիչ շատ էինք
պահանջում սպորտից: Բայց եթե անկեղծ լինենք, ընթացիկ հարցեր էինք լուծում, սակայն
կապիտալ մոտեցում չէինք դրսեւորում: Հիմա այսպիսի բաժանում ենք արել. բյուջեով աշխատանքներ
ենք անում Երեւանից դուրս, «Հայաստան» հիմնադրամով՝ Երեւանում, որպեսզի վերահսկողությունը
պատշաճ ձեւով ապահովենք: Կարծում եմ՝ հաջորդ տարի այս ամբողջ դաշտը կփակենք կառուցված
եւ արդեն գործող մարզադահլիճների բարեկարգման առումով: Ի՞նչը ինձ դուր չեկավ: Մի
քանի տեղ եղանք, դահլիճները վատը չեն, բայց բակերում աչքից թաքցրած բաներ կային:
Չունենք մի լուրջ կառույց, որը ֆասադային նորմալ տեսք ունենա: Նկատի ունեմ ժամանակին
կառուցված ավտոտնակները, այլ բաներ: Հիմա փորձելու ենք լուծումներ գտնել, մտածում
ենք հետագայում նոր շինարարությունների մասին: Ինչ-որ տեղ սպորտը, կարծես, երկրորդային
է եղել»: Հաջորդ օլիմպիական խաղերում մեդալի ակնկալիք ունե՞նք հարցին նախագահը պատասխանեց.
«Համենայն դեպս, հիմա անում ենք ամեն ինչ, որպեսզի գոնե մեր խղճի առջեւ հանգիստ լինենք:
Անցած անգամ բավականին ուշադրություն դարձրել էինք, բայց այն թիմերին, մարզիկներին,
ովքեր մասնակցելու էին օլիմպիական խաղերին: Եթե չկային ջեռուցվող դահլիճներ, հասկանալի
է, ավելի մեծ ընտրության հնարավորություն, ավելի մեծ քանակությամբ, ավելի լավ մասնակցություն
ակնկալել դժվար էր: Եթե խոսեք մարզադպրոցների մարզիչների հետ, կզգաք, որ հիմա իրականում
ընտրված է լավագույն տարբերակը»: Նախագահը նաեւ արտահայտեց ավանդաբար ուժեղների
կողքին այլ մարզաձեւերի ճակատագրի մասին իր տեսակետները: «Ես կարծում եմ, որ մենք
չափազանց ետ ենք մնացել լողից,- ասաց նա: – Դրա համար հարկավոր է վերագործարկել լողավազանները:
Սեւանում, առանց շատ մեծ ներդրումների, հարուստ ավանդույթներ ունեցող առագաստանավային
սպորտը զարգացնելու հիանալի հնարավորություններ կան: Ծաղկաձորը պետք է լիարժեքորեն
օգտագործել, խաղային մարզաձեւերը ուշադրության կենտրոնում պահել: Մարզաձեւեր կան,
որոնք վերջին 10-15 տարում առանձնահատուկ մասսայականություն են սկսել վայելել: Դրանց
մասին էլ պետք է մտածել: Տարբեր մարզաձեւեր տարբեր որակներ, ֆիզիկական տվյալներ են
պահանջում, հետեւաբար՝ անհրաժեշտ է անչափ լուրջ վերաբերմունք դրսեւորել, հնարավորին
չափ մեծ թվով մարդկանց, հատկապես՝ երիտասարդների ներգրավել ոլորտ»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել