Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դիլիջանում

Հոկտեմբեր 27,2005 00:00

Դիլիջանում ներդրումներ կլինեն Ասում է ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի թեկնածու եւ նորընտիր քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը Այսօր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի նորընտիր քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն արդեն պաշտոնապես կստանձնի իր լիազորությունները՝ ստանալով համապատասխան մանդատ: Այդուհանդերձ, մինչ երեկ Ժ. Սահբալյանը, ըստ մեր տեղեկությունների, մտադիր էր օրենքով սահմանված կարգով դատարանում բողոքարկել՝ Ա. Սանթրոսյանի ընտրության վերաբերյալ ԸԸՀ որոշումը: Երեկ լրացավ նաեւ բողոքարկման ժամկետը, բայց բանը դատարանին չհասավ: Այդուհանդերձ, ոչ նախկին քաղաքապետը, ոչ էլ Տավուշի մարզպետն առայժմ նորընտիր քաղաքապետին չեն շնորհավորել: Ա. Սանթրոսյանի բնորոշմամբ, չնայած նախընտրական փուլում տեղ գտած որոշակի թերություններին, բուն ընտրական պրոցեսը շատ հանգիստ ու արդար էր անցել՝ առանց լուրջ միջադեպի ու ընտրախախտումների: Իր՝ որպես անկուսակցական թեկնածուի ընտրության հարցում Ա. Սանթրոսյանը ընդգծեց հատկապես ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի կողմից աջակցություն ստանալու գործոնը ու դրա համար շնորհակալություն հայտնեց խմբի ղեկավարին: Ա. Սանթրոսյանը միաժամանակ կարծիք հայտնեց, թե քաղաքապետերն ու որեւէ համայնքի ղեկավար ճիշտ կլինի, որ անկուսակցական լինեն: Անդրադառնալով հետընտրական փուլում ծավալված իրադարձություններին ու մասնավորապես՝ տեղի ունեցած վերահաշվարկին, պրն Սանթրոսյանը հաստատեց մեր այն տեղեկությունը, թե իր մրցակից թեկնածուի վստահված անձինք պահանջել էին բացել միայն 4 տեղամասերի արդյունքները, բայց ինքը պնդել էր, որ բացվեին բոլոր 10 տեղամասերի փաթեթները. «Ես պարզապես ուզում էի, որ ժողովուրդն էլ իմանա, որ ամեն ինչ արդար է եղել»: Անդրադառնալով Դիլիջանի քաղաքային խնդիրներին՝ Ա. Սանթրոսյանն առանձնացրեց աշխատատեղերի ստեղծման հարցը. «Քաղաքի ամենամեծ խնդիրը գործազրկությունն է: Բնակիչների շուրջ 60-70 տոկոսը սոցիալապես անապահով մարդիկ են: Քաղաքում մեծ արտադրություններ, ձեռնարկություններ չկան: Հիմնականում բյուջետային հիմնարկներ են: Իմ ծրագրերում առանձնապես շեշտադրում է արված հենց աշխատատեղեր բացելու վրա, եւ դրա իրականացումը ռեալ է»: Ինչ վերաբերում է այդ ռեալ ծրագրին, ապա Ա. Սանթրոսյանը հատկապես շեշտադրում արեց Դիլիջանը որպես առողջարանային քաղաք վերականգնելու, տուրիզմի համար գրավիչ դարձնելու խնդիրը՝ դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ հանգստի գոտիների, սպասարկման ծառայությունների ստեղծման ու վերականգնման ուղղությամբ: Բայց արդյոք բյուջետային հատկացումները բավարա՞ր են Դիլիջանն այդպիսին դարձնելու համար: «Բնականաբար, հավելյալ ներդրումներ պետք են, միայն բյուջեով չի լինի: Կիրականացվի ներդրումային ծրագիր՝ նաեւ ներդրողներին խրախուսելու միջոցով: Նպատակ ունենք նաեւ արտագնա աշխատանքի մեկնած դիլիջանցիներին հրավիրել ներդրումներ անելու»,- իր անելիքները ներկայացրեց նորընտիր քաղաքապետը: Հայտնի է, որ Ա. Սանթրոսյանը 12 տարի աշխատել է հարկային մարմիններում, վերջին շրջանում՝ Դիլիջանի հարկային ծառայությունում: Այդ գերատեսչությունում աշխատելը երբեմն ավելի գրավիչ է, քան քաղաքապետի պաշտոնը: «Ես ծնվել, մեծացել, ուսում եմ ստացել ու դաստիարակվել եմ Դիլիջանում: Այսօր զգում եմ, որ հասունացել է քաղաքին պարտքս ետ տալու պահը»,- մեր դիտարկմանն ի պատասխան ասաց Ա. Սանթրոսյանը: Ընդամենը մեկ ամիս անց՝ նոյեմբերի 27-ին, Հայաստանում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Արդյոք այս մեկ ամսում նորընտիր քաղաքապետը պատրա՞ստ է այդ ծավալի կազմակերպչական աշխատանք իրականացնելու: Քաղաքապետի պատասխանը միանշանակ հնչեց՝ «այո»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել