Լրահոս
Օրվա լրահոսը

«Լինսիի»

Նոյեմբեր 11,2005 00:00

«Լինսիի» գումարները չե՞ն փոշիացվել Այս անգամ Վահան Հովհաննիսյանը գովերգեց «փողօգտագործման» արդյունավետությունը Օտարերկրյա վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ ներկայացրեց «Լինսի» հիմնադրամի գումարների ծախսման արդյունավետության ուսումնասիրությունների արդյունքները: Ի տարբերություն հանձնաժողովի նախորդ՝ այսպես կոչված, ջրային վարկի ուսումնասիրության ժամանակ հնչեցրած բացահայտումների, «Լինսի» հիմնադրամի օգտագործման արդյունավետությունը հանձնաժողովը գնահատեց գրեթե գերազանց: Հընթացս շարունակ անդրադարձ էր կատարվում ջրային վարկին եւ ասվում էր, որ հանձնաժողովի հրապարակած չարաշահումներից հետո կառավարության արձագանքը եւ գործողությունները ամենեւին չեն բավարարել հանձնաժողովականներին. «Որովհետեւ մասնակի կադրային փոփոխություններով եւ պայմանագրի սուբյեկտների վերանայումներով հարցը դիտվեց լուծված»: Վահան Հովհաննիսյանն ասաց, որ այս հարցում հանձնաժողովի եւ կառավարության որոշումները չհամընկան: Զեկույցի ընթացքում Վահան Հովհաննիսյանը սահմանադրական փոքրիկ քարոզչություն իրականացրեց նաեւ խորհրդարանի ամբիոնից՝ հայտարարելով, որ գործող սահմանադրությամբ սահմանափակ են խորհրդարանի վերահսկողական գործառույթները եւ հարկավոր է անպայման փոփոխել սահմանադրությունը՝ ԱԺ-ին ավելի լայն հնարավորություններ տալու համար. «Եթե ժողովուրդը «այո» ասի սահմանադրությանը, ԱԺ-ն բոլորովին նոր որակ կստանա»: Գովերգելով եւ փառաբանեով «Լինսի» հիմնադրամի փողերի օգտագործման ծրագրերը՝ ճանապարհներ, Երեւանի կենտրոնի ասֆալտապատում, մշակութային կառույցների վերանորոգում, հանձնաժողովի նախագահը շարունակ զուգահեռներ էր անցկացնում ջրային վարկի ծախսման հետ: Ասվեց, որ եթե ջրային վարկի դեպքում խորհրդատվությանը տրամադրվել էր 24 տոկոս, ապա այս դեպքում միջազգային խորհրդատվության համար բավարարվել են ընդամենը 2-3 տոկոսով. «Սա ցույց է տալիս, որ միջազգային փորձագետները կարող էին հաշվի առնել Հայաստանի վիճակը»: Հիշեցնենք, որ եթե ջրայինի դեպքում վարկերը տնօրինում էր վարչապետի մտերիմ Գագիկ Մարտիրոսյանը, «Լինսիի» դեպքում՝ Դաշնակցությանը մոտ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը: Սակայն, որպեսզի գովեստը չափազանց աչքի չզարնի, Վահան Հովհաննիսյանն ասաց, որ մի քանի փոքրիկ թերություններ այնուամենայնիվ եղել են, օրինակ՝ մի տեղ ասֆալտի հաստությունն այն չի եղել, մի այլ տեղում՝ փողոցն է նեղ կառուցվել. «Բայց դրա համար էլ եղել են տույժեր եւ տուգանքներ, եւ հանձնաժողովը համարում է բարձր արդյունավետության ծրագրեր, եւ սրանք պետք է լինեն էտալոնային»: Ժամանակավոր հանձնաժողովն այլեւս անելիք չունի, քանի որ նրա գործունեության ժամկետը չերկարաձգվեց: Սա հանձնաժողովի վերջին զեկույցն էր: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930