Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐԿԱՆՈՒՄ

Նոյեմբեր 11,2005 00:00

ՄԵՐԿԱՆՈՒՄ ԵՆ՝ ԱՄԵՐԻԿԱՑՈՒ ՊԱՏՎԵՐՈՎ Հայ աղջիկները, մերկացնելով մարմնի տարբեր մասերը, լուսանկարվում են՝ դրա դիմաց ամսական ստանալով $1000-1500: Ինտերնետային «Rumbler.ru» կայքում զետեղված է մի հայտարարություն, որը աղջիկներին հրավիրում է լուսանկարվելու: Լուսանկարները հետո զետեղվելու են կայքի առանձին էջում, որը նախատեսված է պատվերով աղջիկներ փնտրողների համար: Մանրամասներ չկան, թե ինչպես, ինչ տեսքով կամ ինչ դիրքերով են առաջարկում լուսանկարել: Իհարկե, նման հայտարարություններ «Rumbler.ru»-ում եւ մյուս կայքերում հաճախ կարելի է հանդիպել, բայց ուշագրավն այն է, որ այս հայտարարության մեջ, որպես կոորդինատ, թողել էին հայկական «091» կոդով հեռախոսահամար: Իսկ դա նշանակում է, որ առաջարկը վերաբերում է Հայաստանի աղջիկներին: Պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու համար նշված հեռախոսահամարով փորձեցինք կապվել առաջարկի պատասխանատուի հետ: Պարզվեց՝ հայտարարություն տվողը, ինչպես նաեւ աղջիկների լուսանկարների բիզնեսով զբաղվողը «Արմանն» է, որը դեռ առաջին նախադասությունը չլսած՝ «ես ուզում եմ կայքում լուսանկարվել», գովազդային մենեջերի հմտությամբ փնովելով նմանատիպ գրասենյակներին՝ միանգամից սկսեց իրենց օֆիսի առավելություններից խոսել. «Մեր մոտ չեն խաբում, ինչքան վաստակեք՝ այդքան կստանաք, պահումներ չենք անում, անձի գաղտնիությունն ապահովված է»: Առաջին հանգամանքը, որ հետաքրքրում էր Արմանին, այն էր, թե փորձ ունե՞մ, որեւէ կայքի համար «աշխատե՞լ» եմ: Հավաստիացնելով, որ այս գործում փորձառու եմ, միջնորդն ավելորդ համարեց լուսանկարվելու «այբուբենը» ներկայացնել՝ հույս ունենալով, որ «քասթինգից» (փորձնական փուլ) սկսած բոլոր փուլերին ծանոթ կլինեմ: Ուստի միանգամից անցավ գներին ու իրենց աշխատաոճի նրբություններին. «Մեր մոտ ոչ թե հատի համար ենք վճարում, այլ՝ ժամի: 1 ժամ լուսանկարվելու համար, որի ընթացքում 150-200 ֆոտո է դուրս գալիս, կտանք 8 դոլար»: Նա նաեւ հավաստիացրեց, որ պատվիրատուների կողմից պահանջարկ ունենալու դեպքում «ամսական 1000-1500 դոլար մեր աղջիկները աշխատում են»: Աշխատավարձի չափը պայմանավորված է պատվիրատուների թվով: Երբ հետաքրքրվեցի, թե շա՞տ աղջիկներ կան, նրան հարցը տարօրինակ թվաց, այնուամենայնիվ պատասխանեց. «Էդ քո ինչի՞ն ա պետք, դու քո համար առանձին աշխատելու ես, գործ կունենաս լուսանկարչի, մեկ էլ էն մարդու հետ, որին կընտրենք: Բայց, ընենց ընգած օֆիս չենք, եթե դրա համար ես հարցնում, ահագին աղջիկներ ունենք»: Արմանի ներկայացմամբ՝ լուսանկարվելու դիրքը, մարմնի տարբեր մասերը մերկացնելը որոշում ես ոչ թե դու, այլ՝ պատվիրատուն: Պատվիրատուները բացառապես արտասահմանցիներ են, հիմնականում՝ ամերիկացիներ, ինչն Արմանը օֆիսի առավելություններից համարեց: Ուշագրավ է նաեւ այն, որ կայքում լուսանկարվելու համար տարիքային սահմանափակում չեն դնում, բացի այդ, ամենատգեղ աղջիկն էլ կարող է փորձել, չնայած, ըստ աղջիկների «մերկացմամբ» զբաղվող փորձառու բիզնեսմենի, «8 դոլարից էն կողմ չես գնա, պահանջարկ չես ունենա»: Ամեն դեպքում, հաճախորդ չկորցնելու համար Արմանը հարկ համարեց նշել, որ «եթե մեր սրտով լինես, բայց 1-2 ամիս պատվիրատու չունենաս, մի 50 դոլար օֆիսի կողմից կտանք»: Զրուցակիցն առաջարկեց հետս տղա տանել, քանի որ շատ «սպառվելու» համար դա եւս մի նպաստավոր հանգամանք է. «Մեր օֆիսում տղա չունենք, եթե հետդ չբերես, աղջկա հետ պիտի նկարվես»: Հարցին, թե մենակ լուսանկարվել չի՞ լինի, նա պատասխանեց՝ «նայած, տենանք ոնց կստացվի, հլը կգաս, կորոշենք, մանրամասն կքննարկենք»: Մյուս նմանատիպ օֆիսների համեմատությամբ՝ Արմանի նշած հաջորդ «առավելությունն» այն էր, որ «ցանկացած նկար, եթե դուրդ չգա, կարող ես տեղում պատռել, ապարատի մեջից ջնջել, բայց հետո դրա տեղը նորից պիտի լուսանկարվել՝ քանակը չկորցնելու համար»: Արմանի օֆիսը, բացի սոսկ լուսանկարվելուց ու մերկանալով փող վաստակելուց, «լայն հեռանկարներ» է բացում հաճախորդների առջեւ. օրինակ՝ ինչպես նշեց զրուցակիցս, քեզ կարող են արտասահմանցիները հրավիրել իրենց մոտ՝ մոդելային կարիերա ստեղծելու: Թեեւ նա ողջ զրույցի ընթացքում պատրաստ էր մեզ հետաքրքրող ցանկացած հարցի պատասխանել, այդուհանդերձ, քանի դեռ չէր համոզվել, որ զրուցակիցն իսկապես պոտենցիալ հաճախորդ է, այլ ոչ թե գաղտնի ծառայությունների աշխատող, նա օֆիսի հասցեն գաղտնի պահեց՝ առաջարկելով առաջին 1-2 հանդիպումները սրճարաններում կամ «դրսում մի տեղ» անցկացնել: ԷԼԼԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930