Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ

Նոյեմբեր 11,2005 00:00

Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ԲԺՇԿԱԿԱՆԻ ՌԵԿՏՈՐ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի հավանական թեկնածուների պայքարը՝ բաղձալի աթոռի համար, սպառնում է վերածվել քաղաքական պայքարի. այն դիտվում է իբրեւ ՀՀԿ-ՕԵԿ հակամարտության փորձարկում: Բժշկական համալսարանի խորհուրդը՝ կառավարության կողմից հաստատված նոր որոշման համաձայն, կազմված կլինի 32 անդամից: Խորհրդի ձեւավորման հարցում այստեղ կպահպանվի 50% ներսից, 50% դրսից սկզբունքը, եւ արդյունքում խորհրդի կազմում կլինի 8 ուսանող՝ ուսխորհուրդների կազմից, 8 դասախոս՝ պրոֆեսորադասախոսական կազմից, 8 հոգի կներկայացնի լիազորված մարմինը՝ ԿԳ նախարարությունը եւ 8-ը՝ հիմնադիրը՝ կառավարությունը: Առաջին գործը, որ պետք է ստանձնի այս կազմը՝ ռեկտորի ընտրություններն են: Եղած թեկնածուների ցանկը կրճատվել է, եւ այս պահին կա ռեկտորի իրական 2 թեկնածու: Մեկը Շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արայիկ Մինասյանն է, մյուսը՝ Բժշկական համալսարանի՝ մարդու անատոմիայի ամբիոնի վարիչ Գոհար Քյալյանը: Երկու թեկնածուներն էլ առնչություն ունեն հայտնի մարդկանց հետ. առաջինը Սերժ Սարգսյանի խնամին է, երկրորդը՝ Հ2-ի տնօրեն Սամվել Մայրապետյանի կինը: Երկուսն էլ, ըստ մասնագետների տարածված կարծիքի, պրոֆեսիոնալիզմի առումով միմյանց չեն զիջում: Սակայն մրցակցությունն այս պարագայում ավելի խոր քաղաքական ենթատեքստ ունի: Արայիկ Մինասյանին սատարում է Հանրապետական կուսակցությունը, Գոհար Քյալյանին՝ «Օրինաց Երկիրը»: Եթե կատարենք պարզ մաթեմատիկական հաշվարկ, ապա ռեկտորի ազնիվ ընտրությունների արդյունքում կունենանք հետեւյալ պատկերը: Խորհրդի կազմում լիազոր մարմնի՝ ԿԳՆ-ի առաջադրած անդամները բնականաբար իրենց ձայնը կտան ՕԵԿ-ի թեկնածուին՝ Գոհար Քյալյանին: Ութ ուսանողների հարցում կասկած չկա. նրանք աջակցում են ՀՀԿ-ին, հետեւաբար իրենց ձայները կտան Արայիկ Մինասյանին: Դրանում մեծ է բուհի ուսխորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի օգնական Կարեն Ավագյանի լուման: Արայիկ Մինասյանը կստանա նաեւ կառավարության կողմից առաջադրված խորհրդի 8 անդամների ձայները: Իսկ վերջիններիս շարքում են ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, ԱԺ պատգամավոր, բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական, հանրապետական Արմեն Աշոտյանը (ով իր քարոզչությամբ աչքի է ընկնում նախընտրական այս գործընթացներում), ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար, հանրապետական Արարատ Մկրտչյանը եւ մի քանի այլ պատգամավորներ ու քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Ինչ վերաբերում է դասախոսական կազմին, ապա այստեղ պատկերը խայտաբղետ է: Թեեւ գործող ռեկտոր Վիլեն Հակոբյանի իշխանությունը ժամանակավոր է, սակայն դասախոսների ձայների բաշխման հարցում նրա կարծիքի հետ, մեր տեղեկություններով, գործընկերները հաշվի կնստեն: Ռեկտորը, սակայն, աշխատում է չեզոք դիրք գրավել, եւ հավանականությունը մեծ է, որ այս խմբի ձայները հավասար կկիսվեն: Սակայն եթե նույնիսկ մեկ դասախոս էլ քվեարկի ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի օգտին, ապա ձայների պարզ մեծամասնությամբ կհաղթի Արայիկ Մինասյանը: Մեզ հետ զրույցում ուսխորհրդի անդամներից ոմանք, որոնք չցանկացան ներկայանալ, իրենց պարագայում բացառեցին մեր իրականության մեջ առկա ընտրակաշառքի մեխանիզմի կիրառումը, որ կարող է գործի դնել ակնհայտորեն չնչին շանս ունեցող կողմը: Ինչ մնում է Վիլեն Հակոբյանին, ապա նա, մեր տեղեկություններով, այս պահին այլ պաշտոնի անցնելու կոնկրետ առաջարկ չունի: Հնարավոր է, որ նա առաջադրվի բուհի խորհրդի նախագահ: Իսկ դեղաբանության ամբիոնի վարիչ մնալը՝ կա ու կա: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Այսօր, ժամը 13-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում «Բուհական ավտոնոմիայի պաշտպանության խորհուրդը» ուսանողական այլ նախաձեռնող խմբերի հետ կկազմակերպի հերթական ակցիան՝ ընդդեմ բուհական խորհուրդների կազմը ձեւավորելու մասին կառավարության որոշման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930