Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԿԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

Նոյեմբեր 11,2005 00:00

ԲԱՆԿԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ Որից երիտասարդ մասնակիցը հիասթափված է Օրերս Մոսկվայի Կրեմլի պալատում ավարտվեց «Անելիք» բանկի հովանավորությամբ անցկացվող «Հայաստանի տարվա երգ-2005» համահայկական մրցույթը, որ կազմակերպել էր «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնը: Գլխավոր մրցանակը շնորհվեց Էրիկ Մակարյանին (Հայաստան), առաջին երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Վալերիա Ռիշոտնիկովան (ՌԴ), Ավետ Խալաթյանը եւ Արփինե Շահնուբարյանը (Հայաստան): Մրցույթին մասնակցել է նաեւ երգիչ, հայաստանյան վոկալիստների 4 մրցույթների առաջին մրցանակակիր, Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանող Սեւակ Մամբրեյանը, որը իր որոշ նկատառումները հայտնեց ավանդական դարձած այս մրցույթի մասին: Հայաստանում եւ արտերկրում կայացած երաժշտական մցույթներին, դրանցում տեղ գտած անարդարություններին «Առավոտը» բազմիցս անդրադարձել է ականատեսների, այս դեպքում՝ մասնակցի փոխանցմամբ: Նկատենք, որ մասնագետների գնահատմամբ՝ վերոնշյալ մրցույթում պրոֆեսիոնալ երգիչ-երգչուհիների քանակը միշտ եղել է նվազ, ուստի դժվար չէ պատկերացում կազմել դրա մակարդակի մասին: Իսկ թե ինչու է այն Մոսկվայում անցկացվում, այլ խոսակցության նյութ է: Համենայնդեպս, այս առիթով հաճախ կարելի է լսել՝ «մարդիկ սպոնսոր են կպցրել, գործ են անում»: Սեւակ Մամբրեյանը պատմեց, որ հիշյալ մրցույթին մասնակցելու համար Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում մայիսին կայացել էր նախընտրական փուլը, որին մասնակցում էին շուրջ 50 հայ կատարողներ՝ տարբեր երկրներից: «Նախնական լսումներից հետո մնացինք 12 երգիչ, 6-ը՝ Հայաստանից: Նույն ամսին «Ռոսիա» համերգասրահում կայացավ մրցույթի կիսաեզրափակիչը: Ընտրվեց 8 կատարող, 5-ը՝ Հայաստանից»,- տեղեկացրեց երգիչը: Ըստ նրա, յուրաքանչյուր մասնակցից գանձվել էր 100 ԱՄՆ դոլար, նաեւ համապատասխան գումար՝ հոկտեմբերին եզրափակիչում հանդես գալու համար, մինչդեռ «Անելիքը» պետք է հոգար երգիչների Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի ծախսերը: Հետաքրքիր էր պրոֆեսիոնալ երգչից իմանալ, թե ի՞նչ տվեց մրցույթն իրեն: «Իմ նպատակը Կրեմլի բեմում երգելն էր, դրա համար որոշեցի ընդգրկվել մրցույթում»,- նշեց երգիչը: Ս. Մամբրեյանը, սակայն, հիասթափություն է ապրել, երբ մրցույթի եզրափակիչի փորձից հետո իրեն մոտեցել է «Անելիք» բանկի գլխավոր տնօրեն Արմեն Ղազարյանն ու արգելել կատարել Օրբելյանի «Սիրտը երգում է» երգը՝ «ռուսերենիս ակցենտի պատճառով»: Մեր զրուցակիցը հետեւել է մրցույթի հովանավոր բանկիրի «խորհրդին» ու երեկոյան Օրբելյանի երգը փոխարինվել է Ն. Ժամհարյանի «Իմ հասակը» երգով, ինչը առաջացրել է ժյուրիի տարակուսանքը: «Ժյուրիի կազմում ընդգրկված Ռուբեն Մաթեւոսյանը, Սյուզան Մարգարյանը եւ մյուսները այդպես էլ չիմացան ինչն էր պատճառը, այնքան հիասթափված էի, որ ավելորդ համարեցի տեղեկացնել»,- նշեց երգիչը: Նրան զարմացրել էր նաեւ մրցույթի անցկացման տարօրինակ կարգը. «Չբարձրաձայնվեց, թե ով քանի միավոր է վաստակել, ոչ էլ դրամական մրցանակների չափը հրապարակվեց: Ֆուրշեթի ժամանակ որպես մրցանակ հանձնվեցին միկրոֆոններ եւ «Անելիք» բանկի քարտեր, որոնք, ըստ պարոն Ղազարյանի, խոշոր գումար էին պարունակում»: Մեր զրուցակիցը որոշել է այսուհետեւ հայերի կազմակերպած ոչ մի մրցույթի չմասնակցել, թեեւ արդեն երիտասարդ կատարողների «Կոմիտաս» համահայկական մրցույթի հայաստանյան փուլի հաղթող է եւ փետրվարին կմեկնի ԱՄՆ՝ եզրափակիչում հանդես գալու համար: Իսկ գարնանը նա կմասնակցի Էնրիկո Չիարայի անվան երիտասարդ վոկալիստների ամենամյա մրցույթին՝ Ավստրիայում: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930