Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտը

Նոյեմբեր 15,2005 00:00

Ճիշտը բոյկո՞տն է ՀՀՇ-ն ընդդեմ «վարչախմբի», Վենետիկի հանձնաժողովի եւ դեսպանների «2003 թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ ՀՀՇ-ն առաջինն էր, որ բոյկոտեց առաջարկվող փոփոխությունները եւ լավագույնս պայքարեց ընդդեմ փոփոխությունների: Իսկ հիմա սահմանափակվում եք բոյկոտի մասին հերթական հայտարարությամբ»,- պատասխանելով «Առավոտի» այս դիտարկմանը՝ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Ակտիվ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ են պայմաններ, որոնք մեր երկրում ապահովված չեն: Մենք պաշտոնապես դիմեցինք ՀՀ-ում գործող բոլոր պետական բուհերի ռեկտորներին՝ ուսանողների հետ հանդիպումների խնդրանքով, որպեսզի պարզաբանեինք, թե որն է բոյկոտի պատճառը: Կամ պատասխաններ չստացանք, կամ անհեթեթ պատասխաններ ստացանք, որոնցում առկա էր բանականության բացակայությունը: Հիմքում, իհարկե, մեզ մերժելու ձեւ գտնելն էր»: ՀՀՇ-ն դիմել է նաեւ բոլոր հեռուստաալիքներին եւ նույնպես մերժվել: «Ընդդիմությունում գտնվում են մարդիկ, ում հեռուստատեսությունները հրավիրում են՝ պատրանք ստեղծելու, թե ընդդիմության համար նույնպես հնարավորություն ապահովվել է: Այն մարդիկ, որոնց հետ կյանքը մի քիչ ավելի բարդ կլինի՝ հրավեր չեն ստանում»,- ասում է պարոն Զուրաբյանը: Մարզային այցելությունները ՀՀՇ-ն չի նախընտրում երկու պատճառով: Նախ՝ «Ընդամենը 1000-2000 մարդու հետ հանդիպելու հնարավորություն է դա, քանի որ իշխանական լծակները լավագույնս օգտագործվում են հասարակությանը ճնշած պահելու համար»: Ապա՝ «Այդ հանդիպումները նույնիսկ կարող են վնաս բերել: Մեկ-երկու ժամ հանդիպումից հետո դու հեռանում ես այդտեղից, իսկ տվյալ մարդը պետք է շարունակի ապրել այդ բնակավայրում: Նրա վրա ներգործելու, ազդելու, ճնշելու ձեւը միշտ էլ կգտնվի»: Ուստի ՀՀՇ-ին այլ բան չի մնում, քան հայտարարությամբ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացի վրա: Միաժամանակ մեր զրուցակիցը արձանագրում է, որ «մեր երկրի նման երկրում դա այնքան էլ գործուն միջոց չէ»: «Արդյոք այդ մտավախություննե՞րն են պատճառը, որ ՀՀՇ-ն չի միանում ընդդիմադիր որեւէ ֆորմատի» հարցի պատասխանը եղավ. «Ինձ զարմացնում է հասարակության այն տեսակետը, որ ընդդիմադիրները պետք է պարտադիր միասին լինեն: ՀՀՇ-ն հենց դրանով է տարբերվում մի շարք քաղաքական ուժերից, որ միասին կարող է լինել իր համար գաղափարապես իդենտիկ ուժի հետ, այն էլ՝ ինչ-որ խնդրի լուծման հետ կապված: Քաղաքական սպեկտրն իր բազմազանությամբ պետք է առկա լինի, այլապես մշտապես երկու ուժ պետք է լիներ՝ իշխանություն եւ ընդդիմություն: Այդ սպեկտրն ինչքան ընդարձակ է, այնքան հասարակությունը հարուստ է եւ ուժեղ»: Տեղեկացնենք, որ երեկ ՀՀՇ վարչությունը «սահմանադրափոխության հետ կապված գործընթացը» բոյկոտող հայտարարություն է տարածել, որում առաջարկվող «նախագիծը», որակվում է «հայ ժողովրդին պարտադրվող պետականության բոլորովին այլ հիմնադրույթների եւ բոլորովին այլ արժեքային համակարգի վրա խարսխված մի փաստաթուղթ, որն անգամ մասնագիտական առումով չի համապատասխանում իրավագիտական փաստաթղթին ներկայացվող պահանջներին»: Հայտարարությունում տարակուսանք է հայտնվում նաեւ եվրոպական կառույցների աշխատանքի առիթով. «ՀՀՇ-ն իր տարակուսանքն է հայտնում սույն խնդրին առնչված եվրոպական կառույցների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի պաշտոնյաների վարքագծի առթիվ՝ խորապես կասկածելով նրանց մասնագիտական պատրաստվածությանը եւ գործիմացությանը: Նրանց հավանությանն արժանացած փաստաթուղթը մի կողմից՝ իր բազմաթիվ ներքին հակասություններով ու անհեթեթություններով շատ հեռու է իրավագիտական փաստաթղթի տարրական անհրաժեշտ որակներից, մյուս կողմից՝ կատարված փոփոխություններն ակնհայտորեն ուղղված են իրենց իսկ կողմից հռչակված այնպիսի հիմնարար սկզբունքների դեմ, ինչպիսիք են մարդու եւ քաղաքացու իրավունքները, ժողովրդավարությունը, իշխանության թեւերի տարանջատումն ու հավասարակշռումը, սեփականության իրավունքի պաշտպանությունը, ազատ շուկայական տնտեսության զարգացումը»: ՀՀՇ-ն նաեւ դատապարտում է «Սահմանադրափոխության առիթով որոշ պետությունների դեսպանների եւ օտարերկրացի այլ չինովնիկների՝ «ժողովրդավարություն ներմուծելու» քողի տակ բացահայտ միջամտությունը մեր երկրի ներքին գործերին: Մեծապետական այս վերաբերմունքը վիրավորանք է ժողովրդի հասցեին. ժողովուրդ, որը հենց ժողովրդավարական արժեքներին ապավինած՝ առաջինը ծառս եղավ խորհրդային բռնատիրության դեմ, իր համառ ու տեւական պայքարով դարձավ այն տապալող հիմնական ուժերից մեկը, իրականացրեց առաջին ժողովրդավարական ընտրությունները, հետխորհրդային տարածքում հիմնեց առաջին ժողովրդավարական պետությունը»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել