Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ները

Նոյեմբեր 17,2005 00:00

ԶԼՄ-ները «3» ստացան Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) նոյեմբերի 5-12-ը իրականացրել է Հայաստանի մի շարք ԶԼՄ-ներում սահմանադրական փոփոխությունների լուսաբանման մոնիտորինգ: Երեկ ԵՄԱ-ն հրապարակեց ուսումնասիրության արդյունքները: Ակումբը դիտարկել է ՀՀ ողջ տարածքում հեռարձակվող 4 հեռուստաընկերություն եւ 7 թերթ: ԵՄԱ-ի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի ներկայացմամբ, դիտարկվել են լրատվականի գլխավոր թողարկումները, լրատվական-վերլուծական ծրագրերը եւ քաղաքական բովանդակությամբ թոք-շոուները: Ըստ փորձագետի, հիմնական նպատակն է` պարզել, թե հայաստանյան լրատվամիջոցները որքանով են հասարակությանը համարժեք տեղեկություն տալիս առաջիկա հանրաքվեի եւ ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների մասին, որքանով են նպաստում գիտակցված ընտրություն կատարելուն: Եթե տվյալ հաղորդումը կամ հրապարակումը ընկալվում է որպես քարոզչություն սահմանադրական փոփոխությունների օգտին, ապա այն գնահատվում է դրական, «ոչ»-ի դեպքում` բացասական: Հաշվի են առնվել նաեւ չեզոք հրապարակումները: Մ. Հարությունյանի տվյալներով, «Հ2» «Լրաբեր» լրատվական ծրագրի 141 թողարկումից թեմային վերաբերել է 26-ը, որից 14-ը՝ դրական, 2-ը՝ բացասական, 10-ը՝ չեզոք: «Հ1» «Հայլուր» լրատվական ծրագրի մեկ շաբաթվա թողարկած 192 լուրից մոնիտորինգի թեմային առնչվել է 30-ը, որից 14-ը դրական է գնահատվել, 5-ը՝ բացասական, 11-ը՝ չեզոք: «Ազգ» օրաթերթի 214 հրապարակումից բարեփոխումներին վերաբերել է 10-ը, որից 2-ը՝ դրական, 4-ը՝ բացասական, 4-ը՝ չեզոք: «Հայկական ժամանակ»-ի 195 նյութերից թեմային առնչվել է 52-ը, որից 4-ը գնահատվել է դրական, 21-ը՝ բացասական, 27-ը՝ չեզոք: «Առավոտ» օրաթերթի 297 հրապարակումից թեմային վերաբերել է 61-ը, որից 5-ը՝ դրական, 12-ը՝ բացասական եւ 44-ը՝ չեզոք: Թե հեռուստատեսություններում, թե թերթերում գերակշռողը հանրաքվեի կազմակերպմանն առնչվող հարցերն են: Միջոցառմանը ներկա սահմանադրագետ Վարդան Պողոսյանը ամփոփելով նշյալ արդյունքները՝ նշեց, որ սույն հրապարակումները բավարար չեն մարդկանց սահմանադրական բարեփոխումներին իրազեկելու. «Դպրոցական լեզվով ասած՝ գնահատում եմ «3»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել