Լրահոս
Օրվա լրահոսը

«18+8»-Ն ԷԼ Է ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԱՐԵԼ

Նոյեմբեր 19,2005 00:00

Երեկ
հրապարակվեցին դրա արդյունքները «18+8» ընդդիմադիր միավորման շրջանակում գործող
հանրաքվեի օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովը, որը հոկտեմբերի
12-16-ը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման ընթացքի վերաբերյալ
60 փորձագետների շրջանակներում փորձագիտական հարցումներ է անցկացրել, երեկ ներկայացրեց
ոչ միայն դրանց տվյալները, այլեւ անդրադարձավ հանրաքվեի նախապատրաստական փուլում
հանձնաժողովի արձանագրած օրինախախտումների թեմային: Այդ առիթով երեկ հրավիրված ասուլիսին,
որի հիմնական բանախոսը հանձնաժողովի աշխատանքները համակարգող Ռուբեն Թորոսյանն էր,
մասնակցում էին նաեւ ընդդիմադիր միավորման ներկայացուցիչները: Ռ. Թորոսյանի
մատուցմամբ, անցկացման փուլերին վերաբերող մոնիտորինգն անցկացրած հանձնաժողովի բոլոր
եզրակացությունները հիմնված են բացառապես արձանագրված փաստերի վրա: Հանձնաժողովի
եզրակացության համաձայն, հարցվածների 83,3%-ը գտնում է, որ հանրաքվեի նախապատրաստման
ընթացքում կատարված խախտումները էական ազդեցություն կունենան հանրաքվեի անցկացման
եւ արդյունքների վրա, եթե հրատապ միջոցներ չձեռնարկվեն դրանց հետեւանքների վերացման
ուղղությամբ: Հարցվածների միայն 8,3%-ն է համարել, որ ամեն ինչ իրականացվում է ՀՀ
օրենսդրության համապատասխան: Հարցվածների 80%-ը գտնում է, որ «այո»-ի քարոզչությունը
խախտումներով է իրականացվում, իսկ 74,7%-ի կարծիքով՝ «ոչ»-ի քարոզչություն ԶԼՄ-ներով
ընդհանրապես չի իրականացվում: Ավելին, մասնավորապես հեռուստաեթերում քարոզչությունն
ընթանում է ծայրաստիճան անհավասար պայմաններում: Ռ. Թորոսյանի ասելով՝ «ոչ»-ի նկատմամբ
«այո»-ի քարոզչությունը գերակշռում է մոտ 100-ապատիկ անգամ: «Բոլոր հեռուստաընկերություններն
ակտիվորեն իրականացնում են հանրաքվեին «այո» ասելու քարոզչությունը, այնինչ՝ ընդդիմությանը
փաստորեն եթերում ժամանակ չի տրամադրվում»: Անդրադառնալով քարոզչության համար
անհավասար պայմաններ ստեղծելուն միտված իշխանությունների գործողություններին՝ բանախոսը
նշեց, թե իրենց քարոզարշավ անելու համար դահլիճ չեն տրամադրում, իսկ երբ թույլտվություն
են խնդրել Գիտությունների ազգային ակադեմիայի պատին «ոչ»-ի պաստառներ փակցնելու համար,
արգելել են՝ պատճառաբանելով, թե շենքը վարձակալված է: Ըստ բանախոսների, իշխանությունների
կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվում հանրաքվեի նախապատրաստական փուլում օրինախախտումների
կանխման եւ դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ: Հանրաքվեի նախապատրաստման ընթացքը
Ռ. Թորոսյանը գնահատեց որպես «ակնհայտ ետընթաց» անգամ 2003թ. ընտրությունների համեմատությամբ:
Ու որպես դրա հիմնական պատճառներ համարեց «եվրոպական կառույցների որոշ չինովնիկների
աջակցությունը կատարվող օրինախախտումներին, 2003թ. ընտրախախտողներին պատասխանատվության
չկանչելը, 2005թ. ՏԻՄ ընտրությունների զանգվածային խախտումներն անհետեւանք թողնելը»:
Հիշեցնենք, որ հանրաքվեի դեռ նախապատրաստական փուլում նույն այդ եվրոպական
կառույցները՝ ի դեմս ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահ պարոն Բուքիքիոյի, ՀՀ իշխանություններից
պահանջել էին համապատասխան մթնոլորտ ստեղծել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի
անցկացման համար, որը պետք է ենթադրեր նաեւ 2003թ.-ին տեղի ունեցած ընտրությունների
ժամանակ ընտրակեղծիքներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելը, ինչն առայսօր
չի արվել: Վերադառնալով Ռ. Թորոսյանի գլխավորությամբ աշխատող հանձնաժողովի
եզրակացություններին՝ նշենք, որ դրանցում ներառված են հանրաքվեի նախապատրաստական
փուլում տեղ գտած այլ օրինախախտումների դեպքեր: Որպես այդպիսիք պարոն Թորոսյանը նշեց
մասնավորապես այն, որ դատարանները քննարկման չեն ընդունում հանրաքվեի կենտրոնական
հանձնաժողովի անօրինական գործողությունների վերաբերյալ դիմում-բողոքները, իսկ հանձնաժողովի
նախագահն իր միանձնյա որոշումներով հավատարմագրում կամ մերժում է հավատարմագրել դիտորդական
առաքելությունները: Հանձնաժողովի եզրակացության համաձայն, «այո»-ի քարոզչությունը
հիմնականում իրականացվում է քարոզչության հիմնադրամներից դուրս միջոցներով եւ «փաստորեն
վերածվել է պետական քարոզչության»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել