Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՍՏԱՌ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 19,2005 00:00

ՊԱՍՏԱՌ
ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ «Նոր ժամանակներ» կուսակցության եւ Հայ արիական
միաբանության երիտասարդական թեւերի առաջնորդների ձերբակալման հետ կապված՝ ՀՀ ոստիկանության
քարոզչության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեկ տեղեկատվություն
էր տարածել, որ իբր երիտասարդներին ձերբակալել էին ահազանգով՝ «Այո» քարոզող պաստառները
պոկելու համար: Նարեկ Մալյանը, որը ՆԺ-ի երիտասարդական թեւի առաջնորդն է, երեկ «Առավոտի»
հետ զրույցում այդ հայտարարությունը որակեց «լկտի սուտ»: «Մեզ ձերբակալեցին Հայ արիական
միաբանության գրասենյակից դուրս գալիս: Մենք ոչ մի պաստառ էլ չենք պոկել, միայն «Ոչ
բռնությանը, անօրինականությանը» պաստառներն էինք փակցնում, որոնք ոստիկանները պոկում
էին: Հետո էլ որոշեցինք ներկով «ոչ»-եր գրել: Ձերբակալեցին երկու օպերատիվ խմբով՝
մոտ 15 հոգով եւ երեք մեքենայով: Նրանք բոլորը Կենտրոնի քրեական հետախուզության աշխատակիցներ
էին: Այսինքն՝ դա ոչ թե ահազանգ էր, այլ ծրագրված օպերացիա: Նրանք մեզ սկսել էին
հետեւել ձերբակալությունից մոտ 6-7 ժամ առաջ: Այդ ժամանակ մենք դեռ հստակ չէինք որոշել,
որ գիշերը «ոչ»-եր ենք գրելու»,- պատմեց Ն. Մալյանը: Ոստիկանության հայտարարությունում
նշված է, որ երիտասարդները խոստացել են մաքրել իրենց փակցրած եւ գրած «ոչ»-երը: «Մենք
նման խոստում չենք տվել: Բայց հիմա խոստանում ենք ավելի շատ «ոչ»-եր փակցնել եւ նկարել,
բացի օրենքով արգելված վայրերից»,- ասում է մեր զրուցակիցը: Նարեկի պատմելով՝
ոստիկանությունում նրանց այդպես էլ հստակ չեն պատասխանել, թե իրենց ինչի համար են
բերման ենթարկել: Սակայն այնտեղ նրանց հետ բավականին նորմալ են վերաբերվել: Տղաները
նույնիսկ ոստիկանության աշխատակիցների հետ «այո»-ի եւ «ոչ»-ի բանավեճի են բռնվել,
եւ բավականին կառուցողական ու բովանդակային քննարկում է եղել: «Գրեք, որ դուրս էիք
եկել քաղաքը կեղտոտելու՝ անմիջապես ազատ կթողնենք ձեզ»,- երիտասարդներին առաջարկել
էին օրենքի հայրենի պաշտպանները: Տղաները, բնականաբար, հրաժարվել են: Ն.
ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել