Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՄԵԿ ԱՆԳԱՄԻՑ ՉԻ՞ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Նոյեմբեր 19,2005 00:00

Ընկերության «sms+» ծառայությունից օգտվելը բաժանորդների վրա շատ թանկ է նստում

«ԱրմենՏել» ընկերությունը, բջջային կապի երկրորդ օպերատորի ի հայտ գալուն պես, սկսեց ոչ միայն նոր միջոցներ ձեռնարկել՝ կապի որակի լավացման համար, այլեւ նորանոր ծառայություններ մատուցել: Հեռուստատեսությամբ ցուցադրվող ընկերության գովազդային վերջին հոլովակները նոր «sms+» ծառայության մասին են: Այն իրենից ներկայացնում է եղանակի տեսության, հորոսկոպի մասին կարճ հաղորդագրությունների փոխանցում եւ ստացում: Հոլովակում ծառայության գինը՝ 59 դրամ (առանց ԱԱՀ-ի), բավականին մատչելի է թվում, սակայն, բաժանորդների հավաստիացմամբ, իրականում միայն տեղեկանալու համար, թե ինչ է սպասվում, ասենք՝ ջրհոսներին, հաշիվդ «թափով» պակասում է: Նախ, ընկերությանը նմանատիպ հարցեր ուղղելու եւ պատասխան ստանալու համար պետք է «nick» (կեղծանուն) որոշես ու գրանցվես: Շատ դեպքերում բաժանորդի ընտրած կեղծանունն արդեն մեկ ուրիշն օգտագործած է լինում, ուստի ստիպված պիտի լինես այնքան ժամանակ հաղորդագրություններ ուղարկել, մինչեւ կեղծանունդ հաստատվի: Բայց սրանով գրանցման գործընթացը չի ավարտվում, քանի որ «sms+» ծառայությունից օգտվելու փորձերի ժամանակ ընկերությունը դիտողություն է անում, թե «դուք գրանցված չեք» ու հորդորում եւս մեկ անգամ գրանցվել: Մի քանի անգամ գրանցման նպատակով ընկերությանն ուղղված հաղորդագրություններից հետո նոր գրանցումն ընդունվում է, իսկ մինչ այդ բաժանորդն ընկնում է անորոշ դրության մեջ, քանի որ օպերատորը ոչ մի նշան ցույց չի տալիս՝ ճի՞շտ է կատարել քայլերը, հաջողվե՞լ է գրանցվել, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է բուն ծառայությունից օգտվելու հետ կապված թյուրիմացություններին, ըստ բաժանորդների, իրենք մի բան են հարցնում, օպերատորը մեկ այլ բան է պատասխանում: Օրինակ՝ նրանց պատմելով, «երբ հարցնում ենք կարիճի նշանի տակ ծնվածների հորոսկոպը, գալիս է այծեղջյուրինը, նորից ենք հարցնում՝ սա այծեղջյուրինն էր, բա մե՞րը, ուղարկում են մի քանի օր առաջ ուղարկված տեքստը, կամ ընդհանրապես ուրիշ բան, ասենք՝ եսիմ որ քաղաքի եղանակի տեսությունը»: Բնականաբար, այս բոլոր քայլերը «պակասեցնում» են քարտի մեջ եղած հաշիվը: Բացի այդ, եթե նույնիսկ օպերատորը բաժանորդին «հասկանում» է 1 անգամից եւ ուղարկում ճիշտ նշանի աստղագուշակությունը, այն երբեմն կիսատ է լինում: «Առավոտի» թղթակցի՝ օրվա աստղագուշակությունն իմանալու համար ուղարկված հաղորդագրությանն ի պատասխան օպերատորն ուղարկել է՝ «օրը…» ու վերջ, ենթադրությունները, թե այն բարեհաջող կամ նպաստավոր է լինելու գնումների կամ այլնի համար, պետք է անի բաժանորդը: Երբ նմանատիպ թյուրիմացությունների համար կապվում ես բաժանորդային բաժնի հետ, բաժնի աշխատակիցները, որպես կանոն, ամբողջ մեղքը գցում են բաժանորդի վրա. «Կարող ա ճիշտ հարցում չեք արել, մի հատ նորմալ ուղարկեք, անհնար է, ճիշտ պատասխանը կգա»:

Բջջային կապի երկու օպերատորներն էլ հայտարարել են, որ բաժանորդը վճարելու է միայն ելքային զանգերի համար, այսինքն՝ երբ ինքն է զանգում, իսկ մուտքային զանգերն անվճար են: «ԱրմենՏելի» ինտերնետային կայքում «sms+» ծառայության սակագների ցանկում նշված է, որ 1000 եւ 1111 համարներին կարճ հաղորդագրությունների փոխանցման համար բաժանորդը, ներառյալ ԱԱՀ-ն, պետք է վճարի 70.8 դրամ, իսկ նույն համարներից հաղորդագրությունների ստացումն անվճար է: Սակայն որոշ բաժանորդներ պնդում են, որ երկու դեպքում էլ իրենց հաշվից պակասում է:

Այս ամենի առնչությամբ ընկերությունից մինչեւ օրվա ավարտը չհաջողվեց պարզաբանումներ ստանալ: Ընկերության աշխատակիցները, ինչպես նաեւ լրատվական բաժինը, ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետների գործադուլի հետ կապված դատական գործընթացի պատճառով շատ խառն էին: Այնուամենայնիվ, լրատվական բաժնից մեզ խոստացան բողոքող բաժանորդների հեռախոսահամարները համակարգչով ստուգել ու պարզել. ի՞նչ են նրանք հարցրել՝ օպերատորն ինչ է պատասխանել:

«ԱրմենՏելի» հետ կապված մեկ ուրիշ սխալմունք էլ կա: «sim» քարտի բաժանորդներին առաջարկվող ծառայությունների փաթեթի մեջ մտնում է նաեւ հեռախոսահամարը փակելու հնարավորությունը: Սակայն պարզվում է՝ համարը հնարավոր է լինում բացել: Եթե այն մարդը, ում փակված հեռախոսահամարով զանգահարում են, տեղադրել է հեռախոսահամարը գրանցող 2 ապարատ, համարը նորմալ, սովորականի պես գրանցվում է: Այնպես որ, ոչ մի դեպքում «ԱրմենՏելի» վրա չես կարող հույս դնել:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել