Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողն

Նոյեմբեր 19,2005 00:00

«Փողն է մերօրյա հավատը, սերն ու Աստվածը» Նման տխուր եզրակացության է եկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արտաշես Ալեքսանյան-Էրզրումցին: «Առավոտը» բազմիցս ներկայացրել է մեր այն արվեստագետներին, ովքեր ճանաչված են ու ավելի լայն պահանջարկ են վայելում արտերկրում, քան մեզ մոտ: Թատերարվեստի ու կինոարվեստի ոլորտներում վերջին տարիներին տարբեր առիթներով հոլովվում է Ա. Ալեքսանյան-Էրզրումցու անունը: Նա ուսանել է Մոսկվայի Ս. Գերասիմովի անվան կինոինստիտուտում՝ Արմեն Ջիգարխանյանի եւ Եվգենի Սիմոնովի արվեստանոցներում: Մայր թատրոնում հանդես է եկել Ալ. Պետրոսյանի «Ծիրանի ծառ», Պ. Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացումներում: Պատրաստվում է մարմնավորել Բագրատի կերպարը Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայում, որի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի կեսերին: Ա. Ալեքսանյան-Էրզրումցին վերջերս նկարահանվել է գերմանական արտադրության ֆիլմում (վերնագիրը դեռեւս ճշտված չէ)՝ հանդես գալով ռուս ցարական գնդապետի դերում, ուր պատմվում է Խ. Աբովյանի եւ Պարրոտի՝ Արարատ լեռ բարձրանալու հետ կապված վարկածների մասին: Դերասանին ավելի շատ հանդիպում ենք արտերկրի արտադրության ֆիլմերում՝ Դմ. Քեոսայանի «Անիծվածները», Ռագոշկինի «Կոտրած լապտերների փողոցը», Սակուրովի «Ռուսական տապան», Յասանի «Սիրո անիվ», «Հատուկ նշանակության ջոկատը», կանադական արտադրության «Գարլի Պալմեր», Ֆրանսիայի, Մարոկկոյի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի համատեղ արտադրության «Երեք թագավորների կռիվը»: Վերջին նկարում նրա խաղընկերներն են Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շարիֆը, Սերգեյ Բոնդարչուկը, Հարվի Քեյթըլը եւ այլք: Որպես կինոդերասան, նրան քիչ են նկատել հայաստանցի ռեժիսորները: Նկարահանվել է ընդամենը Հովհ. Գալստյանի «Զուգահեռ ճանապարհներ» եւ Ս. Բաբայանի «Բարաբա» ֆիլմերում: Ալեքսանյան-Էրզրումցին պատմեց, որ մոտ ութ տարի արտերկրում (Ռուսաստան, Չեխիա, Իսպանիա, Իտալիա եւ այլուր) աշխատելուց հետո, երբ երկուսուկես տարի առաջ վերադարձել է հայրենիք, մշակույթի նախկին նախարար Թ. Պողոսյանին ու ներկայիս նախարար Հ. Հովեյանին դիմել է նամակներով, տեղեկացնելով, մասնավորապես, որ 90-ականների վերջին Չեխիայում իր բեմադրած Շեքսպիրի «Մակբեթը» այսօր էլ խաղացանկում է: Խաղացանկից դուրս չեն եկել դարձյալ իր բեմադրած Լ. Դեվեգայի «Շունը դեզի վրա», Թ. Բրանդոյի «Չառլիի մորաքույրը», Գոգոլի «Ռեւիզորը» եւ այլ ներկայացումներ: Ավելին, առաջարկել է մարզային որեւէ թատրոն (Կապան, Գավառ, Գյումրի) վստահեն իրեն, բայց ապարդյուն: Մեր զրուցակիցը հիշեց տարբեր առիթներով չեխ պետական այրերի կողմից առավել հաճախ հնչող հետեւյալ միտքը՝ կարող ենք աշխարհը գրավել միայն արվեստով ու սպորտով: «Իսկ այսօր մեր կառավարությունն առանձին է, ընդդիմությունը՝ առանձին, արվեստն ու սպորտը՝ առանձին: Բացարձակ միմյանց չեն հանդիպում: Հասկացեք, անհնար է դրսում ընդունվել-ճանաչվել, ներկայանալ առանց թվարկածս «առանձինների» միասնության»: Ետ գնալով տարիներ հետ, դերասանը բարձրաձայնեց, որ 1990թ. Շանթի «Ընկած բերդի իշխանուհին» հեռուստաներկայացման մեջ իր կերտած իշխան Վասիլի կերպարը ներկայացված է եղել «Լավագույն դերասան» անվանակարգում. «Մրցանակաբաշխությունից օրեր առաջ հանձնախմբի անդամներից մեկը հրավիրեց ինձ իր տուն, հանձնեց մրցանակը ու, չգիտես ինչու, պաշտոնապես այդ մրցանակին արժանացավ մեկ այլ դերասանուհի: Մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ինչի՞ համար էր այդ թատրոնը: Միայն հասկանում եմ, որ թատրոն պետք է խաղալ, այլ ոչ թե կյանքը թատրոն դարձնել»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել