Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՎԱԿԱՆ Է, ՈՐ ԳԻՏԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Նոյեմբեր 28,2005 00:00

Երեկ
քվեարկության ավարտից հետո Հասարակական տեղեկատվական կենտրոնում ասուլիս անցկացրին 
ընդդիմության մի շարք առաջնորդներ: «Հանրապետություն» կուսակցության
նախագահ Արամ Սարգսյանը խոստացավ, որ «երկար չի տեւելու իշխանության խրախճանքը».
ժողովուրդը հավաքվելու է ու գործընթացը «երկար թե կարճ՝ հասցնելու իր վերջնական վախճանին»:
Կատարվածի քաղաքական գնահատականների շարքում նա մասնավորապես նշեց. «Տպավորություն
է ստեղծվում, թե այս տարածաշրջանում ձեւավորվում են չարի կղզիներ՝ հանձինս Ադրբեջանի
եւ Հայաստանի ընտրությունների»: Խնդրի բարոյական կողմին անդրադառնալով՝ նշեց. «Պարզվում
է, 2 մլն 500 բնակչություն ունեցող Հայաստանում 300 հազար զինվորական կա, որոնք գնում
են քվեարկելու: Բա ո՞նց կարելի է այդ մատաղ սերնդին, նրանց, ովքեր Հայաստանի ապագայի
կերտողներն են, 3-4 անգամ պտտեցնել քվեարկելու»: «Նոր ժամանակներ» կուսակցության
նախագահ Արամ Կարապետյանը պնդեց, թե սահմանադրական փոփոխությունները չեն անցել. «Ժողովուրդը
չի մասնակցել, ընդդիմության կոչով բոյկոտել է հանրաքվեն»: Հավելեց, թե իշխանություններն
արել են ամեն ինչ ավելի վատ, քան 2003-ին. «Ժողովրդավարություն խաղալով լցրեցին ու
նկարեցին»: Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես
Հովհաննիսյանի գնահատականն էր. «Իշխանությունները նորից ապացուցեցին, թե չունեն քաղաքական
կամք, որ երկրում իրապես տեղի ունենան քիչ թե շատ նորմալ ընտրություններ»: Ըստ նրա,
իշխանությունը նաեւ ժողովրդին վանեց համաշխարհային հանրությունից. «Փորձեցին ապացուցել,
որ ժողովրդավար արժեքներ կրող երկրներն աջակցում են իրենց: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց,
որ եթե ընդդիմությունը պնդեր՝ կհրավիրեր ԵԱՀԿ դիտորդներին: Ուզում եմ նրան ասել՝
ընդդիմությունը պնդո՞ւմ էր, որ դուք անում էիք այն բոլոր հանցագործությունները, որոնք
կատարվում են երկրում»: Հովհաննես Հովհաննիսյանը չանդրադարձավ, որ ընդդիմությունը՝
առնվազն «Արդարություն» դաշինքն իրականում պնդել է եւ հատուկ դիմել ԱԺ նախագահ Արթուր
Բաղդասարյանին, խնդրանքով, որ հրավիրվեն ԵԱՀԿ դիտորդները: Այսինքն՝ նման պնդման բացակայության
մասին Ռոբերտ Քոչարյանի հավաստիացումն առնվազն ոչ տեղեկացվածության հետեւանք էր:
Ինչպես եւ նրա պնդումները, թե չի ստեղծվել եւ ոչ մի գրքույկ, որտեղ շարադրված լինեին
սահմանադրական փոփոխությունների թերությունները: Հրապարակված են առնվազն երկու նման
գրքույկներ՝ Խաչատուր Օհանյանի «Սահմանադրական փոփոխությունների կնճիռները» եւ «Ժողովրդավարություն»
հասարակական կազմակերպության ղեկավարներ Վարդան Պողոսյանի եւ Հրայր Թովմասյանի «Համառոտ
պարզաբանումները»՝ նախագծի վերաբերյալ: Սակայն վերադառնանք ասուլիսին: ՀԴԿ
նախագահ Արամ Սարգսյանը պնդելով, թե հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք
ունեցողների 15-20 տոկոսը՝ շնորհակալություն հայտնեց ժողովրդին, որ «չնայած ահաբեկման
ու վախի մթնոլորտին, որը փորձում էին ստեղծել իշխանությունները՝ միանշանակ պատասխանեց
այդ գործողություններին, չմասնակցելով այս հանրաքվեին: Սա գլխավոր արդյունքն է այսօր»:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Անահիտ Բախշյանն ասուլիսում
ներկայացրեց մի ուշագրավ մանրամասն. 8/25 տեղամասում ժամը 12:55-ին քվեարկելու էր
եկել ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը եւ բաց քվեարկել. «Հանձնաժողովի
անդամը նրան ասաց՝ «դուք պիտի ծալեք»: Պատասխանեց, թե «ես վախենալու ոչինչ չունեմ՝
բա՛ց եմ քվեարկում»: «Քոչարյանի ախպերն է»,- նկատեց Արամ Կարապետյանը: Ընդդիմության
առաջնորդներին հենց ասուլիսի ընթացքում փոխանցվեցին հանրաքվեին մասնակցության վերջնական
տվյալները, ըստ որի՝ քվեարկել է շուրջ 1,5 մլն մարդ: Արամ Կարապետյանը հաշվեց, որ
ըստ այդմ՝ 1 ժամում 65 մարդ է մտել տեղամաս, եւ «կոնվեյերի նման» քվեարկել են՝ 1
ընտրողը 45-48 վայրկյանում: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն այս փաստն այլ կերպ մեկնաբանեց.
«1 մլն 400 հազար մարդ քվեարկեց, որ Ռոբերտ Քոչարյանը դառնա նախագահ: Հիմա 1,5 մլն
քվեարկել է, որ նրա լիազորությունները նվազե՞ն: Մի քիչ տարօրինակ է»: «Ազատություն»
ռ/կ-ի հարցին՝ «Այս իրավիճակում, երբ պաշտոնական տեղեկություններով՝ 1,5 մլն մարդ
է մասնակցել, 18 միջազգային դիտորդները դժվար թե այնքան խախտումներ տեսած լինեն («Մոռացե՛ք
նրանց մասին»,- առաջարկեց Վազգեն Մանուկյանը.- Ա. Ի.), որքան տեղական դիտորդները:
Ի՞նչ կարող են անել ձեր ներկայացրած տվյալները», ԱԺՄ նախագահը պատասխանեց հարցով.
«Բայց մեր ամբողջ ժողովուրդը գիտի, չէ՞, որ դա կեղծ է, եւ գիտի, թե ինչ է տեղի ունեցել:
Դա բավակա՞ն չէ»: «Հանրապետություն» կուսակցության նախագահը նշեց, թե շատ
կուզենար իմանալ կոալիցիայի այն գործիչների կարծիքը, որոնք ասում էին, թե ամենակարեւորը
քվեարկության թափանցիկությունն է. «Իրենք այս ընտրությունները թափանցիկ ու կայացա՞ծ
են համարում»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել