Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան գալու երեք պատճառ ունեի»

Դեկտեմբեր 15,2005 00:00

«Առավոտի»
հետ զրույցի սկզբում նշեց ամերիկացի անվանի դիրիժոր, Soli Deo Gloria դասական հոգեւոր
երաժշտություն տարածող կազմակերպության տնօրեն Ջոն Նելսընը: Առաջին
պատճառը դիրիժորի անձնական հետաքրքրությունն է. տեսնել այն երկիրը, որը թեպետ համարվում
է նոր զարգացող, բայց հայտնի է աշխարհով մեկ սփռված իր տաղանդավոր երաժիշտներով:
Երկրորդը՝ մտերմությունն է հայաստանցի թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր,
աշխարհահռչակ Գուլբենկյան նվագախմբի արտիստ Վարուժան Բարթիկյանի հետ, երրորդ պատճառը
հայ հոգեւոր երաժշտությանը հենց բնօրրանում ծանոթանալն է: Նախապես տեղեկանալով
դիրիժորի լայնամասշտաբ գործունեությանը (ոչ միայն սիմֆոնիկ, այլեւ օպերային ժանրում),
հարցրինք. «Դժվար չէ՞ ունենալ լայն դիապազոնի երկացանկ՝ ռոմանտիզմի դարաշրջանի գործերի
մեկնաբանություն, Հայդնի ու Մոցարտի արվեստին նվիրվածություն, միաժամանակ ուշադրության
կենտրոնում պահել բարոկկոյի երաժշտությունն ու ժամանակակից հեղինակների գործերը»:
Ջ. Նելսընը նշեց, որ դա աշխատատար պրոցես է եւ պահանջում է մեծ փորձառություն. «1991-ին
Չիկագոյում հիմնել եմ այս կազմակերպությունը, որի նպատակն է պահպանել, պրոպագանդել
դասական հոգեւոր երաժշտությունը: Համագործակցել եմ Բոստոնի, Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի,
Ռոտերդամի, Քյոլնի եւ այլ աշխարհահռչակ նվագախմբերի հետ: Իմ նախաձեռնությամբ
բարեգործական համերգներով հանդես եմ եկել Չինաստանում, Լիբանանում, Ուկրաինայում,
Կուբայում եւ այլուր»: Ընդ որում, «Ա. Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի
16-ին կայանալիք համերգը՝ նվիրված Մոցարտի ծննդյան 250-ամյակին, դիրիժորի նախաձեռնությունն
է: Այդ երեկո կհնչեն Մոցարտի «Մեծ մեսսան» եւ Բեթհովենի «Եռակի կոնցերտը»: Բնականաբար,
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի Ջոն Նելսընը, մենակատարներն
են՝ Պորտուգալիայից Վարուժան Բարթիկյանը, ջութակահար Փիթր դի Վրիջը, դաշնակահար Ֆիլիպպե
Պինտո Ռիբեյրոն: Մեծակտավ ստեղծագործությունների կատարմանը ներգրավված են Իրինա Զաքյանը
(սոպրանո), Մարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո), Սարգիս Թորոսյանը (տենոր), Խաչատուր
Մաթեւոսյանը (բաս), Հայաստանի պետական եւ «Հովեր» կամերային երգչախմբերը: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Ջոն Նելսընը հույս ունի, որ հայ դասական հոգեւոր
երաժշտության CD-ների ու համապատասխան գրականության ուսումնասիրման շնորհիվ կընդարձակի
իր երկացանկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031