Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ

Դեկտեմբեր 16,2005 00:00

ՄԵՐ ԵՂԱԾ-ՉԵՂԱԾԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՈՒՄ Երեւանի օպերային թատրոնում դեկտեմբերի 14-ին կայացավ Ազգային երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունը: Մեծ թվով հանդիսատես եւ հեռուստադիտող հավաքած միջոցառման հանդեպ հետաքրքրությունը սպասելի էր, քանի որ հաջորդ տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է «Եվրատեսիլ-2006» մրցույթին, եւ սա կարծես ունեցած-չունեցածը ի մի բերելու առիթ էր: Մինչ մրցանակաբաշխությունը՝ արդեն շրջանառվում էին խոսակցություններ, թե այս կամ այն անվանակարգերում ովքեր են հաղթելու, սակայն, ընդհանուր առմամբ, տպավորությունը դրական էր, թեեւ մրցանակաբաշխությունը ամենեւին էլ շոուի մակարդակի չէր: Ակնհայտորեն շատերը դժգոհ էին, որ, օրինակ, «Տարվա լավագույն երգչուհի անվանակարգում», ինչպես եւ սպասվում էր, հաղթեց Սիրուշոն ու ոչ թե Անի Քրիստին կամ «Տարվա հայտնություն» դարձավ ոչ թե «Լավանդա տրիոն», այլ ՕԵԿ խմբակցության անդամ, պատգամավոր Գագիկ Մխեյանի դուստր Սոֆին: «Տարվա լավագույն երգիչ» ճանաչվեց Անդրեն: Մեզ հետ զրուցած մասնագետների համոզմամբ, որոնք «վատամարդ չլինելու» համար խնդրեցին իրենց անունները չհրապարակել, «Տարվա լավագույն երաժշտական ալբոմ» անվանակարգում պոտենցիալ հաղթող էր Ֆորշի «Այսպես էլ ապրում ենք»-ը կամ Արթուր Իսպիրյանի «JAZZ AVANS»-ը, ոչ թե Սիրուշոյի «Շերամը»: Չենք կարող չնշել նաեւ այն փաստը, որ ելույթ ունեցողների գերակշիռ մեծամասնությունը չկարողացավ յոլա գնալ առանց ֆոնոգրամայի: Այդ «գայթակղությունից» զերծ չմնացին նաեւ արհեստավարժ կատարողները. նկատի ունենք մասնավորապես Նունե Եսայան-Արսեն Գրիգորյան դուետը, որ սիրային երգով ու համապատասխան ժեստերով հանդես եկավ: Ի տարբերություն նրանց, հայտնի «Տոդես» շոու-բալետը ավելի «բաց սիրախաղ» է ներկայացնում բեմում, սակայն դա անում է արվեստով, ինչը չհաջողվեց դուետին: Թեպետ գովելի է այդ «համարձակ» կուլտուրայի «ներմուծման» փորձը հայկական երգարվեստ: Զարմանալիորեն մրցանակաբաշխության մեջ այս էլ որերորդ անգամ դուրս են «սպրդում» «Լավագույն կոմպոզիտոր», «Լավագույն տեքստի հեղինակ», «Ժողովրդական երգի լավագույն կատարող», «Լավագույն ջազային խումբ», «Լավագույն ռոք խումբ» եւ այլ անվանակարգեր: Մյուս կողմից հասկանալի է, օրինակ, «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգի բացակայությունը. վերջին տարիներին այդ ժանրում ո՞ր պրոֆեսիոնալն է ստեղծագործում: Դաշտն էլ հեղեղված է երգահանների գործերով: Մրցանակաբաշխությանը ներկայացված էր միայն մեկ կոմպոզիտորի՝ Վլադիլեն Բալյանի «Լիրիկականը», որը եւ հաղթեց «Լավագույն երաժշտակամ դուետ» անվանակարգում: Գովելի է, որ երգի կատարող Քրիստինե Պեպելյանը խոստովանեց, թե իր փոխարեն ով էլ կատարեր այդ երգը Ֆլորա Մարտիրոսյանի հետ, կգնահատվեր շնորհիվ կոմպոզիտորական ստեղծագործության եւ անկասկած բազմափորձ երգչուհու ընկերակցության: «Տարվա լավագույն աշխատանք արտերկրում» անվանակարգում հաղթեց Էմմին: Չինական կրկեսի արտիստների հետ նրա ներկայացրած համարը, ինչ խոսք, ինքնատիպ էր, եւ հենց նմանօրինակ համարներով են շոուներ «սարքվում»: Ճիշտ էր, որ երգչուհի Արմինկային «Տարվա լավագույն ոճ», իսկ «Արցախի ձայներին»՝ «Տարվա լավագույն երաժշտական նախագիծ» մրցանակները շնորհվեցին: Անկասկած, «Տարվա լավագույն տեսահոլովակը» ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Մայրիկն» էր (օպերատոր՝ Արթուր Ապրեսով): Արդարացված էր հատուկ մրցանակների շնորհումը կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին, երաժիշտ Վազգեն Ասատրյանին, «Շարմին», երգչուհիներ Էմմա Պետրոսյանին, Ինգա եւ Անուշ Արշակյաններին: Հարկ է, որ շեշտվեր նաեւ Լեւոն Մալխասյանի ունեցած նշանակալի ավանդը հայկական ջազում: Ափսոս, որ գոնե մրցանակաբաշխությունից դուրս չհանդիպեցինք Ֆորշին, Անահիտ Մանուկյանին եւ, իհարկե, Շուշան Պետրոսյանին: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, Հ1-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ անցյալ տարի ունեցած հայտնի կոնֆլիկտից հետո երդվել է այլեւս չմասնակցել այս միջոցառմանը: Մի նկատառում եւս, քանի որ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում շատ բան «արտագրված» է ռուսական եւ եվրոպական շոուներից, լավ կլիներ, որ մի բան էլ «արտագրվեր», եթե սեփականը բացակայում է: Խոսքը Ռուսական հեռուստաակադեմիայի «ՁնՂԼ» ամենամյա մրցանակաբաշխության ժյուրիի աշխատաոճի մասին է: Այնտեղ հայտարարվում է անվանակարգը, հանդիսասրահից իջնում են ժյուրիի անդամները, հենց տեղում բոլորի աչքի առաջ փակ քվեարկությամբ որոշվում է հաղթողը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել