Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐ

Դեկտեմբեր 17,2005 00:00

ՊԱՅՔԱՐ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ «Այստեղ եղել են DiRecTor-ը, Muradik-ը եւ Alert-ը». սովորաբար այսպիսի գրություններ են թողնում ադրբեջանցի հակերները հերթական անգամ որեւէ հայկական կայք «ջարդելուց» հետո: Ի տարբերություն ադրբեջանցիների, հայ հակերները նման «հետքեր» չեն թողնում: Հայկական եւ ադրբեջանական ինտերնետային կայքերն ու ֆորումներն արդեն վաղուց փոխադարձաբար ենթարկվում են հակերական հարձակումների: Այդ չհայտարարված կամ գուցե նաեւ Ինտերնետում հայտարարված պատերազմի հետեւանքով ադրբեջանական եւ հայկական կայքերում պարբերաբար հայտնվում են վիրավորական գրություններ, սպառնալիքներ ու հակակարգախոսներ: Այս երկկողմանի «սխրագործությունները» բուռն քննարկվում են ադրբեջանական http//forum.fox.az եւ հայկական http//forum.hayastan.com կայքերի ֆորումներում, որտեղ գործընկեր հակերները խրախուսում եւ շնորհավորում են հերթական հաղթանակը՝ «հալալ ա քեզ, Լազար ջան»: Ամենից շատ վնասվում են հայկական այն կայքերը, որտեղ տեղեկատվություն կա հայերի պատմության, գրականության եւ ցեղասպանության մասին: Այս տարվա մարտին ադրբեջանական հակերների հարձակումներից հետո www.armenianhouse.org,www.genocide.ru, www.hayastan.com եւ www.artsakhworld.com կայքերում ցեղասպանության մասին բաժիններում եւ ֆորումներում հայտնվեցին ադրբեջանական եւ թուրքական կարգախոսներ ու վիրավորական արտահայտություններ: Ադրբեջանցի հակերներին հաջողվեց «ջարդել» նաեւ www.armnet.ru կայքը: Այդ հարձակմանն ի պատասխան, հայ հակերները ոչնչացրին ադրբեջանական մի քանի ինտերնետային կայքեր եւ ֆորումներ՝ www.training.az, www.pfmc.az/forum/, www.aran.az,www.automarket.az/forum/, www.chat.az/forum, www. press.az/forum, www.bazar.az/forum/,www.presscouncil.az/forum/: Այս տարվա ընթացքում երկու կողմերի կայքերի վրա հարձակումներ եղան փետրվար, մարտ եւ ամառվա ամիսներին: Այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային ցանցում, ավելի շատ հիշեցնում է երկու կողմերի հակերների ամբիցիաների բավարարման փորձեր, քանի որ ապակողմնորոշող որեւէ լուրջ տեղեկատվություն չի տեղադրվում: Հակերը սահմանափակվում է միայն իր հաղթանակը տոնելով եւ իր ծածկանունը կայքում արձանագրելով: «Ադրբեջանցի հակերների հարձակումները հայկական կայքերի վրա մեր կողմից դիտարկվում են որպես ինքնահաստատման միջոց աշխարհի հայտնի հակերների աչքերում»,- ադրբեջանական «Էխո» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի ազգային ինտերնետային ֆորումի նախագահ Օսման Գյունդուզը: «Սա ավելի շատ նման է մրցակցության. ո՞վ ավելի շատ կայք կջարդի, ո՞ր կողմը կկարողանա ավելի շատ պարծենալ գործընկեր հակերների առաջ: Սակայն նպատակը, իհարկե, միակն է՝ վնասել»,- ասում է www.OpenArme nia.com պորտալի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը: Ադրբեջանի Քրեական օրենսգրքով արգելվում է վիրուսային հարձակումը եւ անօրինական մուտքը ուրիշին պատկանող տեղեկատվական համակարգ: Ադրբեջանի օրենքը, սակայն, նախատեսում է միայն տուգանք: Հայաստանի Քրեական օրենսգրքի 24-րդ՝ «Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ»-ի մասին գլուխը (251-257 հոդվածներ) նույնպես արգելում է առանց թույլտվության համակարգչային տեղեկատվության համակարգ մուտք գործելը, տեղեկատվությունը փոփոխելը, համակարգչում կամ ցանցում տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը եւ տարածելը: ՀՀ Քրեական օրենսգիրքն այս եւ այլ նման հանցագործությունների համար որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 500-ապատիկի չափով, կամ վեց ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, կամ երկուսից հինգ տարի ազատազրկում: ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապի եւ լրատվության վարչության տվյալների համաձայն՝ 2003թ.-ից առայսօր ՀՀ Քրօրի 251-257 հոդվածների հատկանիշներով քրգործեր չեն հարուցվել: Սակայն այս հոդվածները վերոհիշյալ դեպքերում դե ֆակտո չեն կիրառվում: Հնարավոր է դատական նախադեպեր ունենայինք, եթե հակերը ջարդեր հայկական որեւէ կայք, այլ ոչ թե «թշնամու»: Ոլորտի մասնագետների կարծիքով՝ տեղեկատվական պայքարի խնդիրը ոչ թե կենդանի ուժի սպանությունն է, այլ հակառակ նպատակների, հայացքների ու հասարակական աշխարհայացքի ոչնչացումը: Այսօր ի հայտ են եկել տեղեկատվական պայքար մղելու բազմազան ձեւեր: Դրանցից են՝ էլեկտրոնային փոստով ուղարկման ընթացքում հաղորդագրության փոփոխումը, ինտերնետային էջերում տեղեկատվության փոփոխումը կամ ոչ ճիշտ տեղեկատվության տեղադրումը, գաղտնիք պարունակող ինֆորմացիայի հրապարակումը եւ այլն: Հնարավոր է խեղաթյուրել կայքում եղած տեղեկությունը կամ փոխել իմաստը: Չի բացառվում, որ դա իրական աշխարհում հանգեցնի բազմաթիվ կոնֆլիկտների եւ հարվածի երկրի անվտանգությանը: Այդ պատճառով տեղեկատվության անվտանգության լավ կազմակերպումը կարեւոր նախապայման է տեղեկատվական պայքարում հաղթելու համար: ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել