Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ նկարչի հերթական հաջողությունը

Դեկտեմբեր 17,2005 00:00

Հայ նկարչի հերթական հաջողությունը 2006թ. հունվար ամսին գերմանացիների նախաձեռնությամբ Ֆրանսիայում կբացվի միջազգային ցուցահանդես, որին նաեւ հրավիրված է մեր հայրենակից Մեխակ Էլբակյանը: Հրավերը Մեխակը ստացել է գերմանացիներից, որոնք 2005թ. հունիսի 5-ից հուլիսի 5-ը Բեռլին քաղաքում կայացած ցուցահանդեսի ժամանակ հնարավորություն էին ունեցել մոտիկից ծանոթանալու Մ. Էլբակյանի արվեստին: Ցուցահանդեսը իր շրջանակներում ներգրավել էր տարբեր ոճերի եւ մտածողության արվեստագետների աշխատանքներ: Մասնակիցները ընտրվել էին ինտերնետում անցկացված մրցութային կարգով, որտեղ հաղթողներ էին ճանաչվել 30 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ Հայաստանը ներկայացնող գեղանկարիչ Մեխակ Էլբակյանը: Ցուցահանդեսին Մեխակը ներկայացրել էր 5 աշխատանք՝ «Դեպի աթոռ», «Դիմակներ», «Կին եւ հոգեբան», «Աթոռ, կին, Շեքսպիր», «Մեծ գիրք»: Գերմանական թերթերը մեծ ոգեւորությամբ արձագանքեցին այս միջոցառմանը: Տաղանդավոր գեղանկարչի աշխատանքները մեծ ուշադրության արժանացան թե իրենց արտահայտչականությամբ եւ թե թեմայի ընտրությամբ: Մեխակի աշխատանքներն ինքնատիպ են, խոսուն եւ արտահայտիչ: Երիտասարդ արվեստագետի ուշադրության կենտրոնում մարդն է՝ իր տարբեր դրսեւորումներով: Մեխակ Էլբակյանի համար կյանքի կարեւորագույն արժեքներ են հանդիսանում բարոյականությունը, պարկեշտությունը, ազնվությունը, բարությունը եւ սերը, հանուն որոնց գոյատեւման է նկարիչը շարունակում ստեղծագործել եւ պայքարել անարդարության ու կյանքի հոռի երեւույթների դեմ: Պատահական չեն ընտրված նրա «Գայթակղիչ աթոռ», «Անդեմ մարդը», «Խաչվածը» եւ ընդհանրապես նրա բոլոր գործերի վերնագրերը; Հավելենք միայն, որ Մեխակ Գաբրիելյանը ավարտել է Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիան, 2002-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1992-ից նկարիչը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: ԱՐՄԻՆԵ ՍԱՄՍՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել