Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Դեկտեմբեր 17,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդԳիրք երկրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ ¶ÉáõË »ññáñ¹ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ ՀԱՋՈՂՈՒԹՅՈ՜ՒՆ, ՊԱՐՈ՛Ն ԳՐԵՑԿԻ Էն ժամանակ իմ էդ գրասեղանը նոփ-նոր ու փայլուն էր, եւ ես Սերգեյին ասացի. – Գրասեղանը հո բանաստեղծություն գրելու համար չի՞ նախատեսված:- Սաղն էլ գրասեղան ունեն, բայց հազարից մեկն ա բանաստեղծություն գրում: – Գրողը գրում ա, չգրողն էլ չի գրում,- ասաց Սերգեյը: – Իմ գրելը վարակի պես բան էր,- ասացի ես.- մեր կուրսի տղերքից վարակվեցի: – Հայերի մեծ մասը վարակված են,- ասաց Սերգեյը.- մի մասը էրեխա վախտ ա վարակվում, մյուս մասը՝ թոշակի անցնելուց հետո: – Ես էրեխա վախտս չեմ վարակվել: – Որեմն՝ քոնը լուրջ ա. էրեխայական զբաղմունք չի: – Որ բանասիրականում չսովորեի, մեր կուրսի տղերքի հետ չշփվեի, հաստատ բանաստեղծություն չէի գրի: Չէի էլ իմանա, որ էս քաղաքում բանաստեղծություն գրող մարդիկ կան: – Մեր կուրսի տղերքի մեծ մասը երեւի արդեն բանաստեղծություն գրելը թարգել ա: – Երեւի: – Բայց դու շարունակում ես: Դու, փաստորեն, իրանցից ուշ սկսեցիր, բայց հիմի իրանցից առաջ ես ընկել ու արդեն տպվում ես, էն էլ՝ «Գարունի» պես ժուռնալում: – Ավետյան Լյովը մինչեւ ինստիտուտ ընդունվելն արդեն «Գարունում» տպվել էր: – Ինքը մինչեւ ինստիտուտ ընդունվելն ա տպվել, դու՝ ինստիտուտից հետո. դրա համար եմ ասում, որ քոնը լուրջ ա: – Հա՞ որ: – Շատ լուրջ ես ընդունում,- ասաց Սերգեյը.- էդ բանաստեղծություն գրելուդ շատ լուրջ ես վերաբերվում: Տղերքի ու քո տարբերությունն էն էր, որ իրանք շատ լուրջ էին էդ ամեն ինչին վերաբերվում, իսկ դու մի տեսակ թեթեւ էիր նայում էդ բաներին: – «Գարունում» տպվելուց հետո եմ լրջացել. մտածում եմ՝ արժի՞ շարունակեմ: – Նայի՝ հումորդ չկորցնես,- ասաց Սերգեյը:- Կարեւորը շարունակելը կամ չշարունակելը չի. կարեւորը հումորը չկորցնելն ա: – Ճիշտ ես ասում,- ասացի ես:- Որ «Գարունում» տպածներս ուրիշ մեկը գրած ըլներ, կարող ա էդ գրողին ձեռ էլ առնեի: – Հումորն ու ձեռ առնելը տարբեր բաներ են,- ասաց Սերգեյը:- Ձեռ առնելը շատ հեշտ ա, մանավանդ՝ ուրիշին ձեռ առնելը: Հեն ա՝ Ռուբոն էլ ա աջուձախ ուրիշների գրածները ձեռ առնում, բայց հենց որ խոսքը գալիս ա իրա գրածներին, չափից ավելի ա լրջանում: Փաստորեն, ինքը իրա գրածներին շատ լուրջ ա վերաբերվում: – Էդ պոպոքների պատմությունը հերիք ա, որ ինքը իրա գրածներին լուրջ վերաբերվի: – Ինքը որ իմանա՝ իրա էդ գրածն էդքան հավանել ես, ուրախությունից կգժվի,- ասաց Սերգեյը:- Որ իմանա էդ պոպոքների պատմությունն էդքան հավանել ես՝ մի հատ սեղան կգցի: – Շատ հետաքրքիր պատմություն էր,- ասացի ես: – Բայց դու իրա էդ գրածը չես կարդացել. ի՞նչ գիտես, որ հետաքրքիր ա,- ասաց Սերգեյը: – Քո պատմածից հասկացա: – Կարող ա՝ ե՞ս եմ հետաքրքիր պատմում. կարող ա՝ իրա գրածը հեչ էլ հետաքրքիր չի,- ասաց Սերգեյը: – Որ իրա գրածը հետաքրքիր չըլներ՝ հեչ չէիր էլ հիշի,- ասացի ես: – Ամեն դեպքում՝ պատմելն ուրիշ արհեստ ա, գրելը՝ սավսեմ ուրիշ. կարող ա մեկը շատ հետաքրքիր պատմի, բայց անհետաքրքիր գրի,- ասաց Սերգեյը: – Ռուբոն, փաստորեն, գրելու արհեստին շատ էլ լավ ա տիրապետում,- ասացի ես:- Փաստորեն, էրկուսիս վրա էլ ուժեղ ազդել ա իրա էդ գրածը: – Բայց դու իրա էդ գրածը հեչ չես էլ կարդացել,- ասաց Սերգեյը: – Էդ նույն «Գարունի» մեջ էլ պատմվածքներ կային տպված, բայց դրանցից ոչ մեկը չկարեցա մինչեւ վերջ կարդամ: Դու որ Ռուբոյի գրածը մինչեւ վերջ կարդացել ես, ուրեմն՝ հետաքրքիր ա էղել: – Հարուր տարվա ընկեր ենք. ո՞նց չէի կարդա: – Թեկուզ հազար տարվա ընկեր ըլնեիք. իրա գրած էդ պատմվածքը որ հետաքրքիր չըլներ, սպանեին էլ՝ մինչեւ վերջ չէիր կարդա: – Էդ պոպոքների պատմությունը շատ հեշտ էր կարդացվում: – Իրանից ուրիշ գործեր էլ ե՞ս կարդացել: – Հա: Ինքը մենակ ինձ ա, փաստորեն, իրա գրածները ցույց տալի: – Երեւի քեզ շատ ա վստահում: – Ինչքան չըլնի՝ հարուր տարվա ընկեր ենք: – Ընկերությունը կապ չունի,- ասացի ես:- Ինքը, ուրեմն, ճաշակիդ շատ ա վստահում: – Մենակ ճաշակի հարցը չի,- ասաց Սերգեյը:- Ինքը համոզված ա, որ կարծիքս անկեղծ կասեմ: Այսինքն, մարդկայինով էլ ա ինձ վստահում: – Իրա մյուս գրածներն էլ ե՞ն էդ մեկի պես ուժեղ: – Մյուսներն էլ վատը չեն, բայց էդ մեկը ոնց որ մի քիչ ուրիշ ա: Էդ մեկը ոնց որ ավելի ապրված ա. էդ մեկի մեջ ինքը ոնց որ ավելի շատ կա: Ինքը վաբշե առանց սյուժեի-բանի ա գրում, բայց էդ մեկը, փաստորեն, սյուժե էլ ունի: – Էն էլ ի՜նչ սյուժե: – Դու իրա էդ պոպոքների պատմությունը չես կարդացել, բայց, փաստորեն, ինձանից շատ ես հավանել,- ասաց Սերգեյը: – Ինքը, փաստորեն, արդեն պատրաստի գրող ա,- ասացի ես: – Պատրաստի չեն ասում, ասում են՝ կայացած,- ասաց Սերգեյը:- Դու արդեն գրող մարդ ես. պիտի գրողական լեզվով խոսաս: – Ես ի՞նչ գրող: – «Գարունն» ամեն պատահական մարդու չի տպում: – Իսկական գրողը, փաստորեն, Ռուբոն ա,- ասացի ես:- Ինքը մենակ էդ պոպոքների պատմությունն էլ որ գրած ըլնի, արդեն հերիք ա: – Ռուբոն որ իմանա՝ իրա գրածն էդքան հավանել ես, հարուր հատ սեղան կգցի: – Դժվար թե՝ ինքը իմ գովեստից էդքան ուրախանա: – Էն էլ ո՜նց կուրախանա,- ասաց Սերգեյը:- Ճիշտ ա, կարող ա էրեսանց ցույց չտա, որ ուրախանում ա, բայց մեջը լավ էլ կուռի: – Ինքը երեւի գովեստներ շատ ա լսել: – Ո՞նց պիտի շատ լսած ըլնի: Իրա գրածները, փաստորեն, ինձանից բացի՝ մարդ չի կարդացել: – Դու չես գովե՞լ: – Չէ,- ասաց Սերգեյը.- էնքան չեմ գովել, ինչքան որ՝ հիմի դու ես գովում: Քո էս վերլուծություններից հետո նոր սկսեցի մտածել, որ էդ գործն իրոք ուժեղ գործ ա: – Կայացա՛ծ գործ ա,- ծիծաղեցի ես: – Որ իրան ասես՝ շատ կուրախանա,- ասաց Սերգեյը:- Բայց հանկարծ իրա մոտ լեզվիցդ չթռցնես, որ քեզ էդ պատմվածքի մասին ասել եմ: – Ինքը, փաստորեն, շատ ուժեղ կամքի ուժ ունի, որ մինչեւ հիմի իրա էդ պատմվածքները մենակ քեզ ա ցույց տվել: – Էդ իմաստով դու իրանից հեչ էլ պակաս չես,- ասաց Սերգեյը.- դու հեչ ինձ էլ գրածներդ ցույց չես տվել: – Ես շատերին եմ ցույց տվել: – Շատերին՝ ո՞ւմ,- հարցրեց Սերգեյը: – Արշակյանին, Արամյանին, Մելոյանին, Մելքոնյան Հովհաննեսին, Միլին: Որ մտածեմ՝ երեւի էլի ըլնեն: Հա՛, Ումառյանին: – Դրանք հաշիվ չեն: Էդ մարդկանց, փաստորեն, գործի բերումով ես գրածներդ տվել: Տվել ես, որ տպելու հարցով օգնեն: – Բա ուրիշ ինչի՞ համար պիտի գրածներս տայի: – Կարդալու համար: Ռուբոն իրա գրածներն ինձ կարդալ ա տալի, որ կարծիքս իմանա, չէ՞: Փաստորեն, իմ կարծիքն իրան ավելի ա հետաքրքրում, քան՝ քեզ: – Ես էլ որ իրա էդ պոպոքների պես գործ գրած ըլնեի, քեզ կարդալ կտայի: – Դու էն գլխից էլ գրածներդ ոչ մեկին ցույց չէիր տալի,- ասաց Սերգեյը:- Ընենց որ՝ կամքի ուժի առումով դու Ռուբոյից ահագին պիրյոդ ես: – Որ մի օր լուրջ բան գրեմ, առաջինը քե՛զ ցույց կտամ: – Ուշ ա,- ասաց Սերգեյը.- արդեն շատ ուշ ա: Դու արդեն «Գարունում» տպված հեղինակ ես, ավելի ճիշտ՝ հեղինակություն: – Ձեռ ե՞ս առնում: – Ձեռ չեմ առնում,- ասաց Սերգեյը:- Դու հեչ էն խամ վախտերդ գրածներդ ինձ ցույց չէիր տալի, ուր մնաց հիմի՝ «Գարունում» տպվելուց հետո: – Ուզո՞ւմ ես ճիշտն ասեմ: – Ասա՛,- ասաց Սերգեյը: – Դու իմ մոտ էնքան ես էդ գրող-մրողներին ձեռ առել, որ մարդ վախենում ա գրածը քեզ ցույց տա: – Բա Ռուբոն ո՞նց չի վախենում: – Ռուբոյին երեւի ձեռ չես առել: – Քեզ ձեռ ե՞մ առել,- զարմացավ Սերգեյը: – Չէ,- ասացի ես.- ինձ էլ ձեռ չես առել: Նույնիսկ գովել ես, բայց… – Էլ ի՞նչ բայց… – Մեկ-մեկ էնքան էիր գովում, որ ինձ թվում էր՝ ձեռ ես առնում: – Էն պատի թերթի ոտանավորդ եմ, չէ՞, գովացել: – Հա: Շատ էիր գովում: Մեկ-մեկ ինձ թվում էր՝ ձեռ ես առնում: – Ես մեղավոր ե՞մ, որ ուժեղ էիր գրել: – Դրա ի՞նչն էր ուժեղ: – Մանավանդ էն մի տողը՝ «տժժում էր քաղաքը գլխացավից». շատ ուժեղ տող ա: Իզուր էլ էդ բանաստեղծությունդ «Գարունում» չէիր տպել: Գրողներն ու մանավանդ բանաստեղծները մուրացկանի պես բան են, ու էդպես էին հատկապես էն տարիներին. նրանք ամեն գնով փորձում էին իրենց գրածների մասին որեւէ գովեստ կորզել, ու ես բացառություն չէի, ու էդ պահին փորձում էի Սերգեյից կարծիք կորզել «Գարունում» տպագրված բանաստեղծություններիս մասին, որովհետեւ Սերգեյն էդ տպագրվածներիս մասին դեռեւս ինձ բառ չէր ասել ու շարունակում էր չասել, ավելին՝ պատի թերթի բանաստեղծությունս էր գովում, որ արդեն հազար անգամ գովել էր: – Էդ ասածդ բանաստեղծությունը շատ թուլ գործ ա, դրա համար էլ «Գարունին» չտվի: – Ինչի՞ ա թուլ. ես հավանել եմ՝ դրա համա՞ր: – Դու էդ մի տողն ես հավանել: – Տող կա, որ հազար բանաստեղծություն արժի: – Ճիշտ ես ասում, բայց էս էդ դեպքը չի: – Չտեսնված տող ա՝ «տժժում էր քաղաքը գլխացավից»: Էս «Գարունում» տպածներդ էլ էին ուժեղ, բայց դրանց մեջ ըտենց զիլ տող չկար: – Ճաշակի հարց ա,- ասացի ես:- Էդ ասածդ էլ առանձնապես մի երեւելի տող չի: – Իրոք որ՝ ճաշակի հարց ա,- ասաց Սերգեյը: – Համ էլ՝ էդ ասածդ բանաստեղծությունը ծավալով շատ մեծ էր. «Գարունում» ինձ էդքան տեղ չէին տա: – Էդ սավսեմ ուրիշ հարց ա,- ասաց Սերգեյը.- թե չէ՝ մի տեսակ վիրավորական էր, որ իմ հավանածը չէիր տպել: – Ճիշտը որ ասեմ՝ էդ բանաստեղծությունն ու նույնիսկ էդ տողն արդեն չեմ հավանում: – Շատ հնարավոր ա, որ մարդ իրա գրածի թուլն ու ուժեղը չզգա. շատ հնարավոր ա, որ թուլը հավանես, ուժեղը՝ չէ: – Շատ հնարավոր ա,- համաձայնվեցի ես: – Կարող ա քո չհավանածն ուրիշները հավանեն, ու ընդհակառակը՝ քո հավանածը ոչ մեկն էլ չհավանի: – Բան չունեմ ասելու. ամեն ինչ էլ հնարավոր ա: Հնարավոր ա նույնիսկ, որ Ռուբոն ինքն էլ չպատկերացնի, թե ինչքան զիլ գործ ա գրել: – Հանկարծ իրան չասես, որ իրա էդ պատմվածքի մասին քեզ բան եմ ասել,- լրջացավ Սերգեյը: – Հո բերանբա՞ց չեմ,- ասացի ես: – Համենայն դեպս զգուշացնում եմ,- ասաց Սերգեյը:- Իրա գրածն էդքան որ հավանել ես, մարդ ես, մեկ էլ տեսար՝ լեզվիցդ թռցրիր: – Չեմ թռցնի,- ասացի ես: – Հա,- ասաց Սերգեյը.- որ իմանա՝ իրա էդ պատմվածքի մասին քեզ բան եմ ասել, հետս էլի կխռովի: Հազիվ բարիշել ենք: – Խի խռով էի՞ք: – Խռովը խռով չէինք, բայց ահագին վախտ ինձանից նեղացած էր: – Ինչի՞ էր նեղացած: Կարող ա՞ ինչ-որ մեկին էլ ես ասել իրա էդ պատմվածքի մասին: – Չէ. սավսեմ ուրիշ բանից էր նեղացել: – Ի՞նչ ուրիշ բան: – Հեչ: Փոխանակ ե՛ս իրանից նեղանայի, ի՛նքն էր ինձանից նեղացել: – Բայց պատճառը ո՞րն էր: – Պատճառ չկար: Մարդը որ ուզում ա նեղանա, միշտ էլ կարում ա պատճառ հնարի: Որ իմանա էդ պատմվածքի մասին քեզ ասել եմ, շատ փիս կնեղանա, չնայած երեւի հոգու խորքում շատ կուզի, որ դու իրա գրածները կարդաս: – Տարօրինակ ա,- ասացի ես: – Հա,- ասաց Սերգեյը.- ինքը սովորական մարդ չի: – Սովորական մարդը դժվար թե ըտենց ուժեղ գործ գրեր: – Հա,- ասաց Սերգեյն ու սկսեց շատ ուժեղ ծիծաղել: Ահագին ժամանակ Սերգեյը ծիծաղում ու հռհռում էր, ու ես ապշահար իրեն էի նայում՝ մինչեւ հռհռոցն աստիճանաբար թուլացավ ու վերջապես մարեց: – Քեզ ի՞նչ էղավ,- զարմացած հարցրի ես: – Ամենահետաքրքիրը գիտե՞ս որն ա,- ասաց Սերգեյն ու նորից սկսեց ծիծաղել, բայց իր էդ երկրորդ ծիծաղն արդեն ոչ թե առաջինի պես տարօրինակ նոպա էր, այլ՝ միանգամայն նորմալ ծիծաղ: – Ո՞րն ա,- հարցրի ես: – Ամենահետաքրքիրն էն ա, որ դու էդ պոպոքների մասին պատմվածքը, փաստորեն, վաբշե չես կարդացել, բայց արդեն մի ժամից ավել կըլնի՝ էդ պատմվածքի մասին ես խոսում: – Հա. խոսում եմ,- ասացի ես: – Էդ պատմվածքն ընենց ես գովում, ոնց որ՝ հազար անգամ կարդացած ըլնես: – Էդ նրանից ա, որ դու շատ լավ պատմեցիր,- ասացի ես: – Ես կարող ա մենակ կարեւոր տեղերն եմ պատմել,- ասաց Սերգեյը.- կարող ա՝ ավելորդ տեղերը չեմ պատմել: – Էդ դո՛ւ կիմանաս,- ասացի ես: – Ա՛յ ըտենց պիտի գրեք,- նորից ծիծաղեց Սերգեյը.- ավելորդ տեղերը հանած պիտի գրեք, որ հետաքրքիր ըլնի: – Ճիշտ ես ասում,- ասացի ես: – Ձեր գրածները նախօրոք պիտի ինձ ցույց տաք, որ ավելորդ տեղերը խուզեմ,- ասաց Սերգեյը: – Ասում ես՝ էդ «Գարունում» տպածներս հավանել ե՞ս,- խոսքը փոխեցի ես: – Ավելորդ տեղերը հանած՝ շատ եմ հավանել,- ծիծաղեց Սերգեյը: – Ավելորդ տեղերը շատ էի՞ն,- հարցրի ես: – Ընենց ոչինչ,- նորից ծիծաղեց Սերգեյը:- Կարեւորն էն ա, որ մենակ էդ ավելորդ տեղերը չէին. կարեւոր տեղեր էլ կային: Թե չէ՝ «Գարունի» էդ նույն համարում ուրիշ գործեր կային, որ ծերից ծեր էին ավելորդ: – Ո՞ւմ գործերն էին ծերից ծեր ավելորդ: – Անուններով չխոսանք,- ասաց Սերգեյը.- սաղն էլ մոտիկ տղերք են: Ոչ մեկիդ մտքով թող չանցնի, որ իմ ու Սերգեյի երկխոսությունն էսքան ձգելով ու երկարացնելով՝ էս վեպիս ծավալն ու տեւողությունն եմ փորձում ավելացնել ու ձգել, ու չնայած ես է՛լ եմ կարծում, որ իմ ու իր երկխոսությունն արհեստականորեն ձգվեց, բայց, ի տարբերություն ձեզ, ես գիտեմ, որ իմ ու իր էս երկխոսությունը ոչ թե հիմա՝ էս պահին եմ ձգձգելով երկարացնում, այլ ձգձգում ու երկարացնում էի յոթանասունվեցի օգոստոսի տասնվեցի հենց էն իրիկուն՝ Սերգեյենց Մոնումենտի տան դիմացի կանգառում կանգնած, ու մեր էդ խոսակցությունն արհեստականորեն ձգելուս նպատակը բնավ էլ «Գարունում» տպագրած էդ ոտանավորներիս մասին Սերգեյից կարծիք կորզելը չէր, այլ ընդամենը՝ մեր էդ զրույցը կամայական ու ինքնանպատակ ձգձգելը, որովհետեւ էդ օրն իմ կյանքի է՛ն բացառիկ օրերից էր, երբ աշխատանքն ինձ ավելի էր ձգում, քան՝ անբանությունն ու գրականությունը, եւ եթե մի ժամից ավելի ես ու Սերգեյը գրականությունից եւ մասնավորապես իմ ու Ռուբոյի գրականությունից էինք խոսում, դա դեռ չի նշանակում, թե ես էդ ողջ ընթացքում զուգահեռաբար ախալքալաքցի Ավետիսյան Աշոտի ու «Ապագա բժիշկ» թերթի մասին չէի մտածում, եւ եթե դուք իմ ու Սերգեյի էս ողջ երկխոսության ընթացքում գլխի չընկաք, որ ես էդ ողջ ընթացքում զուգահեռաբար ու հիմնականում ախալքալաքցի Ավետիսյան Աշոտի ու «Ապագա բժիշկ» բազմատիրաժ թերթի մասին էի մտածում, դրա պատճառն ընդամենն արձակագրի իմ անփորձությունն է, ինչպես նաեւ՝ ընթերցողիս հանդեպ միանգամայն ավելորդ վստահությունս, թե՝ ինքն առանց իմ նշելու ու շեշտելու էլ շատ բաներ պիտի որ ինքնուրույն կռահի ու գլխի ընկնի, ու եթե հիմա չմանրվեմ, հաստատ գլխի չեք ընկնի ու չեք իմանա նաեւ, որ իմ ու Սերգեյի էդ խոսակցությունը ինքնանպատակ ու կամայական ձգելուս ու երկարացնելուս հիմնական պատճառն ու նպատակն էն էր, որ ես յոթանասունվեցի օգոստոսի տասնվեցի էդ իրիկուն հեչ չէի շտապում տուն գնալ, ավելին՝ ուզում էի մեր տուն հասնել միայն էն ժամանակ, երբ մեր տնեցիք արդեն քնած կլինեին, ու ես մերոնց մոտ բերնիցս բան չէի թռցնի ախալքալաքցի Աշոտի ու «Ապագա բժիշկ» թերթի գոյության մասին, որովհետեւ իմ փորձով արդեն միանգամայն ստուգված բան էր՝ եթե ես գործիս մասին նախօրոք որեւէ մեկի հետ որեւէ բան էի խոսում, էդ գործի վրա էս գլխից, ուրեմն, կարող էի խաչ քաշել, որովհետեւ էդ գործն էդ դեպքում հաստատ գլուխ չէր գա՝ եթե նույնիսկ էս գլխից գլուխ եկած գործ էր, ու էդ հանգամանքը մշտապես հաշվի առնելով՝ նույնիսկ հարազատներիս հետ գործերիցս չէի խոսում, ու «Գարունում» տպվելս էլ էր մերոնց համար անակնկալ եղել, ու հետագայում գրքերիս տպվելն էլ էին մերոնք շատ դեպքերում ուրիշներից իմանում, ու չնայած յոթանասունվեցի օգոստոսի տասնվեցի էդ գիշեր տուն չշտապելու այլ լուրջ պատճառ էլ ունեի, որին ավելի ուշ կանդրադառնամ, բայց նաեւ էդ գաղտնապահությունս էր էդ գիշեր տուն չշտապելուս պատճառը, ու էդ անմարդկային չափերի հասնող գաղտնապահությանս առթիվ մի անգամ իմ քեռի Ֆրեդը մորս ասաց. «Մի օր տելեվիզորը կմիացնենք ու կիմանանք, որ տղեդ թռել ա կոսմոս կամ Լուսին»: Այդուհանդերձ, կոսմոսի ու Լուսնի հետ կապված երբեւէ իմ իմացած ամենահետաքրքիր պատմությունը ոչ թե իմ ու իմ քեռի Ֆրեդի հետ է կապված, այլ՝ ամերիկացի Նիլ Արմսթրոնգի եւ իր հարազատ քեռու՝ Ռոբերտ Գրեցկու հետ, ու էդ պատմությունը, որ վերջերս կարդացի «Նեզավիսիմայա գազետայում», հետեւյալն է: Հայտնի փաստ է, որ վաթսունիննին ամերիկացի լուսնագնաց Արմսթրոնգն առաջինը Լուսնի վրա ոտք դնելով՝ գոռացել ու աղաղակել է. «Քեզ հաջողությո՜ւն եմ մաղթում, պարո՛ն Գրեցկի»: Տարիներ շարունակ աշխարհի տարբեր երկրների գաղտնի ծառայություններն անխոնջ քչփորում էին՝ փորձելով վերծանել Արմսթրոնգի էդ, ուրեմն, լուսնային աղաղակի բուն իմաստը, բայց էդ առումով որեւէ հաջողության չհասնելով՝ ի վերջո դադարեցին քչփորել ու վերադարձան իրենց երկրային խնդիրներին: Եվ ահա՝ երրորդ հազարամյակի շեմին, երբ մարդկությունն արդեն մոռացության էր մատնել Նիլ Արմսթրոնգի լուսնային աղաղակը, Նյու Յորքի ռեստորաններից մեկում, ուր տեղի էր ունենում Նիլի յոթանասունամյակի ու մեծարման արարողությունը, լրագրողների հին սերնդի մի պրպտող ներկայացուցչի մտքով անցավ աշխարհում առաջին լուսնագնացին ուղղել հետեւյալ հարցը. «Պարոն Արմսթրոնգ, ի՞նչ նկատի ունեիք, երբ առաջին անգամ Լուսնի վրա ոտք դնելով՝ աղաղակեցիք. «Քեզ հաջողություն եմ մաղթում, պարո՛ն Գրեցկի»»: Հոբելյանական արարողության հիմնականում քաղքենի մասնակիցները զզվանքով ու արգահատանքով նայում են լրագրողական հին սերնդի համառ ու պրպտող ներկայացուցչին, ասել է թե՝ էս թանի ճանճն էլի սկսեց տրամադրություն փչացնել, բայց, ի զարմանս քաղքենիների ու ոչ քաղքենիների, արդեն փոքր-ինչ գինովցած Արմսթրոնգը տեղից վեր է կենում, մոտենում է խոսափողին եւ պատմում է հետեւյալը. «Երբ ես ընդամենը տասնմեկ տարեկան երեխա էի,- սկսում է Արմսթրոնգը,- կրտսեր քեռիս՝ Ռոբերտ Գրեցկին, որ էն ժամանակ քսան տարեկան մի համակրելի երիտասարդ էր, շատ թունդ սիրահարված էր մեծահարուստ ու ահավոր դաժան ֆերմեր Ուիլսընի գեղեցկուհի աղջկան՝ Էլիզաբեթին, եւ նրանց սերը միանգամայն ներդաշնակ ու միանգամայն փոխադարձ էր, այսինքն՝ Էլիզաբեթն էլ քեռուս էր անհունորեն սիրում, բայց մերոնք ահավոր աղքատ էին, եւ արդեն որերորդ անգամ դաժան Ուիլսընը մերժում էր քեռուս ու բոլորիս, բայց դրանից քեռուս ու Էլիզաբեթի սերը չէր թուլանում ու չէր մարում, ու հերթական խնամախոսությանը մերոնք ինձ էլ հետները տարան, որովհետեւ, ինչպես ասացի, տասնմեկ տարեկան երեխա էի, ու մերոնք վախեցել էին ինձ տանը մենակ թողնել, եւ մերոնց ու քեռուս հերթական անգամ մերժելով՝ Էլիզաբեթի կատաղած հայրն ինձ մատնացույց անելով՝ քեռուս վրա գոռաց. «Ավելի շուտ էս էրեխեն Լուսին կթռնի, քան թե՝ Էլիզաբեթի էրեսը կտենաս, պարո՛ն Գրեցկի»: «Փաստորեն, պարոն Ուիլսընը մարգարեացել է»,- Արմսթրոնգին դիմելով՝ ասում է հին սերնդի պրպտող լրագրողը: «Փաստորեն՝ այո»,- պատասխանում է Նիլը: «Հետո՞,- հարցնում է լրագրողը.- ձեր մորեղբայր Գրեցկին ու Էլիզաբեթն ամուսնացա՞ն»: «Երբ վաթսունինին Լուսին թռա, Էլիզաբեթի հայրն արդեն տասնվեց տարվա անկողնային հիվանդ էր, եւ Էլիզաբեթն ու քեռիս էլ արտաամուսնական իրենց կապից տասնչորս տարեկան մի տղա ունեին, որը մորական տատիս մոտ էր մեծացել ու մեծանում, եւ երբ յոթանասունմեկին ծերուկ Ուիլսընը հոգին ավանդեց, Էլիզաբեթն ու քեռիս օրինականացրին իրենց ամուսնությունը»: «Ուիլսընի ասածը, փաստորեն, խթան հանդիսացավ, որպեսզի դուք ձգտեք եւ մի գեղեցիկ օր թռնեք Լուսին. այդպես չէ՞»,- հարցնում է համառ ու պրպտող լրագրողը: «Ես արդեն պատմեցի ավելին, քան միգուցե պետք էր,- ասում է գինովցած ու հուզված Արմսթրոնգն ու ավելացնում.- իսկ հիմա ես ուզում եմ ներկայացնել տիկին Էլիզաբեթ Գրեցկուն եւ նրա որդուն՝ Ստենլի Գրեցկուն»: Արմսթրոնգի խոսքերի վրա ոտքի են կանգնում ու ներկաներին գլուխ են տալիս մի սիրունատես, սեւազգեստ ու լացակումած պառավ եւ հիսունին մոտ մի համակրելի տղամարդ: «Իսկ ձեր քեռին այստեղ չէ՞»,- հարցնում է պրպտող լրագրողը: «Վեց ամիս առաջ քեռիս ճանապարհվեց երկինք. հիմա նա այնտեղ է,- ասում է Արմսթրոնգն ու ավելացնում.- լուսահոգին ինձ խնդրում էր, որ միայն իր մահից հետո պատմեմ էս պատմությունը: Տիկնայք եւ պարոնայք, եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք Ռոբերտ Գրեցկու պայծառ հիշատակը»: Ապշահար ներկաները ոտքի են կանգնում, մեկ րոպե լռում են, իսկ այնուհետեւ բաժակ են բարձրացնում՝ խմելով Ռոբերտ Գրեցկու կենդանի կենացը: Գլուխ տասնչորսերորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել