Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾԻՔՆԵՐԻ

Դեկտեմբեր 20,2005 00:00

ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ Երեկ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հանրաքվեն կեղծելու մեջ մեղադրել է նաեւ հանրաքվեն բոյկոտած ընդդիմությանը: Դեկտեմբերի 15-ին Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգի հանձնաժողովում քննարկման առարկա էր դարձել ոչ միայն նոյեմբերին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների, այլեւ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցը: Ու թեեւ հայաստանյան իշխանությունները շարունակում են պնդել, որ նոյեմբերի 27-ին անցկացված հանրաքվեն համապատասխանել է եվրոպական չափանիշներին, այդուհանդերձ, փաստն այն է, որ Հայաստանը դեռեւս մինչեւ 2007թ. խորհրդարանական ընտրությունները շարունակելու է մնալ Եվրոպայի Խորհրդի դիտարկման կենտրոնում: Ասել է թե՝ Հայաստանում տեղի ունեցած հանրաքվեն դարձյալ չի բավարարել եվրոպական չափանիշներին ու ժողովրդավարության սկզբունքներին: Այլ կերպ, քան ուղղակի այս փաստի արձանագրում՝ դժվար է որակել երեկ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի հետեւյալ խոստովանությունը. «Մենք ունեինք հիանալի հնարավորություն հանրաքվեի գործընթացը հաջող եւ բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպելու դեպքում արդեն իսկ 2006 թ. ավարտին հայտ ներկայացնել մոնիտորինգի ավարտի վերաբերյալ: Ցավոք, մենք անթերի ընտրական գործընթաց անցկացնելու հիանալի հնարավորություն կորցրեցինք»: Իսկ եթե Տ. Թորոսյանը խոստովանում է, որ հանրաքվեն չի համապատասխանել միջազգային չափանիշներին, նշանակում է դրա համար եղել են հիմնավոր պատճառներ՝ ընտրակեղծիքներ, լցոնումներ եւ այլն, ինչի մասին վկայել էին ԵԽ դիտորդները, նաեւ՝ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու ընտրական հանձնաժողովներում ներկայացված ՕԵԿ պատգամավորները, հետեւաբար նաեւ՝ կան դրա պատասխանատուներ: Որպես սրանից բխող տրամաբանական հարցադրում՝ երեկ «Ա1+»-ի թղթակիցն էր փորձել պարզել՝ ինչպե՞ս են պատրաստվում կեղծիքների հիմնական մեղավոր կոալիցիոն կուսակցությունները «ինքնամերկացման եւ ինքնապատժման»: Տ. Թորոսյանն այս դեպքում նախընտրել էր կեղծիքների պատասխանատվությունը կիսել ընտրական հանձնաժողովներում 9 տեղերից առնվազն 5-ը ներկայացնող կոալիցիայի՝ ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, նաեւ նախագահի ու դատարանների կողմից նշանակված անդամների ու ընդամենը երկու տեղ ունեցող ընդդիմության միջեւ: ԱԺ փոխնախագահը իներցիայով շարունակել էր դիմադրել, թե՝ անհիմն են կոալիցիոն երեք կուսակցություններին մեղադրելու փորձերը, ու հայտարարել, թե՝ մեղադրանքները պետք է կոնկրետ փաստերով հիմնավորված լինեն: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը, ապա այն կիսում են բոլոր կուսակցությունները, այդ թվում՝ ընդդիմությունը, որը ներկայացված է եղել հանձնաժողովներում: Տ. Թորոսյանը միաժամանակ հույս է հայտնել, թե մեկ էլ 2007 թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը նոր հնարավորություն կստանա դուրս գալ ԵԽԽՎ մոնիտորինգի ռեժիմից, եթե, իհարկե, այդ ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին: Այդուհանդերձ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի ասելով, հունվարյան նստաշրջանում նաեւ ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների հարցը չի քննարկվի, ըստ Տ. Թորոսյանի, նախ՝ այն պատճառով, որ «որեւէ արտառոց բան Հայաստանում տեղի չի ունեցել», երկրորդ՝ պարտավորությունների վերաբերյալ զեկույցը պետք է ներառի նաեւ սահմանադրական փոփոխությունների նոյեմբերի 27-ի հանրաքվեի գործընթացի արդյունքներն ու գնահատականները, ուստի՝ նպատակահարմար է հնարավորություն ընձեռել Հայաստանի հարցով համազեկուցողներին մեկ անգամ եւս այցելել Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: Բացի այդ, հունվարից փոխվելու է ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի հարցով երկու համազեկուցողներից մեկը՝ Եժի Յասկերնիան, քանի որ նա Լեհաստանի վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավոր չի ընտրվել: Նկատի ունենալով այն, որ ԵԽ առջեւ Հայաստանի պարտավորությունների՝ ներառյալ նաեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, վերաբերյալ բանաձեւի նախագիծը դեռ մշակման փուլում է, Տ. Թորոսյանը ձեռնպահ էր մնացել անդրադառնալ դրա բովանդակությանը, թեեւ այլ աղբյուրներ պնդում են, որ այդ բանաձեւում բացի այն, որ կան հանրաքվեն դիտարկած ԵԽ դիտորդների կողմից տրված գնահատականների որոշակի կրկնություններ, կան նաեւ ավելի մանրամասն դիտարկումներ ու ավելի կոշտ գնահատականներ: Այդ բանաձեւի նախագիծը, ըստ Տ. Թորոսյանի, ներկայացվելու է 2006թ. հունվարի 9-ին կայանալիք ԵԽԽՎ Բյուրոյի նիստում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել