Լրահոս
Օրվա լրահոսը

Սարյանին

Դեկտեմբեր 20,2005 00:00

Սարյանին լավ չեն մեծարում Կարծում է նկարչի աշակերտը Երեկ ՀՀ գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողով: Մասնակցում էին գիտնական-արվեստագետներ, արվեստաբաններ, ուղղակի սարյանասերներ: «Սարյանը եւ Ռուսաստանը», «Սարյանը եւ միջնադարը», «Ազգայինը Մարտիրոս Սարյանի արվեստում», «Կերպարվեստի եւ երաժշտության եզրերը Սարյանների ստեղծագործության օրինակով». այս եւ այլ զեկուցումների միջոցով ներկայացվեց Սարյան մարդն ու նկարչը: Գիտաժողովին մասնակցում էր նաեւ նկարչի աշակերտը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Նա դժգոհեց, որ հավուր պատշաճի չի նշվում մեծ նկարչի հոբելյանը, նաեւ նեղսրտեց, որ մշակույթի նախարարությունից չեն բարեհաճել գալ միջոցառմանը: «Եթե Սարյանը լիներ հրեա, նրան կմեծարեին՝ վեր դասելով Պիկասոյից, Դալիից: Իսկ հայերը հակառակն են անում: Նրանք չգիտեն մեծարել իրենց արժանավորներին: Մենք ունեցել ենք հանճարեղ նկարիչներ՝ Թորոս Ռոսլինից սկսած, բայց այնպիսի հոգեւոր նկարչություն, ինչպիսին ստեղծեց Սարյանը, չի եղել երբեք»,- ասաց Ա. Գրիգորյանը: Նա նաեւ մի զվարճալի մանրամասն հիշեց ուսուցչի կյանքից. «Սարյանն իր այգու դռան վրա գրել էր իր անուն-ազգանունը, իսկ ներքեւում՝ «Այստեղ շուն կա», որպեսզի երեխաները չմտնեն ու չտրորեն այգին: Երբ բարեկամների կանայք հետաքրքրվել են, թե ինչու է այդպես գրված, եթե ոչ մի շուն էլ չկա, Սարյանը ժպիտով պատասխանել է՝ «Իսկ դուք կարծում էիք ես կատո՞ւ եմ»: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը խոսեց Մարտիրոս Սարյանի ստեղծագործական ժառանգությունից՝ մասնավորապես նշելով. «Նրա գլուխգործոցներից են ինքնադիմանկարը եւ «Վազող շունը»: Սարյանը պատկերում է, թե ով է ինքը, որտեղից է գալիս եւ ուր պիտի գնա»: Նկարչի մասին հետաքրքիր հուշեր պատմեց նաեւ նրա թոռնուհին՝ Ռուզան Սարյանը: «Մարտիրոս Սարյանը երբեք չէր հանդուրժում, երբ մեծերը երեխաների վրա բղավում էին… Սարյանները զարմանալի մարդիկ են, նրանց հատկություններից է ազնվությունը, աշխատասիրությունը, անշահախնդրությունը»: Ռ. Սարյանը պատմեց նաեւ, թե պապիկն ինչպես է իրեն նկարել սովորեցրել: Օրինակ, մի անգամ իր նկարած կանաչ տերեւների կողքին Սարյանը կապույտ տերեւներ է ավելացրել: Հետո համոզելու համար, որ տերեւներն այդպիսի գույն էլ են ունենում, տարել է այգի, զարմացած թոռնիկին ցույց տվել, որ ստվերում տերեւներն իսկապես կապույտ են: Ռուզան Սարյանը տեղեկացրեց, որ այս տարին Մ. Սարյանի հոբելյանը նշելու առումով նախապատրաստական էր, թեեւ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել իրենց թանգարանում: Մյուս տարի դրանք դարձյալ կկազմակերպվեն ոչ միայն Հայաստանում, այլեւ Մոսկվայում: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031