Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտավորականի

Հունվար 12,2006 00:00

«Մտավորականի համար ամոթ է նագանով ման գալը» Կարծում է Մերուժան Տեր-Գուլանյանը Մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի հրաժարականից հետո ավելացել են ոչ միայն նախարարացուները, այլեւ այդ պաշտոնի մասին դիտարկումները: Օրինակ՝ բանաստեղծ, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նախարարի պաշտոնում կցանկանար տեսնել ճարտարապետներ Նարեկ Սարգսյանին կամ Լեւոն Իգիթյանին: Մ. Տեր-Գուլանյանը չթաքցրեց, որ ինքն էլ սիրով կաշխատեր նախարար, միայն այն դեպքում, եթե չլինի կուսակցական դառնալու պայմանը: Ակումբի հյուրն էին նաեւ գեղանկարիչ Հենրիկ Գարուկյանն ու քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը: Վերջիններս զարմացած էին, թե ինչու են հենց իրենց կանչել մշակույթի նախարարության ներկայիս տխուր իրավիճակը քննարկելու: Ի պատասխան հյուրերի զարմանքի, կազմակերպիչները անկեղծորեն խոստովանեցին, որ շատ պաշտոնյաներ ու մշակութային գործիչներ մերժել են իրենց հրավերը: Մ. Տեր-Գուլանյանի կարծիքով Հայաստանի մշակույթն այսօր ճգնաժամի մեջ է՝ անղեկ ու անառագաստ, եւ եթե այսպես շարունակվի. «Նախարարների երթերը կուգան ու կերթան, մենք էլ կդառնանք ապազգային մշակույթով ժողովուրդ»: Ըստ բանախոսի, խնդիրն այն է, որ հայերն իրենց հռչակելով մշակույթ ունեցող ազգ, կոնկրետ չեն ձեւակերպել, թե ինչ են ուզում այդ նախարարությունից: Չկա հստակ ծրագիր, թե ինչ պետք է անի նախարարն ու նախարարությունը: Չի ձեւակերպվել պետության պահանջը, թե ինչպե՞ս պետք է զարգացնել մշակույթը: Մ. Տեր-Գուլանյանի համար ծիծաղելի է այն, որ նախարարի աթոռը զբաղեցնելու համար մարդիկ ստիպված դառնում են կուսակցական, այն դեպքում, երբ մշակույթն ու կրթությունը երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն, իսկ այդ ոլորտի նախարարների կուսակցական լինելը ճիշտ չէ: Լեւոն Թոքմաջյանն էլ առաջարկում է մշակույթի եւ կրթության նախարարությունները միացնել եւ նախարար էլ նշանակել Սերգո Երիցյանին, կինոգետ Դավիթ Մուրադյանին կամ հենց իրեն. «Վա՞տ կլինի, սաղ օրը քար եմ տաշում, այդ ժամանակ մարդ կվարձեմ՝ քարը կտաշի, ես էլ պադավատով ման կգամ, մի քանի ցուցասրահներ կբացվեն, կգնամ ճառեր կասեմ»: Լ. Թոքմաջյանի կարծիքով. «Ինչպես մեր կյանքն է, այնպես էլ մեր մշակույթն է: Մեր երկիրը հիմա արվեստի ու մշակույթի կարիք չունի: Մի նախարարը գալիս է, մյուսը՝ գնում: Բոլորն իրենց յուրայիններին են առաջ տանում: Մշակույթի մասին գլոբալ մտածող մարդիկ են պետք: Նման մարդ ես այսօր մեծ հաշվով չեմ տեսնում»: Ըստ Լ. Թոքմաջյանի, արվեստագետները, ստեղծագործական միությունների անդամները պարտավոր են հավաքվել եւ իրենցից ընտրել նախարար. «Թե չէ՝ Քոչարյանն ի՞նչ անի, շատ ա՞ ճանաչում արվեստագետներին, որ իմանա ում նշանակի»: «Հայելի» ակումբի հյուրերը խուսափեցին գնահատական տալ Հովիկ Հովեյանի ու նրա որդու մասնակցությամբ հունվարի 4-ին տեղի ունեցած հայտնի միջադեպին: Միայն Մերուժան Տեր-Գուլանյանը նկատեց. «Մտավորականի համար ամոթ է նագանը կողքին ման գալը»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել