Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգուցյալը

Հունվար 13,2006 00:00

Հանգուցյալը սեփականատեր դարձավ Իսկ «բանավոր» վճիռը տարբերվում է «գրավորից» Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին ավարտվեց «Դայմոնդ հաուզ» ՓԲԸ-ի հայցի քննությունը: ՓԲԸ-ն պահանջում էր ճշտել իրացման գոտու՝ Երեւանի Արամի փողոցի 86 հասցեի բնակիչներ Վոլոդյա Ներսիսյանի, Նատալյա Ջաղեթյանի եւ Ջիվան Այվազյանի ընդհանուր սեփականություն հանդիսացող 762 քմ հողամասի, սեփականության իրավունքում յուրաքանչյուր մասնակցի բաժինը: Հայցում նշվել էր նաեւ, որ հողամասի կեսի սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը: Վերջինիս էլ սեփականությունն անցել է 1968-ից հանգուցյալ Շուշանիկ Հախնազարյանից: (Ըստ 1991թ. հողային օրենսգրքի՝ նա սեփականատեր էր դարձել): Դատավոր Պարգեւ Օհանյանը վճռի եզրափակիչ մասը բանավոր հրապարակելու ժամանակ հայտնեց, որ Ն. Ջաղեթյանի հողակտորը 1/4 է: Գրավոր վճիռը ստանալու ժամանակ պարզվեց, որ այն «փոքրացել» է եւ դարձել 1/5: Բացի այդ, ըստ սեփականատերերի ներկայացուցիչներ, փաստաբաններ Օլգա Սաֆարյանի, Արամ Կարախանյանի եւ Արսեն Մեսրոպյանի, ստեղծվել է մի նախադեպ, երբ ընդհանրապես «չկա նաեւ գրավոր առաջարկ, թե մեր վստահորդից պատրաստ են գույքը գնել X գումարով»,- նշեցին փաստաբանները: Սա այն դեպքում, երբ 6 ամիս է, ինչ սկսվել է այս տարածքի իրացման գործընթացը «պետության կարիքների համար»: «Դայմոնդ հաուզ» ՓԲԸ-ի հայցը, որը բավարարվել է, կվիճարկվի վերաքննիչ դատարանում: Տեղեկացնենք, որ հայցվորը նշել էր 38 տարի առաջ մահացած Շ. Հախնազարյանի անունը, որն այսօր հասկանալի պատճառներով սեփականատեր չի կարող հանդիսանալ: Ըստ էության՝ գործ ունենք մի արտառոց երեւույթի հետ, երբ հանգուցյալը դառնում է գործող անձ՝ սեփականատեր: (Չնայած, եթե խորը մտածենք, դեպքն այնքան էլ արտառոց չէ. մեր հանրապետությունում հանգուցյալները միշտ էլ ակտիվ մասնակցում են բոլոր տեսակի ընտրություններին եւ հանրաքվեներին): Թեեւ ամբողջ դատական նիստը ձայնագրվել է, սակայն Արամի փողոցի 86 հասցեի սեփականատերերը գտնում էին, որ վճռի գրավոր տարբերակի նկարագրական մասում կան արտահայտություններ եւ նախադասություններ, որոնք ընդհանրապես իրենց՝ պատասխանողների կողմից չի հնչել: Բնակիչ Վոլոդյա Ներսիսյանը պնդում է, որ «Դայմոնդ հաուզը» անշարժ գույքի գնահատման հետ կապված որեւէ փաստաթուղթ իրեն չի տրամադրել, ցույց չի տալիս անգամ գնահատման ակտը: Ըստ «Առավոտի» հարցախույզի, մեկ քառակուսի մետրը գնահատվում է մոտ 250 դոլարին համարժեք դրամ, շուկայականով գնահատվում է մոտ 1000 դոլար: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել