Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ

Հունվար 17,2006 00:00

ԱՄԵՆ ԲԱՆ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկել է շախմատի 19-րդ կարգի միջազգային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ներկայիս գործող բոլոր ուժեղագույն գրոսմայստերները: Նրանց մեջ է նաեւ ՖԻԴԵ-ի գավաթակիր, Հայաստանի 2005 թվականի լավագույն մարզիկ Լեւոն Արոնյանը: Ցավոք, հայ գրոսմայստերը Հոլանդիայում հաջող չմեկնարկեց: Նա առաջին տուրում ուժերը չափեց Ուկրաինայի լավագույն շախմատիստ Վասիլի Իվանչուկի հետ: Հանդիպման սկզբնամասը, կարծես, հաջող էր հայ շախմատիստի համար: Նա, մասնագետների կարծիքով, տարածքային որոշ առավելություն էր ձեռք բերել մրցակցի նկատմամբ: Սակայն Իվանչուկն աստիճանաբար ոչ միայն կարողացավ հավասարեցնել խաղը, այլեւ շուտով կշեռքի նժարը թեքեց իր կողմը եւ 45-րդ քայլում հաղթանակ տարավ: Առաջին տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Լյուկ Վան Վելի-Իվան Սոկոլով՝ 1/2, Շախրիյար Մամեդյարով-Էտյեն Բակրո՝ 1:2, Սերգեյ Տիվյակով-Մայքլ Ադամս՝ 1:2, Բորիս Գելֆանդ-Պետեր Լեկո՝ 1:2, Սերգեյ Կարյակին-Վիշվանաթան Անանդ՝ 0:1: Երկրորդ տուրում Արոնյանը ծանրագույն պայքարում միավորը բաժանեց այս մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդներից Անանդի հետ: Իվանչուկը տոնեց իր երկրորդ հաղթանակը, այս անգամ՝ Սոկոլովի նկատմամբ, Կամսկին պարտության մատնեց Գելֆանդին, Ադամսը՝ Տոպալովին (սա Տոպալովի առաջին անհաջողությունն էր աշխարհի չեմպիոնի կարգավիճակում), Բակրոն՝ Տիվյակովին: Լեկո-Կարյակին, Վան Վելի- Մամեդյարով պարտիաներն ավարտվեցին խաղաղ արդյունքով: Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է Վասիլի Իվանչուկը: Լեւոնը 0,5 միավորով առայժմ բաժանում է 10-14-րդ հորիզոնականները: Երեկ կայացավ երրորդ տուրը: Արոնյանը սպիտակներով խաղում էր Լեկոյի հետ: Մյուս զույգերը կազմել էին. Մամեդյարով-Սոկոլով, Տիվյակով-Վան Վելի, Տոպալով-Բակրո, Գելֆանդ-Ադամս, Կարյակին-Կամսկի, Իվանչուկ-Անանդ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել