Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՆ

Հունվար 24,2006 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲԱՐՎՈՔ ՎԻՃԱԿՈՒՄ Է Երեկ ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանն առայժմ 2 օրով զրկվեց ձայնի իրավունքից: Իսկ Հայաստանը ստացավ «ժողովրդավարական երկրների ցուցակի վերջում չէ, բայց անելու բան դեռ կա» գնահատականը: Կանգնիր՝ կզրկեմ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների պատճառով այնքան հավանական է, որ այդ երկրի 12 հոգանոց պատվիրակության լիազորությունները չեն հաստատվի ԵԽԽՎ-ում, որ մեկ օրով Ստրասբուրգ էր ժամանել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Սակայն այդ երկրի պարտավորությունների դիտարկման հարցով համազեկուցող Անդրեաս Գրոսսը Վեհաժողովի աշխատանքների հենց սկզբում ելույթ ունեցավ եւ հայտարարեց, թե Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները չէին համապատասխանում եվրոպական չափանիշներին: Գրոսսը կոչ արեց ոտքի կանգնել եւ չհաստատել Ադրբեջանի պատվիրակության մանդատները: Ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, եթե 5 երկրներից 10 պատգամավոր ոտքի են կանգնում եւ առարկում որեւէ պատվիրակության լիազորությունները ճանաչելու դեմ՝ այդ հարցը, որպես հրատապ, ընդգրկվում է նստաշրջանի օրակարգում: Այժմ ադրբեջանական պատվիրակությունը մինչեւ չորեքշաբթի իրավունք չի ունենա քվեարկելու ԵԽԽՎ-ում: Մինչ այդ մանդատների հարցը կքննարկվի ԵԽԽՎ Դիտարկման հանձնախմբում: Իսկ այդ հանձնախմբի զեկույցի հիման վրա հունվարի 25-ին Վեհաժողովը կորոշի՝ չհաստատե՞լ պատվիրակության մանդատները, թե՞ ուղղակի զրկել որոշ իրավունքներից: ԵԽԽՎ պատվիրակներից մեկը նախօրեին մեր պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանին ասել է, թե հայերն ուրախանալու առիթ են ունենալու՝ ակնարկելով ադրբեջանական պատվիրակության խնդիրը: «Մենք ուրախանում ենք մեր հաջողություններով, ոչ թե ուրիշների անհաջողություններով»,- հակադարձել է պրն Թորոսյանը: Ուրախանալու քիչ բան կա Եվ այս մասին հերթական անգամ խոստովանել էր ինքը՝ Տիգրան Թորոսյանը, որ Վեհաժողովի աշխատանքները լուսաբանող հայ լրագրողներին ասել է. «Ցավոք սրտի, այս հանրաքվեն որպես ընտրական գործընթաց չբավարարեց բոլոր միջազգային չափանիշներին… Կարծում եմ, որ 1,5 մլն ընտրողների թվի հետ եւս խնդիր ունենք»: Նաեւ, որ Հայաստանը կորցրել է հնարավորությունը դառնալու ԵԽ հետմոնիտորինգային խմբի երկիր: Տիգրան Թորոսյանը նաեւ մտավախություն է հայտնել, թե եվրոպական կառույցներում կարող է ձեւավորվել կարծիք, որ Հայաստանն ընդունակ չէ իրականացնել միջազգային բոլոր չափանիշները բավարարող ընտրական գործընթաց: Հայաստանի սահմանադրական հանրաքվեն դիտարկող ժամանակավոր հանձնախմբի ղեկավար եւ զեկուցող Թոմաս Ջիրսան երեկ քննարկման ժամանակ համառոտ ներկայացրեց բաց քվեարկության, միանման ստորագրությունների, նաեւ այլ խախտումների մասին դիտարկումները, որոնք տեղ են գտել զեկույցում: Դիտորդական առաքելության մեկ այլ անդամ՝ բրիտանացի Նայջըլ Էվանսը հայտարարեց. «Հայաստանը ժողովրդավարական երկրների ցուցակի վերջում չէ, բայց անելու բան դեռ կա: Խախտումներ են եղել, եւ դրանցով պետք է զբաղվի դատախազությունը»: Հայ պատվիրակներից ելույթներ ունեցան Արմեն Ռուստամյանը եւ Տիգրան Թորոսյանը, թեեւ վերջինս նախապես հայտնել էր, որ ելույթ չի ունենալու: Տիգրան Թորոսյանը մասնավորապես ներկայացրեց իր դժգոհությունները զեկույցից: Հիշեցնենք, որ նրա 16 առաջարկները հաշվի չեն առնվել այս փաստաթղթում: Ըստ պրն Թորոսյանի՝ շտկումները չընդգրկելու պատճառը ժամանակի սղությունն էր, ավելի ստույգ՝ Ծննդյան տոների զուգադիպումը: Ելույթ ունենալու համար հերթագրվել էին նաեւ Հերմինե Նաղդալյանն ու Ստեփան Դեմիրճյանը, սակայն չհասավ երկուսի հերթն էլ: «Արդարություն» խմբակցության ղեկավարն իր ելույթը հանձնել է քարտուղարություն եւ բաժանել լրագրողներին: Ելույթում ասված է. «Բյուրոյի զեկույցում նշված է, որ Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո ոչ մի ընտրություն չի համարվել ազատ եւ արդար: Դժբախտաբար, դա է ճշմարտությունը: Բայց դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ ժողովրդավարական ընտրությունների: Ինչպես նկատել են Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ դիտորդները՝ 2003-ի ընտրությունները միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառը գործընթացն ազնիվ եւ ազատ կազմակերպելու հարցում իշխանությունների կամքի բացակայությունն է: Այս ճգնաժամը հաղթահարելու եւ հանրաքվեի ընթացքում կեղծիքները բացառելու համար պետք էր պատժել 2003-ի ընտրություններում բռնություն կիրառողներին, պետք էր եթեր վերադարձնել «Ա1+» հեռուստաընկերությունը, ապահովել ընտրական հանձնաժողովներում ներկայացված ուժերի հավասարակշռությունը»: Քանի որ զեկույցում ափսոսանք էր արտահայտված ընդդիմության բոյկոտի առնչությամբ՝ պրն Դեմիրճյանը հանգամանալից պարզաբանել է, թե ինչու բոյկոտեցին ընտրական հանձնաժողովների աշխատանքը՝ մասնավորապես, «որովհետեւ չկան չափանիշներ, որոնք կապահովեն վստահության մթնոլորտ»: «Արդարություն» խմբակցության ղեկավարը նաեւ նշել է. «Այն փաստը, որ սահմանադրական փոփոխությունները Հայաստանի՝ ԵԽ-ի առաջ ստանձնած ամենակարեւոր պարտավորություններից են՝ չի նշանակում, որ հանրաքվեի կեղծված արդյունքը ընդունելի է: Նպատակին հասնելու ուղիները նույնքան կարեւոր են, որքան նպատակները»: Ի դեպ, «Ա1+»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ ԵԽԽՎ-ում «Արդարություն» խմբակցության նախկին եւ ներկա պատվիրակներ Շավարշ Քոչարյանը եւ Ստեփան Դեմիրճյանը միմյանց հանդիպեցին ԵԽ մամուլի սրահում: Պարոն Քոչարյանը զարմացավ՝ տեսնելով Ստեփան Դեմիրճյանին միայնակ սուրճ խմելիս ու մոտեցավ նրան: Ըստ ականատեսների՝ Ստեփան Դեմիրճյանն ու Տիգրան Թորոսյանը ինքնաթիռում նստած էին կողք կողքի. «Երկուսն էլ մեկ-մեկու մասին խիստ հարգանքով են արտահայտվում»: Հինգշաբթի Վեհաժողովում ելույթ կունենա Արտաշես Գեղամյանը. այդ օրը Հայաստանի վերաբերյալ հարց չի քննարկվելու: Իսկ չորեքշաբթի ԵԽԽՎ-ն կնշանակի Եվրախորհրդի առջեւ Հայաստանի պարտավորությունների հարցով նոր զեկուցող՝ Յասկերնիայի փոխարեն: Ըստ «Ա1+»-ի, «Ազատության» եւ «Ռադիոլուրի» Ստրասբուրգից հաղորդումների՝ պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել