Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես լրացնել օրենքի բացը

Հունվար 24,2006 00:00

Ինչպես լրացնել օրենքի բացը ԱԺ հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն առաջարկում է բարելավել բարձրագույն կրթությունը Բակալավրիատ. մեզանում թյուր կարծիք է ձեւավորվել բակալավրիատի մասին, այն սխալմամբ շատերը համարում են թերի բարձրագույն կրթություն, մինչդեռ բակալավրիատն ապահովում է լիարժեք բարձրագույն կրթություն եւ նրա յուրաքանչյուր շրջանավարտ պետական կառավարման ու մասնավոր ոլորտում ունի համապատասխան աշխատանք ստանալու իրավունք: Այս խնդրում ասելիք եւ անելիք ունեն եւ՛ լրատվամիջոցները, եւ՛ բուհական համակարգի ներկայացուցիչները: Պետք է հասարակությանը իրազեկել, որ բակալավրիատը լիարժեք բարձրագույն կրթություն է եւ աշխարհում ամենուրեք ընդունված են այս չափանիշները: Մագիստրատուրա. քանի որ մագիստրատուրան հետազոտական աշխատանքների, դոկտորական թեզը պաշտպանելու նախադուռն է, ապա կարծում եմ` ճիշտ կլինի երկու պայման ավելացնել: Առաջինը. ներկայացնել մագիստրատուրայում ուսուցանելու համար տվյալ ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությունը, ուր հաշվի պետք է առնել ոչ միայն ուսանողի առաջադիմությունը, այլեւ տպագրած աշխատանքները, կոնֆերանսներում ելույթները եւ այլն: Երկրորդը. մասնագիտական քննություն իրոք պետք է հանձնեն եւ այն հարկ է, որ ընդունի պետական հանձնաժողովը: Սա վերաբերում է նրանց, ովքեր պետպատվերով պետք է շարունակեն, ավարտեն եւ ընդհանրապես, որպեսզի չզրկվեն ուսումը շարունակելու հնարավորությունից, կարծում եմ, որ տղաները բանակում ծառայելուց հետո, իսկ աղջիկներն էլ երեք տարի աշխատելուց հետո, աշխատատեղի բնութագրով ներկայանան, քննություն հանձնեն, թող վճարեն եւ սովորեն: Ասպիրանտուրա. կրթական հաջորդ աստիճանը ասպիրանտուրան է, որն արդեն որոշակի պահանջ է ներկայացնում մարդուն՝ ասպիրանտուրան ավարտելուց հետո անպատճառ ասպիրանտը պաշտպանի գիտական ատենախոսությունը: Այսօր լուրջ քննության նյութ է դարձել գիտական աշխատանքների որակը: Նախագահի վերահսկողության ծառայությունը վերջերս ուսումնասիրեց ասպիրանտուրական քննությունները ու հայտնաբերեց աղաղակող փաստեր: Ասպիրանտուրան դարձել է բանակային ծառայությունից խուսափելու միջոց եւ ապացույց պետք չէ, քանի որ 242 տեղում ընդունվել են միմիայն տղաներ, այն դեպքում, երբ բուհերի սովորողների շուրջ 60%-ը, եւ բարձր առաջադիմություն ունեցողների եւս 60%-ը աղջիկներ են: Հետեւաբար ընդունվածների որակն այն չէ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հեռակա ասպիրանտուրայում միայն աղջիկներ են: Ի դեպ, Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդում հարց են բարձրացրել, որ երեք տարին քիչ ժամանակահատված է ատենախոսությունը պատրաստելու համար, եւ գտնում են, որ այն պետք է ավելացվի եւս մեկով, այլապես հապճեպությունը բերում է ատենախոսության որակի անկման, իսկ եթե չի պաշտպանում՝ մեկնում է բանակ: Գաղտնիք չէ, որ այսօր ասպիրանտուրան պետպատվերով ավարտածների 2/3-ը աշխատանքի է անցնում միջազգային կառույցներում կամ բարձր վճարվող այլ հաստատություններում: Փաստորեն, պետության միջոցները ինչ-որ առումով աննպատակ են օգտագործվում, եւ տեղերում չի նախապատրաստվում դասախոսական կազմի սերնդափոխություն: Քննարկումների արդյունքում վարչապետի առաջարկությամբ մեր հանձնաժողովում նախապատրաստվել է օրենքի նախագիծ, որն առաջարկում է փոփոխություն բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին օրենքում: Այն է՝ ասպիրանտուրա ընդունվելիս պարտադիր կարգով պայմանագիր է ստորագրվում կողմերի միջեւ, որ պետպատվերով ասպիրանտուրան ավարտողները պարտավոր են 3 տարի աշխատել կառավարության գործուղած վայրում (օրենքի նախագիծը շրջանառության մեջ է): Պատրաստեց ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել