Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Հունվար 26,2006 00:00

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՉԶՐԿԵՑԻՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը երեկ Ստրասբուրգում հայտնվել էր անմխիթար վիճակում: Ադրբեջանական պատվիրակության անդամները հերթով՝ մեկը խնդրելով, մյուսը դժգոհելով, ԵԽԽՎ պատգամավորներին համոզում էին չզրկել իրենց ձայնի իրավունքից: «Եթե ուզում եք պատժել՝ պատժեք մեզ վերջում»,- ձեռքերը թափահարելով ասում էր պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: «Մենք Հայաստանի կողմից ագրեսիայի զոհեր ենք: Իսկ դուք մեր նկատմամբ պատժամիջոցնե՞ր եք կիրառում»,- առիթը բաց չթողեց հայտարարելու Գյուլթեկին Հաջիեւան: Ադրբեջանի 10 ընտրատարածքներում մայիսի 13-ին տեղի են ունենալու խորհրդարանական կրկնակի ընտրություններ: Ադրբեջանցի պատվիրակները առաջարկում էին իրենց տալ հնարավորություն, չզրկել ձայնի իրավունքից՝ սպասել այդ ընտրություններին: «Մենք կգնանք, կասենք, որ պետք է ցույց տանք, որ կարող ենք արդար ընտրություններ անցկացնել»,- համոզում էր Սեիդովը՝ փաստարկելով, թե ոչ բոլոր միջազգային չափանիշներն են խախտվել, այլ՝ մի շարք: (Մինչդեռ ԵԽԽՎ Դիտարկման կոմիտեի նիստում Լիբերալների եւ դեմոկրատների խմբի ղեկավար Մաթիաս Յորշին ընդգծել էր, թե հարցերից մեկն այն է, որ ադրբեջանական պատվիրակության կազմում ընդգրկված չէ որեւէ ընդդիմադիր պատգամավոր.- խմբ.): «Մենք չենք ուզում որեւէ մեկին կանգնեցնել ամոթի անկյուն: Ադրբեջանական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը ԵԽ շանսն է հանուն Ադրբեջանի ժողովրդի, հանուն այս երկրում ժողովրդավարության հաստատման»,- ասաց այդ հարցով զեկուցողը՝ Թոնի Լոյդը: Ըստ նրա՝ խորհրդարանական ընտրություններում խախտումներն այնքան շատ են, որ չի կարելի աչք փակել դրանց վրա: Իսկ Անդրես Հերկելը հայտարարեց, որ չկա Ադրբեջանում այնպիսի երեւույթ, որ կոչվում է ժողովրդավարություն՝ միջազգային չափանիշներին համապատասխան: «Երիտասարդ ժողովրդավարությունը Վրաստանում է, Ուկրաինայում, բայց ոչ Ադրբեջանում»,- ասաց նա՝ հակադարձելով ադրբեջանցիներին, թե անդամագրման 5 տարիները քիչ են ժողովրդավարության հաստատման համար: Չնայած հնչող կոշտ ելույթներին, այնուամենայնիվ ԵԽԽՎ-ն որոշեց ադրբեջանցիներին չզրկել ձայնի իրավունքից, սպասել մինչեւ մայիսյան ընտրությունները: Ըստ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել