Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ

Հունվար 26,2006 00:00

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ Մայրաքաղաքի «Աշխատանք» մարզական ընկերության նոր հիմնանորոգված դահլիճում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Մրցագորգ մտավ Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքների, Շիրակի, Կոտայքի մարզերի 71 ըմբիշ: Ըստ քաշային կարգերի՝ հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին Վահան Սիմոնյանը՝ 55 կգ քաշային կարգ, Արմեն Կարապետյանը՝ 60 կգ, Սուրեն Մարկոսյանը՝ 66 կգ, Հարություն Ենոքյանը՝ 74 կգ, Հաբեթնակ Կուրղինյանը՝ 84 կգ, Էդգար Հարությունյանը՝ 96 կգ եւ Գեորգի Գալստյանը՝ 120 կգ գերծանր քաշային կարգ: Առաջնության արդյունքով ազատ ոճի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանն այժմ կազմելու է հանրապետության ընտրանին, որը մոտ ժամանակներս մեկնելու է Իրանի մայրաքաղաք Թեհրան՝ մասնակցելու ավանդական միջազգային ներկայացուցչական մրցաշարի: Դա նախապատրաստության եւ ուժերի ստուգման կարեւոր ստուգատես կլինի ապրիլի 25-30-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկող Եվրոպայի մեծահասակների առաջնության ճանապարհին: Հին աշխարհամասի առաջնությանը հաջող մասնակցելը շատ կարեւոր է լինելու հատկապես հավաքականի մարզիչների, այս ոճում մեր առաջատար ըմբիշների համար, որոնց «Մրցաշրջան-2005»-ում ցույց տված արդյունքները ՀՀ սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի՝ մարզաձեւի ֆեդերացիայի հետ կազմակերպված համատեղ քննարկման ժամանակ այնքան էլ գոհացուցիչ գնահատականի չարժանացան: Ցավոք, Հայաստանի այս հերթական առաջնությունն էլ կրկին ցույց տվեց, որ հանրապետությունում հենակետային ու առաջատար համարվող մարզաձեւը ամենուր չէ, որ պատշաճ վերաբերմունքի է արժանանում: Այս էլ որերորդ անգամ ոչ մի մասնակից չի ներկայացնում Տավուշը, Եղեգնաձորը, Գեղարքունիքը, Աշոցքը, Արագածոտնը: Զարմանալիորեն այս տարի պասիվ եղավ Արմավիրի մարզը: Չնայած՝ այս ամենի կողքին առաջնության կազմակերպման ու անցկացման պատասխանատուները ուրախությամբ նշեցին Սյունիքի երկու ներկայացուցիչների գրաված երրորդ տեղերը: Վաղը Երեւանի «Դինամո» մարզադահլիճում Հայաստանի մեծահասակների չեմպիոնի կոչման համար պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել