Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական հանձնաժողովները կատարելագործվում են

Հունվար 28,2006 00:00

2007-ին նրանք իրենց գործը կանեն վկայականներով

ՀՀ «Ընտրական օրենսգրքում» դեռ 2005թ. մայիսին կատարված փոփոխություն-լրացումներից հետո օրենքն ուժի մեջ մտնելուց, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ձեւավորելուց հետո 15 օրվա ընթացքում, ԿԸՀ-ն սահմանելու էր ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպումն իրականացնելու եւ որակավորումներ շնորհելու կարգը: Այսպես է գրված օրենքի անցումային դրույթներում՝ հոդված 86: Նույն հոդվածի համաձայն, «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացները կազմակերպվում են սկսած 2005 թ. սեպտեմբերի 1-ից, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուներինը՝ սկսած 2006 թ. հունվարի 1-ից»: Միաժամանակ, «տեղամասային ընտրական հանձնաժողովները մասնագիտական դասընթացներին մասնակցած եւ համապատասխան որակավորում ստացած անձանցով կազմավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ առաջին համապետական ընտրություններից սկսած»: Ասել է թե՝ Օրենսգիրքն ընդունելուց հետո առաջին համապետական ընտրությունները, ինչպիսին էր, օրինակ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, պետք է սպասարկեին արդեն վերաորակավորում անցած հանձնաժողովականները, որոնց համար որակավորման համապատասխան վկայականի առկայությունը պարտադիր պետք է լիներ, ինչը չի եղել:

Օրերս հայտնի դարձավ, որ ԿԸՀ-ն ընտրական հանձնաժողովների, այդ թվում՝ նաեւ ԸԸՀ անդամների համար ուսուցման վերաորակավորման դասընթացներ նոր է կազմակերպել, որոնք պետք է սկսվեին հունվարի 24-ից: Մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այդ հապաղումը, երբ օրենքում դրա համար սահմանված ժամկետը 2005-ի սեպտեմբերի 1-ն էր, ԿԸՀ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Առավոտին» փոխանցեց, որ ուսուցման դասընթացներ՝ ԸԸՀ անդամների համար, կազմակերպվել էին նաեւ սեպտեմբերին, բայց այն ժամանակ դրանք ընդհանուր բնույթ էին կրել, եւ հանձնաժողովների անդամները ստուգարք չէին հանձնել ու որակավորման վկայականներ չէին ստացել, որովհետեւ ընթացքում ՏԻՄ ընտրություններ էին:

Իսկ արդեն օրերս մեկնարկած դասընթացների տեւողությունը, ըստ ԿԸՀ ներկայացուցչի, պետք է լինի ոչ պակաս, քան 16 ակադեմիական ժամ: «Դասընթացների մասնակիցներին մասնագետները դասավանդելու են ՀՀ Սահմանադրություն, Հանրաքվեի մասին օրենք, Ընտրական օրենսգիրք, ԿԸՀ որոշումներ, իսկ ընտրատարածքների եւ ԿԸՀ անդամների համար՝ նաեւ Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքը: Դրան հաջորդելու է ստուգարք, որից հետո դրական գնահատական ստացած մասնակիցները կստանան համապատասխան վկայականներ: Դասընթացները անցկացնում է Կառավարման պետական ակադեմիան: Դասընթացների համար պետբյուջեից տրամադրվել է 56.760.300 դրամ: Դիմորդների համար դրանք անվճար են»,- պարզաբանեց Ծ. Խաչատրյանը:

Հունվարի 24-ից սկսված դասընթացներն առայժմ միայն ԸԸՀ եւ ԿԸՀ անդամների համար են, իսկ տեղամասային հանձնաժողովների անդամների համար դրանք կսկսվեն փետրվարի 28-ից: Առաջիններից մեկը սկսված դասընթացներին կմասնակցեն Արմավիրի մարզի ԸԸՀ անդամները, իսկ ԿԸՀ-ից՝ նաեւ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը: Նրանք արդեն հունվարի 30-31-ը պետք է ստուգարքներ հանձնեն:

Բացի ընտրական հանձնաժողովներում արդեն ընդգրկված անդամներից, դասընթացներին կարող են մասնակցել նաեւ նման ցանկություն ունեցող այլ անձինք, ովքեր «ԸՕ» համաձայն, ունեն ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք՝ ՍԴ անդամներ, ուժային մարմինների, դատախազության աշխատակիցներ չեն եւ այլն: Միակ սահմանափակումն այն է, որ դասընթացների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 21 հազարը: Ըստ ԿԸՀ որոշման, դասընթացները կտեւեն մինչեւ 2007 թ. մարտի 1-ը՝ մինչեւ հաջորդ համապետական ընտրությունները: Դասընթացներն անցկացվելու են տարին մեկ անգամ, իսկ որակավորման վկայականները հանձնվելու են 3 տարի ժամկետով: Այդ ժամանակահատվածում որեւէ ընտրության ժամանակ վկայական ունեցողները կարող են ընդգրկվել հանձնաժողովների կազմում:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել