Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՌՉՆԱԳՐԻՊԻՑ

Փետրվար 25,2006 00:00

ԹՌՉՆԱԳՐԻՊԻՑ ԷԼ ՎԱՐԱԿԻՉ ՍԵՐԻԱԼԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ Հեռուստաէկրանները գրաված սերիալները մարդկանց ե՛ւ միավորում են, ե՛ւ հեռացնում «Օ՜ անգութ արարած, դու խորտակեցիր իմ կյանքը եւ կապվեցիր այդ անիծյալ սեւամորթի հետ»,- այսպես դիմավորեց ինձ ընկերուհուս քառամյա դուստրը, երբ վերջերս նրանց հյուր գնացի: Նման ջերմ ընդունելությունից առաջացած զարմանքս տեսնելով, ընկերուհիս ծիծաղեց. «Դա դեռ ի՜նչ է, լավ է, որ չասաց՝ «անպիտան տխմար, եթե հենց հիմա չհեռանաս այստեղից, ես քեզ կտոր-կտոր կանեմ, քոսոտ ընձուղտ», այս վերջերս բոլորին դա է ասում…»: Նոր միայն հասկացա՝ հա, երեխան սերիալ է նայում: Ճիշտ է, քիչ ավելի ուշ պարզեցի, որ միայն երեխան չէ, որ սերիալով տարված է: Ընկերուհուս հետ քաղցր զրույցը որոշակի մի ժամի շատ կտրուկ ընդհատվեց: Ինձ «ահավոր կարոտած» ընկերուհիս միանգամից մոռացավ գոյությանս մասին, ու «վա՜յ, կինոս սկսվեց» բացականչությամբ նետվեց դեպի հեռուստացույցը, որի մոտ նրան էին սպասում ընտանիքի մյուս անդամները՝ դստրիկի գլխավորությամբ: Հաջորդ քառասուն-քառասունհինգ րոպեների ընթացքում ես մատնվեցի խոր մոռացության… Իմ ցանկացած փորձ՝ հիշեցնել գոյությանս մասին, դատապարտված էր խեթ-խեթ հայացքների կամ «սո՛ւս», «մի րոպե», «ցավդ տանեմ, երկու րոպե համբերի, էլի…», «քաղցր ջան, դու կոֆեդ խմի, ես հեսա կգամ, մի հատ տեսնեմ էս անամոթ Բարբարան խեղճ Պակոյի գլխին էլ ինչ օյին է բերելու» ոճով արված սաստումների: Դա դեռ ոչինչ, շատ ավելի վատ վիճակում էի հայտնվում, երբ իմ կողմից շատ սիրելի ու հարգված այդ ընտանիքի անդամներից մեկը, ապա մյուսը, հետո՝ մի ուրիշը փորձեր էին անում ինձ էլ ներգրավել այդ ամենի մեջ՝ «վա՜յ, հըլը նայի, տես ի՜նչ արեց էս ապուշը…», «տեսա՞ր, չէ, բայց դու տեսա՞ր՝ ինչ կատարվեց…», «այ էդ դեղին մազերովը Բարբարան է, ինքը շատ վատն է, իսկ այն մուլատը Պրետան է, շատ միամիտ լավ աղջիկ է…»: Սերիալների հիմնական ուժը հենց դրանում է. ի տարբերություն գրքի, որը կարդում ես, որի հերոսների կյանքով ապրում, տխրում, ուրախանում եւ տառապում ես միայնակ, ինքդ քեզ համար, սերիալները մասսայական զգացմունքներ են առաջացնում, միավորում են մարդկանց (ու հեռացնում՝ սերիալ չնայողից): Մի քանի ամիս շարունակ ողջ Երեւանը, այսինքն՝ ինչո՞ւ միայն Երեւանը՝ հանրապետության կեսը, միավորված էր «Կլոնի» հերոսների ճակատագրի մասին մտահոգությամբ: Մարդիկ տխրում էին Լուկասի համար, ուրախանում Լաթիֆայի հաջողություններով, հիանում Ջեյթի պարով, տագնապում Մելի ճակատագրով եւ այլն… Ու բոլորն ունեին զրույցի մի ընդհանուր թեմա, ապրումների ու սպասումների մի ընդհանուր աղբյուր: Ամենեւին պարտադիր չէ, որ սերիալամոլները տնային տնտեսուհի լինեն: Ես անձամբ ճանաչում եմ հրաշալի կիրթ մարդկանց՝ մանկավարժներ, բժիշկներ, դասախոսներ, երաժիշտներ, լրագրողներ, որոնք նույնպես անմասն չեն մնացել համընդհանուր սերիալացավից: Հոգեբան բարեկամուհիս մի օր ասաց. «Սերիալը գինու նման է. քանի չես չարաշահում՝ օգտակար է, չարաշահելու դեպքում՝ վնասակար: Տարին մեկ անգամ կարելի է մի սերիալ նայել՝ օրվա մեջ 30-40 րոպեով սեփական հոգսերից կտրվելն ու ուրիշների հոգսերով ապրելը վնասակար չէ, եթե, իհարկե՝ ռեժիսուրան եւ դերասանական խաղը չեն վանում: Ժամանցի միջոց է, ի վերջո՝ հաճելի է գեղեցիկ մարդկանց, գեղեցիկ հագուստներ, բնության գեղեցիկ տեսարաններ դիտելը: Սակայն երբ զգում ես, որ սկսում ես կախվածություն ունենալ սերիալներից, այսինքն՝ ժամադրվում ես կախված սերիալի ժամից, հյուրերիդ թողնում ես՝ միացնում հեռուստացույցը, աշխատանքդ կամ դասերդ են տուժում, սերիալի հերոսները պարբերաբար այցելում են երազումդ, ընկերներիդ հետ քննարկումների եւ զրույցների թեմաների գերակշիռ մասը կազմում են սերիալները, սկսել ես խոսել սերիալների հերոսների բառապաշարով, օրվա մեջ 60 րոպեից ավելի ես տրամադրում սերիալներին, ապա՝ զգուշացի՛ր, եւ անմիջապես թարգիր: Գտիր այլ, ավելի կարեւոր զբաղմունքներ այդ ժամերի համար: Այլապես հետո ուշ կլինի…»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել