Լրահոս
Օրվա լրահոսը

13-10՝ հօգուտ մեզ

Մարտ 03,2006 00:00

13-10՝ հօգուտ մեզ Երեկ Ազգային ժողովի կանաչ միջանցքում տեղի ունեցավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը, որին մասնակցում էին ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողների եւ պատգամավորների թիմերը: Ինչպես եւ սպասվում էր, հաղթեց լրագրողների թիմը: Պատգամավորները այս փաստից բավականին տխրել էին եւ իրենք էլ խոստովանեցին, որ սեւերես եղան: Սակայն բոլոր մյուս պատգամավորներին, ովքեր խաղին չմասնակցեցին եւ հետո միջանցքներում պարտվողների հասցեին ամոթանք էին հնչեցնում, խաղին մասնակցածների անունից միայն մեկ բացատրություն տրվեց Արմեն Աշոտյանի կողմից. «Բոլոր մեր այն գործընկերներին, ովքեր կփորձեն մեղադրել մեզ պարտվելու համար, ես կասեմ, որ բոլորին էր առաջարկված խաղալ, թող գային եւ մեր դրոշի տակ Ազգային ժողովի պատիվը պահեին, եւ միասին պայքարեինք հաղթանակի համար»: ԱԺ պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը խաղի բոլոր մասնակիցների համար թանկարժեք նվերներ էր պատրաստել՝ համաշխարհային մշակույթին վերաբերող ալբոմներ, կանանց համար՝ թանկարժեք ժամացույցներ, նաեւ՝ գրիչներ: Ժյուրին խիստ ներկայացուցչական էր՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի բազմակի չեմպիոններ եւ հայտնի ինտելեկտուալներ: Խաղի կազմակերպիչները՝ Հայաստանի գիտակների ասոցիացիայի նախագահ, «Արմենիա» հեռուստատեսությունում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի վարող Կարեն Քոչարյանը խաղից առաջ ասաց, որ բոլոր հարցերը կազմվում են հանրակրթական դպրոցի նյութերից, այսինքն՝ յուրաքանչյուր մարդ, ով ավարտել է տասներոդ դասարանը, կարող է խաղալ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը: Պատգամավորների թիմում խաղում էին. ՀՀԿ խմբակցությունից՝ Մանվել Բադեյանը, Արմեն Աշոտյանը, Հերմինե Նաղդալյանը, «Արդարություն» խմբակցությունից՝ Թաթուլ Մանասերյանը, «Ժողպատգամավոր» խմբից՝ Ռաֆիկ Պետրոսյանը եւ Վլադիմիր Բադալյանը, ՕԵԿ-ից՝ Գագիկ Ավետյանը: Լրագրողների թիմում խաղում էին. «Նոյյան տապան»-ից՝ Գայանե Մելիքյանը, «Երկիր-Մեդիա»-ից՝ Հովհաննես Շողիկյանը, «Ինտերֆաքսից»՝ Արման Թարջումանյանը, «ՀԺ»-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, «ԱՐ»-ից՝ Արայիկ Մարգարյանը, «ԱՌԿԱ» գործակալությունից՝ Գագիկ Բաղդասարյանը, Տաթեւ Շահումյանը՝ «Արմինֆո»-ից: Խաղի ընդմիջման պահին միջամտեց նաեւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որն էլ իր հերթին հատուկ մրցանակի համար հարց ուղղեց մասնակիցներին: Դա հայկական մի հեքիաթ էր. «Թագավորը գնում է որսի, տեսնում է մի հալիվոր փայտ է կոտրում, ասում է, այ հալիվոր, ինչքա՞ն գումար ես վաստակում, որ կարողանում ես տունդ պահել: Հալիվորը պատասխանում է. թագավորն ապրած կենա, փայտ կոտրելով համ տունս եմ պահում, համ պարտք եմ տալիս, համ պարտքի տեր եմ դառնում, մի մասն էլ ջուրն եմ գցում: Թագավորը հավաքում է իր նազիր-վեզիրներին եւ ասում՝ ով հալիվորի ասածի մեկնաբանությունը ճիշտ կանի, թագավորության կեսը կստանա»: Արթուր Բաղդասարյանը «թագավորության կեսի» փոխարեն հարցին ճիշտ պատասխանողին «հատուկ-լավ» մրցանակ խոստացավ: Ճիշտ պատասխան չհնչեց: Ճիշտ պատասխանը սա էր. «Երբ պարտք է տալիս՝ նշանակում է, պահում է իր ծնողներին, երբ պարտք է վերցնում՝ պահում է իր երեխաներին, իսկ ջուրը գցելը այն դեպքի համար է ասվում, որ աղջիկ երեխային պահում-մեծացնում է եւ հետո տալիս է ուրիշին»: Այս պատասխանից դժգոհ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը հակադարձեց. «Ինչ վերաբերում է աղջիկներին, կարծում եմ, բոլոր աղջիկների անունից իրավունք ունեմ ասելու, որ մեզ ջուրը չեն գցում»: Թեպետ Արթուր Բաղդասարյանը խնդրեց պատգամավորներին՝ «հերթական անգամ» խայտառակ չանել, բայց արդեն ուշ էր, ինտելեկտուալները ջախջախիչ պարտություն կրեցին, եւ որպեսզի նման բան այլեւս չկրկնվի, նվեր ստացած իրենց գրքերը ընծայեցին Ազգային ժողովի գրադարանին, որ մյուսներն էլ իրենց հետ գնան գրադարան, գիրք կարդան, որպեսզի հաջորդ անգամ խայտառակ չլինեն: Այսպիսով, խաղի արդյունքները ճանաչվեցին լեգիտիմ, եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չառաջացավ, ինչպես կարող էր լինել, եթե հանկարծ պատգամավորները փորձեին կեղծել արդյունքները: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել