Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂ»-Ը ԿՄԱՔՐՎԻ՞ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ

Մարտ 28,2006 00:00

Ո՞ւմ
է ձեռնտու ֆակուլտետների ձեւափոխումը Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի
նորընտիր ռեկտոր Յուրի Սուվարյանն արդեն սկսել է իրականացնել բուհի զարգացման իր
ծրագրային դրույթները: Դրանցից ամենաառանցքայինը վերաբերում է ֆակուլտետների ձեւափոխումներին:
Ռեկտորի բնորոշմամբ, այսուհետեւ ֆակուլտետները կունենան առավել հնչեղ եւ արդիական
անվանումներ, այսպես՝ «Կոմերցիա, ապրանքագիտությունը» կկոչվի «Մարքեթինգ եւ բիզնես»,
«Ֆինանսահաշվայինը» կփոխվի «Ֆինանսականի», «Հաշվապահական հաշվառումն» ու «Վիճակագրությունը»
կմիացվի ու կդառնա «Ինֆորմատիկայի եւ հաշվապահական հաշվառման» ֆակուլտետ եւ այլն:
(Ինստիտուտն էլ կվերանվանվի համալսարան): Այս հնչեղ անունները կօգնեն, որպեզի որոշ
ֆակուլտետներում ուսանողների կուտակումներ չլինեն, այլ վերջիններիս թիվը բաշխվի հավասարաչափ:
Բացի անվանումներից, ներքին ձեւափոխումներ էլ կլինեն՝ ամբիոնների տեղաշարժեր, որոնք,
ըստ որոշ մասնագետների, զուտ ձեւական բնույթ են կրում եւ նպատակ ունեն պարզապես նոր
ֆակուլտետի իմիտացիա ստեղծել: Իսկ ո՞ւմ է պետք այդ իմիտացիան: Ըստ մեր աղբյուրի,
դա պետք է ներկայիս ֆակուլտետների ղեկավարներին՝ դեկաններին, կամ գոնե նրանց մեծ
մասին: Խնդիրն այն է, որ այս դեկաններն արդեն վաղուց սպառել են իրենց պաշտոնավարման
2 «սրոկը»՝ 5-ական տարիները: Եվ դրանից հետո դեռ մի քանի տարի էլ նախկին ռեկտորի
հրամանով մնացել են իրենց պաշտոնին: Այսօր նրանց համար մեծ հնարավորություն է ստեղծվում՝
կրկին դեկանի պաշտոնի համար առաջադրվելու, քանի որ, փաստորեն, գործ ունեն բոլորովին
նոր ֆակուլտետների հետ: Իսկ այս դեկաններն այն մարդիկ են, ում պաշտոնավարման օրոք
սահմանվել են այնպիսի ներքին օրենքներ՝ կոռուպցիոն լայն դրսեւորումներով, ինչի դեմ,
ըստ նորընտիր ռեկտորի, պայքարն արդեն իսկ սկսված է: Մեր տեղեկություններով,
բուհում ամբողջ կիսամյակին չներկայանալու համար սահմանված է որոշակի գումար՝ 500-1000
դոլարի չափով, բացի այդ, սահմանված են գներ՝ 300-500 դոլարի սահմաններում՝ սեսիոն
քննությունների համար: Եվ նման ուսանողների խումբ ունի գրեթե ամեն դեկան, որն էլ
իր հերթին այդ գումարներից վերեւներին է բաժին հանում: Ահա այս ամենի դեմ է սկսել
պայքարը Յու. Սուվարյանը. փնտրել ու գտնել այն անձանց, ովքեր մաքուր են, հնարավորինս
զերծ են ուսանողների հետ կոնտակտից եւ այլն: Մեզ հետ զրույցում պրն Սուվարյանը խոստովանեց,
որ բուհում նման մարդիկ ցավալիորեն քիչ են: Ռեկտորը մեզ հետ զրույցում զարմացավ,
որ ֆակուլտետներում իրականացվող փոփոխությունների մեջ նման միտում ենք տեսնում: Եվ
իր հերթին մեկնաբանեց մեր բարձրացրած հարցը. «Խորհուրդը, որ ինձ ընտրեց ռեկտոր, հաստատեց
այս ծրագիրը, հենց այդ ժամանակ ես ասացի, որ մտադիր եմ նաեւ նման փոփոխություններ
կատարել: Այսինքն՝ ես իմ ծրագիրը կազմել եմ այն ժամանակ, երբ չգիտեի՝ ընտրվելու եմ,
թե ոչ: Ես բացարձակ ձեր նշած մտադրությունը չեմ ունեցել թե՛ կառուցվածքը փոխելիս,
թե՛ հիմա: (Ռեկտորը, այնուամենայնիվ, չի բացառում, որ այս փոփոխությունների պարագայում
հին դեկանները կարող են երրորդ անգամ էլ առաջադրվել.- Հ. Բ.)։ Մտքովս անգամ չի անցել
դա: Փոփոխությունները ռացիոնալացման նպատակ են հետապնդում՝ իրար մոտ մասնագիտությունները
միացնել իրար»: Պրն Սուվարյանն ունի իր չափանիշները, որոնցով պետք է առաջնորդվել
դեկան ընտրելիս: Վերջիններս պետք է լինեն քիչ թե շատ աչքի ընկած գիտնականներ, «մեծ
մասամբ՝ դոկտորներ, լինեն անհամեմատ մաքուր՝ բացարձակ մաքուր հնարավոր չէ գտնել,
ես բոլորին ճանաչում եմ, ոչ թե ինձ ասել են, այլ ես նրանց հետ աշխատել եմ 40 տարի,
մի մասի հետ՝ մի քիչ ավելի պակաս: Մտորումների մեջ եմ, անընդհատ խորհրդակցում եմ,
փորձում եմ գտնել առավել մաքուր մարդկանց: Իմ մրցակիցները իմ մասին միայն տարիքի
հետ կապված հարց էին բարձրացնում. ոչ կարող են ասել, որ թույլ գիտնական եմ, ոչ էլ՝
որ կաշառակեր եմ»: Պրն Սուվարյանի համար կադրերի ընտրության հարցում հիմք կդառնան
նաեւ դասախոսների ռեյտինգային հարցումները, որ ուսխորհուրդն իրականացնում է ուսանողների
շրջանում: Բայց որքանո՞վ են օբյեկտիվ ուսխորհրդի իրականացրած այս հարցումները, արդյոք
դրանք վերադասին դուր գալու միտում չունե՞ն: (Այստեղ նշենք, որ բուհի ուսխորհրդի
նախկին նախագահ Արմեն Ալեքսանյանը օրերս նշանակվել է ռեկտորի խորհրդական, հաստիք,
որը նախկինում չկար): Այսուամենայնիվ, պրն Սուվարյանն այս հարցումները կարեւորում
է: Նա նաեւ գիտական գծով պրոռեկտոր է նշանակել «մաքուր, իդեալական մարդու»՝ Մարտիրոս
Պետրոսյանին, փոխել է կադրերի բաժնի պետին, որը նախկինում իրավաբան չէր: Ինչ
վերաբերում է բուհի խորհրդի նախագահ, նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանի հետ հարաբերություններին,
ապա պրն Սուվարյանը վստահեցրեց, որ իրենց միջեւ նորմալ հարաբերություններ են, ամեն
օր միասին սուրճ են խմում, խորհրդակցում: Բուհում խորհրդի նախագահի համար սենյակ
հատկացված է, սակայն հարցին, թե արդյոք իբրեւ խորհրդի նախագահ նրա համար բուհի բյուջեից
աշխատավարձ չի՞ սահմանվի, պրն Սուվարյանն ասաց, որ նորմատիվ ակտերով նման բան նախատեսված
չէ: Ռեկտորը նաեւ զարմացավ, որ մեր նախորդ համարում տված հարցազրույցում Գր. Կիրակոսյանն
ասել էր, թե չի պատրաստվում թողնել խորհրդի նախագահի պաշտոնը, եւ բուհում կաշխատի
ժամավճարով: «Ես զարմացա, որ ինձ այլ բան էր ասել, ձեզ՝ այլ: Ես նրան ասացի, որ թողնի
այդ պաշտոնը եւ վերադառնա բուհ՝ աշխատանքի, անգամ քննարկել ենք տարբերակներ, եւ նա
ինձ ասաց, որ կվերադառնա աշխատանքի: Որովհետեւ ժամավճարով նա կարող է աշխատել տարեկան
220 ժամից ոչ ավելի, իսկ դա չնչին գումար է»: Բուհում դեկանի ընտրությունները
նախատեսված են մայիսի 12-ին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել