Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈԲԵՐՏԻՆ ՈՒ ՍԵՐԺԻՆ ԷԼ ԵՄ ՍԻՐՈՒՄ»

Մարտ 28,2006 00:00

Մեծանուն դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանը հարգում է իր երկրի խորհրդանիշները

– Մարտի 24-ին երբ չկայացավ Ձեր երեկոն, հետաձգվելով մինչեւ ապրիլի 14-ը, շրջանառվեցին եւ շարունակվում են լուրերն այն մասին, թե դա «կազմակերպված ակցիա» էր, քանի որ դուք ընդդիմադիր ճամբարում եք…

– Արեւմուտքում, քաղաքակիրթ երկրներում նույն հարկի տակ ապրող ամուսիններն անգամ կարող են ունենալ տարբեր քաղաքական հայացքներ: Օրինակ՝ մեկը լինի ձախակողմյան, մյուսը՝ աջակողմյան, ինչպես ասում են Հայաստանում՝ ընդդիմադիր եւ դիմադիր: Անգամ ամուսինները իրենց տան չորս պատերի ներսում չեն քննարկում սեփական քաղաքական հայացքները: Նախագահական եւ այլ ընտրությունների ժամանակ էլ կինը չի իմանում՝ իր ամուսինն ում ընտրեց, եւ հակառակը: Ես էլ առայսօր չգիտեմ իմ հարազատ կնոջ կողմնորոշումը: Բայց մի բան գիտեմ. որ ես, կինս, որդիս՝ անկախ մեր հայացքներից, ուզում ենք Հայաստանը տեսնել բարեկիրթ երկիր, ուզում ենք Հայաստանը դառնա հայ ժողովրդի երկիրը, որ հայը հյուրի կարգավիճակով չապրի իր երկրում եւ, անշուշտ, կանխվի արտագաղթը: Հարյուր տարի բեմում եմ, մշտապես ներկայացրել եմ հայ արվեստ, հանդես եկել հայկական դրոշի, զինանշանի ներքո: Արտերկրում եղել են համերգներ, որ սկսվել են մեր օրհներգով, անկախ նրանից՝ հավանո՞ւմ եմ այդ օրհներգը, թե՞ ոչ: Ոչ թե պետք է, այլ պարտավոր եմ հարգել, սիրել երկրիս խորհրդանիշները: Ասեմ ավելին. հարգում եմ, սիրում Ռոբերտին, Սերժին (նկատի ունի հանրապետության նախագահին եւ պաշտպանության նախարարին- Ս. Դ.) եւ մյուսներին: Ինչպես Հայաստանի ղեկավարները, հայ ժողովուրդն ու նրա մի մասնիկը՝ ես, երազում ենք դասվել քաղաքակիրթ երկրների, ժողովուրդների շարքը:

– Կխնդրեինք հնարավորինս բացել այն, ինչ օրեր առաջ Ձեր հեղինակային երեկոյի հետաձգման առիթով հայտնեցիք «Առավոտին»:

– Կրկնում եմ, ասել եմ՝ համերգը հետաձգվում է տեխնիկական պատճառներով: Ամբողջ պատմությունը հետեւյալն է. համերգին կատարվելիք իմ «Սիմֆոնիկ նախերգանքի»՝ գրված 1947-ին եւ 63 տարի առաջ գրված «Կոնցերտային սիմֆոնիետի» պարտիաները, որոնք առաջին անգամ պետք է հնչեն Հայաստանում, բայց դեռ անցյալ դարից շրջագայել են ողջ Եվրոպան, վատ վիճակում են: Ես ուշադրություն չէի դարձրել դրան: Չգիտեմ որտեղից էին վերցրել ու ինձ հայտնեցին, իբր ես Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը որակել եմ ցածր մակարդակի: Եթե այդպես է, ի՞նչ է, մի քանի օր հետո, կոնկրետ՝ ապրիլի 14-ին նվագախումբը պետք է դառնար բարձրակա՞րգ: Հայտարարում եմ՝ նման բան չկա: Նույն նվագախմբում դեռ կա երաժիշտների այն սերունդը, որն աշխատել է իմ ղեկավարությամբ ե՛ւ ռադիոյի, ե՛ւ օպերային թատրոնի նվագախմբերում: Արտասահմանում առիթի դեպքում մշտապես ասել եմ, որ Հայաստանում աշխատում է եվրոպական չափանիշներին համապատասխան երկու նվագախումբ՝ դիրիժորներ Թոփչյանի եւ Ղարաբեկյանի ղեկավարությամբ:

– Անցյալ տարի հայտարարեցիք, որ սկսել եք Ձեր «հրաժեշտի համերգները»: Դրանք դեռ շարունակվելո՞ւ են:

– Անցյալ տարեսկզբին առողջությունս մի պահ վատթարացավ եւ, ինչպես ընդունված է աշխարհում, սկսեցի «հրաժեշտի» համերգաշարը: Այս տարի, փառք Աստծո, կազդուրվել եմ, վերջերս հանդես եկել Ղարաբեկյանի ղեկավարած նվագախմբի հետ: Երեւանյան համերգից հետո պատրաստվում եմ իմ ղեկավարած Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալ նախ Ռուսաստանում, հետո մեզ կմիանան Մարիինյան եւ Մեծ թատրոնի մեներգիչները ու կմեկնենք Հարավային Կորեա, Չինաստան, եւ այլուր, ինչքան թույլ կտա առողջությունս:

Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել