Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՐՍԻՑ

Ապրիլ 08,2006 00:00

ԴՐՍԻՑ «ՏՂԱ ԲԵՐԻՆ»՝ ՎՃՌԱԲԵԿԻՆ ՀԱՂԹԵՑ Այլընտրանքային կալանքը փոխվեց Երեկ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վճռաբեկ դատարանում ՀՀ Սահմանադրության եւ օրենքների իմացությամբ փայլեց Կանադայի Քվեբեկի փաստաբանների պալատի անդամ Անդրե Քարբոնոն: Նա, ինչպես եւ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուստամ Խաչատրյանը ներկայացրին այլընտրանքային աշխատանքային ծառայության մեջ գտնված, ավելի քան 7 ամիս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Տարոն Այվազյանի, Նարեկ Ալավերդյանի եւ Արսեն Սեւոյանի շահերը: Ըստ կանադացի փաստաբանի, Տարոն Այվազյանը, որը այլընտրանքային աշխատանքային ծառայության էր անցել Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում, պետական մարմիններից հավաստիացվել էր, թե «ծառայությունը որեւէ կերպ չի առնչվում զինվորականի հետ: Սակայն որոշ ժամանակ ծառայելուց հետո, իմ պաշտպանյալը եկավ այն եզրակացության, թե աշխատանքային ծառայությունը գտնվում է զինվորական վերահսկողության տակ»: «Ծառայության վայրը լքելու համար» Տ. Այվազյանին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը 2 տարի 6 ամսով ազատազրկել է: Վերաքննիչը ճիշտ է, գործը վերադարձրել է լրացուցիչ նախաքննության, սակայն խափանման միջոցն անփոփոխ էր թողել: Ըստ պաշտպանական կողմի, համաձայն ՀՀ այլընտրանքային ծառայության մասին գործող օրենքի, «ՀՀ զինված ուժերից դուրս իրականացվող ծառայություն է», ինչը նշանակում է, որ ամբաստանյալները «չեն գտնվում զինվորական ծառայության մեջ, զինված ուժերում», այսինքն՝ զինվորական ստորաբաժանման մաս չեն կազմել: Դատարանի ուշադրությունը փաստաբան Ռուստամ Խաչատրյանը հրավիրեց ՀՀ քրօրի 327 հոդվածի 1-ին կետի վրա, ըստ որի՝ «այլընտրանքային ծառայության վայրը թողնելը չէր համարվում հանցագործություն»: Հետեւաբար, քրգործ չէր կարող հարուցվել, չէր կարող իրականացվել քրեական հետապնդում: Գլխավոր դատախազությունից մեղադրող Ռ. Հարությունյանը գտնում էր, որ կողմի բողոքը չպիտի դատարանը բավարարի, քանի որ նրանց պահանջը անհիմն է: Մեղադրողը չկարողացավ մեկնաբանել հետեւյալ հանգամանքը. երբ անձին չի նշանակված զինվորական ծառայություն, հետեւաբար նա ինչու է հետապնդվում զինծառայության կարգի դեմ կատարվող հանցագործությունների հատկանիշներով: «Չկա հանցակազմ, ուրեմն ինչո՞ւ եք գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության»,- դատախազին հարցրեց Կանադայից եկած փաստաբանը: Ի դեպ, նշվեց, որ ամբաստանյալները պահվում են ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 34, 06 եւ 04 խցերում: «Բանտախուցը, որում պահվում է նա, չափից ավելի բազմամարդ է, այնտեղ կա միայն 8 մահճակալ: Եղել է ժամանակ, երբ կալանավորների թիվը հասել է մինչեւ 16-ի»: ՀՀ քրեական գործերով վճռաբեկ դատարանը՝ Մհեր Խաչատրյանի նախագահությամբ, բողոքները բավարարեց մասնակիորեն, այն է՝ վերաքննիչի վճիռները, որոնցով լրացուցիչ քննության էր ուղարկվել գործերը, մնացին անփոփոխ, իսկ կալանավորներին վճռեց անհապաղ ազատել: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. «Իրականացավ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի երազանքը. մեր տղաները կղկղանքներ են մաքրում ու նրանց արժանապատվությունը դեռ ոտնահարվում է»,- նիստերի դահլիճում ասում էին իրենց որդիների հոգեկան վիճակով մտահոգված մայրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել