Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԶ ՊԵՏՔ Է ՀՈԳԵՊԵՍ ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ

Ապրիլ 17,2006 00:00

Այնինչ՝
երեխաների շարադրություններում գերիշխում են եղեռնի, ջարդի, կոտորածի, դառը ճակատագրի
եւ սոցիալական խնդիրների թեմաները: Դպրոցականների առարկայական օլիմպիադաները,
որ ամեն ուսումնական տարվա ավարտին կազմակերպում է Ռուս-հայկական (Սլավոնական) պետական
համալսարանը, արդեն ավանդական են դարձել։ Համալսարանի հայագիտության ամբիոնն իր գոհունակությունն
է հայտնում ստեղծագործական շարադրության օլիմպիադային Երեւանի դպրոցների բարձր դասարանների
աշակերտների ակտիվ մասնակցության առիթով։ Ուստի եւ որոշ վերապահումով կարելի է ասել,
որ Երեւանի տարբեր դպրոցներից եկած 70 աշակերտների գրավոր աշխատանքները ներկայացնում
են մայրաքաղաքի այս տարվա շրջանավարտների հոգեվիճակը։ Լավ շարադրություններ
կային, իհարկե, եւ դրանցից 4-ը մրցանակ ստացավ։ Սակայն զարմանալի մի փաստ արձանագրեցինք
մենք՝ կազմակերպիչներս, եւ ուզում ենք այն քննարկման առարկա դարձնել, մեր մտահոգությունը
կիսել հայ մտավորականների հետ, հատկապես՝ ուսուցիչների։ Հասկանալի է, որ բարդ
ժամանակներում ենք ապրում, եւ այսօրվա շրջանավարտն էլ այն սերունդն է ներկայացնում,
որ ծնվել է պատերազմական թոհուբոհի տարիներին եւ հիմա էլ ակամա մասնակիցն ու վկան
է դառնում խիստ կարեւոր, թեկուզեւ ճնշող մի գործընթացի՝ քաղաքակիրթ երկրների կողմից
Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման։ Սակայն դրանով չեն կարող հիմնավորվել
16-17 տարեկան պատանիների ընկճվածությունը, տարիքին անհամապատասխան հոռետեսությունը,
հոգսաշատությունը։ Նկատելի է, որ օլիմպիադայում առաջարկված թեմաները որքան էլ բազմազան
են, մասնակիցները խոսքը տանում են միայն մեկ ուղղությամբ՝ եղեռն, ջարդ, կոտորած,
դառը ճակատագիր, սոցիալական խնդիրներ եւ այլն։ Մասնակիցներին տրվել էին փակ
ծրարներով վիճակահանությամբ ընտրված հետեւյալ թեմաները. «Մաշտոցյան այբուբենը», «Մեր
էպոսի ուժն ու զորությունը», «Հայուհու դիմանկար», «Ավետյաց երկիր», «Ճամփանե՜ր,
ճամփանե՜ր…»: Այն երեխաները, որոնք ընտրել են զուտ բնափիլիսոփայական, կենսափիլիսոփայական
թեմաներ, արտահայտել են մահամերձի խոհեր, սոցիալական ծանր, անելանելի վիճակից դառնացած
մարդու հուսահատություն, կյանքի իմաստը ժխտող ծերունական մտախոհություն, սրտաճմլիկ
խորհրդածություններ։ Ներեցեք մեզ, եթե ասենք, որ շատ շարադրություններ ուղղակի սարսափազդու
էին իրենց հոռետեսությամբ, մռայլ դատողություններով, ճնշող բարդույթներով։
Զարմանալի էր, որ մեր ճոխ, շքեղ, հայ բանարվեստի թագնուպսակը կազմող էպոսի մասին
գրողները, որոնք, հավանաբար, չէին էլ կարդացել այն եւ սահմանափակվել էին դասագրքում
առկա վերլուծությամբ, գրել էին միայն նվաճողների, կողոպտողների եւ նրանց դեմ ելած
քաջազուն Դավթի՝ հայ ժողովրդի հավաքական կերպարն արտացոլող հերոսի հաղթանակի մասին
(այն, ինչ կարդացել են դասագրքում)։ Մինչդեռ ինչպիսի՜ խորքեր կարելի էր հայտնաբերել
մեր էպոսում՝ մեր ժողովրդին հատուկ կենսափիլիսոփայություն, դավանած բարոյական արժեքների
ճոխ մի համակարգ, անգամ մեզ բնորոշ թերություններ եւ անսահման լավատեսություն, ապրելու,
գոյատեւելու կամք ու արիություն, գեղեցիկին, կատարյալին հասնելու, ներդաշնակ հասարակություն
կառուցելու գաղափարաբանություն։ ՋԵՄՄԱ ԲԱՌՆԱՍՅԱՆ ՌՀՀ հայագիտության
ամբիոնի վարիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել