Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպքի օրը, դրանից առաջ, ամբաստանյալները ընդհանրապես չեն եղել դեպքի վայրում

Մայիս 25,2024 12:30

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԳԴ4/0099/01/23 քրեական գործը՝ ըստ մեղադրանքի ամբաստանյալներ Տիգրան Կարապետյանի, Գառնիկ Գեւորգյանի եւ Սասուն Զիրոյանի:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Տիգրան Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրշի գույքի հափշտակություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Գառնիկ Գեւորգյանի եւ Սասուն Զիրոյանի հետ, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու դիտավորությամբ, 2020թ. օգոստոսի 25-ին, ժամը 23:30-ից մինչեւ օգոստոսի 26-ի՝ ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում, գնացել են Անահիտ Շահբազյանին պատկանող՝ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի տուն, բացել են պատուհանի փեղկը, որից հետո երեքով ապօրինի մուտք են գործել բնակարան եւ գաղտնի հափշտակել են խոշոր չափերի՝ 4489000 ՀՀ դրամ գումար:

Տիգրան Կարապետյանը եւ Գառնիկ Գեւորգյանը դիմել են «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա», որպեսզի ստանան իրավական օգնություն: Նրանց պատմածը համադրելով մեզ մոտ այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ, եղել է լրիվ այլ իրավիճակ, քան ներկայացվում է մեղադրանքում, եւ ըստ այդ տեղեկությունների, քրեական գործում որպես մեղադրյալներ ներգրավված անձանցից Գառնիկ Գեւորգյանը եւ Տիգրան Կարապետյանը դեպքի օրը, դրանից առաջ, ընդհանրապես չեն եղել դեպքի վայրում կամ դրան մոտ տարածության վրա: Համենայնդեպս, գործում չկա ապացուցողական ուժ ունեցող որեւէ փաստ, որով հնարավոր կլիներ հաստատել ասվածի հակառակը:

Գործը թարմ հետքերով բացահայտելուն ուղղված ոստիկանության Սեւանի բաժնի օպերատիվ անձնակազմի ջանքերը, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Մհեր Մինասյանի գլխավորությամբ, իրենց համար որեւէ շոշափելի դրական արդյունք չեն տվել, գործը ըստ էության մնացել է չբացահայտված: Որեւէ հետք, կամ գործի համար հետաքրքրություն ներկայացնող որեւէ այլ ապացույց չի հայտնաբերվել, չկան մատնահետքեր, չկան իրեղեն ապացույցներ, գործիքներ, չի հայտնաբերվել նաեւ գողացված գումարը, կամ դրա մի մասը: Բնակարանների խուզարկությունները եւ կատարված օպերատիվ գործողությունները մնացել են անարդյունք:

Մի քանի օր շարունակ ոստիկանության Սեւանի բաժնում պահելուց հետո, վախի եւ ճնշման ազդեցության տակ, օպեր գծով տեղակալին ամեն դեպքում հաջողվել է Տիգրան Կարապետյանից կորզել ինքնախոստովանական ցուցմունք: Տիգրանի համար այդ ընթացքում մի քանի անգամ շտապօգնության կանչ է գրանցվել ոստիկանության բաժին, վատացել է նրա ինքնազգացողությունը մի քանի անգամ եւ անհրաժեշտություն է առաջացել բուժօգնություն ցուցաբերել:

Ըստ նախնական տեղեկությունների, գործի բացահայտման համար գործել է ոչ թե օրենքն ու պրոֆեսիոնալիզմը, այլ չարաբաստիկ հին ու փորձված ավանդույթը՝ վախը, ճնշումն ու ֆիզիկական ուժը:

Այս քրեական գործը հարուստ է շատ այլ հետաքրքիր դրվագներով, որոնք վկայում են մեղադրանքի թույլ, հիմնազուրկ եւ արհեստական լինելը: Դրանց մասին ընթերցողի հետ սույն գործի շրջանակներում կխոսեմ պարբերաբար եւ ըստ հերթականության, որպեսզի լավ հասկացվի ասվածի իմաստը եւ որպեսզի անմեղները մեղավորների տեղը չդատվեն եւ գործի օրենքը:

Առայժմ միայն հայտնեմ, որ դեպքի օրը եղել է տանտիրոջ դստեր նշանդրեքի արարողությունը, եւ ինքը` տանտերը, խնդրել է համագյուղացի անասնապահ Արշակ Կարապետյանին, որպեսզի վերջինս օրվա վերջում իր անասունները գոմ տանի:

Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆ

իրավապաշտպան, ԻՀՄԱ նախագահ

Հ.Գ.– Արշակ եւ Տիգրան Կարապետյանները հարազատ եղբայրներ են: Նրանք իրենց ընտանիքով, ինչպես նաեւ գործով մյուս կասկածյալը՝ Գառնիկ Գեւորգյանն ու իր ընտանիքը, գյուղում բարի անուն ունեն, աշխատող, արդար քրտինքով ապրող մարդու համբավ: Գործով մյուս կասկածյալը՝ Սասուն Զիրոյանը բանակից ազատված է հիվանդությունների պատճառով:

Ոստիկանության բաժնի պետի օպեր գծով տեղակալն ու գործով տուժողը հարազատ արյունակիցներ են:

Գյուղում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ մինչեւ գողությունը «գողոնն» արդեն տեղում չի եղել:

Ականատեսներից որոշ կարեւոր տեղեկություններ ստանալու դեպքում «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիան» պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններ:

«Առավոտ» օրաթերթ
24.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031