Լրահոս
Օրվա լրահոսը

«Եզակի հնարավորություն է ընձեռվում՝ հետ պտտել կապիտուլյացիայի անիվը, փակել 2018 թվականին բերված Պանդորայի արկղը»

Մայիս 25,2024 13:00

Մայիսի 26-ին իրականանալու է Եղիշե Չարենցի պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է». «Առավոտի» զրուցակիցն է «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանը:

– Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը։

– Հայ առաքելական եկեղեցու առաջնորդությունը Հայոց հազարամյա պատմության ողջ ընթացքում բարեբաստիկ եւ բախտորոշ է եղել, սկսյալ խորհրդանշական 5-րդ դարից, երբ Հայոց ինքնիշխան պետականությունը խոնարհվել եւ բաժան-բաժան էր եղել օտար հզոր կայսրությունների ճնշման ներքո. Սահակ Պարթեւը՝ Մեսրոպ Մաշտոցի հետ սկզբնավորեցին պետական եւ ազգային ինքնության պահպանման սրբազան շարժումը. հայոց այբուբենի գյուտը եւ թարգմանչաց գործունեությունը, որոնց միացան աշխարհիկ բոլոր ուժերը, անգամ օտար՝ հույն եւ ասորի հոգեւոր ու աշխարհիկ գործիչներ։ Այսպիսի օրինակները մեր պատմության մեջ բազում են, դրանք ապացուցում են, որ Հայ առաքելական եկեղեցին եւ նրա հոգեւոր ծառայողներն անքակտելի կապված են պետականության պահպանման առաքելությանը՝ քաջամարտիկ զինվոր են հայոց պետականության համար մղված ու մղվող մարտերի։ Սրբազան շարժման սկզբնավորման պահից արդեն «Միասին» շարժումը եւ դրա կազմում գտնվող կուսակցությունները՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը եւ «Ազատությունը», անվերապահ աջակցություն են հայտնել՝ իրենց ուժերն ի սպաս դնելով Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության պահպանման գործին, որի երաշխիքը նոր իշխանության ձեւավորումն է՝ գործող վարչախմբի հեռացումը։

– Սրբազանը քաղաքական հանդիպումների շարք անցկացրեց. «Միասին» նախաձեռնության անդամների հետ հանդիպում եղե՞լ է, ի՞նչ պայմանավորվածություններ կան` նկատի ունենալով, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը, ինչի մասին հայտարարվեց, նախաձեռնությունը սկսել էր։

– Սրբազանի հետ տարբեր ձեւաչափերով եւ՛ քաղաքական, եւ՛ մասնագիտական, հանրային, հանդիպումներ եղել են։ Մայիսի 23-ին  հանդիպել ենք արդեն առանձին՝ առավել հստակեցնելով մոտալուտ գործողությունների պատկերացումները եւ ծրագիրը։ Քանի որ «Միասին» շարժումն արտախորհրդարանական ուժ է, ապա մեր քայլերը միտված են հանրային աջակցության ընդլայնմանը նպաստող գործողությունների կայացմանը, նոր՝ ժամանակավոր կառավարության ձեւավորման սկզբունքների, իրագործելիք ծրագրերի մշակմանը։ Նոր իշխանություն ձեւավորելու համար երկու ճանապարհ կա. ա) խորհրդարանական մեծամասնությանը ստիպել անբեկանելի փաստերի ճնշմամբ լեգիտիմությունն իսպառ կորցրած, ՀՀ սահմանադրական կարգը խախտած եւ իր իսկ կառավարության՝ ԱԺ-ում հաստատված ծրագիրը բացահայտ տապալած վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնել՝ ընտրելով նոր վարչապետ եւ բ) հանրային ճնշմամբ ՀՀ օրենքները ոտնահարելու, ժողովրդի քվեից զրկված լինելու  հանգամանքների պարտադրանքով հասնել Ն. Փաշինյանի կողմից իր հրաժարականի հայտարարմանը, որից հետո արդեն ԱԺ-ն կընտրի շարժման վարչապետի թեկնածուին, եւ կսկսվի հակաճգնաժամային արհեստավարժ կառավարության ձեւավորումը։ Թեեւ հնարավոր չէ բացառել նաեւ իշխանության կողմից Փաշինյանին այլընտրանք ՔՊ նոր թեկնածուի առաջադրում կամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հայտարարում գործող վարչապետի պահպանմամբ։ Վերջին երկու տարբերակներն առավել կխորացնեն բեւեռացող ճգնաժամը։

– Իշխանավորներն ասում են` շարժումը «մեռել» է, հոգեւորականներն էլ քաղաքական առեւտրի մեջ են։

– Հայտնի հնարախաղ է՝ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել, կեղծ հանրային կարծիք ձեւավորել։ Ինչ վերաբերում է առեւտրին, ապա նշեմ՝ ՀՀ ԱԺ պատմության մեջ իր հակավարքով եւ անընդունելի կերպարով եզակի ու անըստգյուտ խոսնակ Ալեն Սիմոնյանը, որը հայտնի կմնա դարերով իր պետության քաղաքացուն թիկնապահների կողմից «վնասազերծելու» ու դրանից հետո նրա վրա թքելու զարհուրելի նախադեպով եւ նույնքան զարհուրելի պնդումով, թե «քաղաքականությունն առեւտուր է», արդեն ինքնախոստովանություն է կատարել, որ իրենք, քաղաքականություն ասելով, առեւտուր են հասկանում, այսինքն՝ 2018 թվականից տալիս եւ առնում են։ Ու քանի որ յուրաքանչյուրը դիմացինին իր արշինով է չափում, փորձում են ներշնչել, թե բոլորն իրենց նման առեւտրականներ են, հայրենավաճառներ, քաղաքացիների տունն ու պետության սահմանները, Արցախի Հանրապետությունը հանձնողներ, Հայոց պատմությունը, թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանության, Արեւմտյան Հայաստանի բռնազավթման փաստը աճուրդի հանողներ։ Զուր փորձեր են, երկրի հակառակ կողմից եկող։

– Մայիսի 26-ին հերթական հանրահավաքն է. ի՞նչ եք ակնկալում լսել։

– Կարծում եմ՝ հերթականը չէ, վճռորոշն է, ակնկալում եմ լսել Փաշինյանի հրաժարականի մասին, ականատես դառնալ նաիրյան ասպետ Եղիշե Չարենցի պատգամի իրականացմանը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։

– Տավուշում փաստացի սահմանազատում է իրականացվել. եթե անգամ այս իշխանությունը հեռանա, իրավիճակներն ինչպե՞ս կզարգանան։

– Եզակի հնարավորություն է ընձեռվում հետ պտտել կապիտուլյացիայի անիվը, փակել 2018 թվականին բերված Պանդորայի արկղը։ Հայաստանի Հանրապետությունը չի հրաժարվելու սահմանազատումից, համախմբելու ենք մեր դիվանագիտական, քաղաքական ողջ ներուժը, մարտավարական եւ ռազմավարական դաշնակիցների հնարավորությունները՝ սկսելու իրական, միջազգային եւ ՀՀ օրենքներին համապատասխան սահմանազատում՝ ցույց տալով Ադրբեջանին իրական քարտեզներ, սահմանազատման ՀԽՍՀ եւ ԱդրԽՍՀ ստորագրված փաստաթղթեր, ԵԱՀԿ քարտուղարության մշակած սահմանազատման, սահմանագծման ուղեցույցը, որոնց հիման կպաշտպանենք մեր հերոսների արյամբ գծված սահմանները, ՀՀ քաղաքացիների իրավունքները՝ դարձ ի շրջանս Հայոց։

Զրույցը՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
24.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031