Լրահոս
Օրվա լրահոսը

Սրճարանը

Ապրիլ 26,2006 00:00

Սրճարանը 3 տարի է՝ չի գործում Իսկ վնասը չի փոխհատուցվել 2003թ. փետրվարի 15-ին Երեւանի Ալեք Մանուկյան փողոցի 5ա հասցեում գտնվող, ՀՀ ռադիոտանը կից «Պիկուբո» ՍՊԸ-ին պատկանող երկհարկանի ծաղկանոց-սրճարանում առավոտյան ժամը 6-ի սահմաններում հրդեհ բռնկվեց: Հրդեհի պատճառով ամբողջությամբ այրվեց սրճարանը՝ գույքով, եւ ՍՊԸ-ին հասցվեց 19.755.150 դրամի վնաս: Մինչեւ երեկ դատարանական տարբեր ատյաններում շարունակվում էր ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ ՍՊԸ-ի հայցի քննությունը: Հրդեհի պատճառը, ըստ փորձագիտական եզրակացության, եղել է էլեկտրական սնուցման համակարգում ստեղծված վթարային ռեժիմը, ինչի հետեւանքով առաջացել է էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում: Կարճ միացման պատճառ, ըստ փորձագետների, կարող էր հանդիսանալ «էլեկտրական սնուցման համակարգում էլեկտրական հոսանքի լարման կտրուկ բարձրացումը»: Սակայն փորձագետները չեն կարողացել պատասխանել, թե արդյոք գրանցվե՞լ էր հոսանքի տատանում հրդեհի օրը: 2004թ. ապրիլի 1-ին ստացվել էր գրություն, ըստ որի՝ 2003-ի փետրվարի 15-ին «հայկական էներգահամակարգի 110 կվ եւ բարձր լարման ցանցում կարճ միացման դեպք չի արձանագրվել»: Չնայած «Պիկուբո» ՍՊԸ-ն, ըստ 2004թ. մայիսի 17-ի վճռի, շահել էր դատը տնտեսական դատարանում, սակայն վնասն առայժմ չի փոխհատուցվել: Պատասխանող կողմը դատարան էր ուղարկել իր առարկությունները, գտնելով, որ փորձագետների եզրակացությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ, ըստ ենթակայանի օպերատիվ դիսպետչերական ծառայության մատյանների, «վթար տեղի չի ունեցել»: «Էլցանցերը» գտնում է, որ «հայցվորը էլեկտրաէներգիայի սնուցում է ստացել այլ ուղղությունից, որի միացումը կատարվել է իր նախաձեռնությամբ, ապօրինի լարանցման միջոցով»: Ընդսմին, բացառում էին էլցանցերի կողմից անորակ էլեկտրաէներգիայի մատակարարումը: «380 վոլտ եռաֆազ էլեկտրաէներգիայի օգտագործման համար հայցվորը չի ստացել էլեկտրաէներգիայի շահագործման թույլտվություն, չի կնքել եռաֆազ էլեկտրաէներգիայի առքուվաճառքի պայմանագիր»: Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանին ծաղկանոց-սրճարանի ներկայացուցիչը ներկայացրել էր Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Ա. Ամիրյանին ուղղված դիմումը (2001թ. հուլիսի 7), խնդրելով թույլատրել օգտվել իրենց բարձր լարման վահանակից, եւ կնքվել էր համատեղ պայմանագիր կողմերի միջեւ: Առկա էր նաեւ 1147/01 թույլտվությունը՝ էներգիայի պետական հսկողության գլխավոր վարչության կողմից, որով թույլատրվել էր «Պիկուբո» ՍՊԸ-ին էլեկտրաէներգիայի օգտագործումը: Այն ակնարկին, թե «Պիկուբոն» չի ունեցել էլեկտրասնման տեխնիկական պայմանագիր, բացառվում է մեր տրամադրության տակ եղած 23.07.2001թ. «Երեւանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ի պայմանագրով, ուր սահմանված են էլեկտրասնման պայմանները՝ «հաշվի առնելով ՀՀ ռադիոյի ղեկավարության գրավոր համաձայնությունը, իրականացնել եռաֆազ էլեկտրաէներգիայի հաշվարկը» ցուցումով: Գործին խառնվել է նաեւ Կոլորադոյի (ԱՄՆ) հայոց ժառանգական կենտրոնը, որը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին իր մտահոգությունն է հայտնել ֆինանսական ներդրումներ անող «Պիկուբո» ՍՊԸ-ի գործունեության հետ կապված: Նրանք գտնում էին, որ չի վերականգնված ներդրողի ֆինանսական փոխհատուցումը: Երեկ վերաքննիչ դատարանը մերժեց ՍՊԸ-ի հայցը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել