Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը հրապարակեց բոլոր պատգամավորների անունները եւ հիշեցրեց անձնական պատասխանատվության մասին

Ապրիլ 29,2024 23:44

«Բռունցքդ բեր» նախաձեռնության անդամները` գլխավորապես երիտասարդներ, ԱԺ պատգամավորներից պահանջելով չեղարկել վարչակազմի զիջողական քաղաքականությունը` ամենօրյա ակցիաների շարք է նախաձեռնել ԱԺ շենքի դիմաց։

Նախաձեռնության անդամ, ոսկեպարցի Սլավիկ Ալավերդյանը նշեց, որ հանրության մեջ այս օրերին Տավուշում իրականում տեղի ունեցողի մասին անտեղյակության մթնոլորտ է տիրում։ Եվ բերեց իշխանության մանիպուլյացիաների, ժողովրդին մոլորեցնելու, սահմանագծման եւ սահմանազատման գործընթացում ՀՀ սահմանադրության, օրենքների, ինչպես նաեւ նախապես հայտարարված ժամկետների ոտնահարման կոնկրետ օրինակներ։ «Մեր ականազերծողները ականազերծել են մեր իսկ անվտանգության համար տեղադրված ականները, որպեսզի տեղադրվեն սպիտակ սյուներ, որոնք մեր ղեկավարությունը ներկայացնում է որպես սուպերհերոսների հատկությամբ օժտված ինչ-որ անտեսանելի պատնեշ, որի մոտ կանգնելու է սահմանապահ

Ասեմ, որ այս պահին մենք չունենք սահմանապահ, որը կանգնած է որեւէ սյան մոտ։ Իսկ հակառակորդը արդեն առաջ է շարժվում` զբաղեցնելու այդ դիրքերը։ Նա այսօր արդեն իրականացնում է տարածքների մնացած մասի ականազերծում եւ առաջին հերթին նախկին ճանապարհների, որոնք բերում են դեպի Հայաստան։

Մենք ունենք անվտանգային մեծ սպառնալիք։ Հակառակորդը տեղակայվում է ոչ թե մեր բնակավայրերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, այլ հենց մեր բնակավայրերի ներսում։ Ոսկեպար, Կիրանց եւ մի շարք բնակավայրերի տներ, միջպետական ճանապարհ եւ նրա վրա գտնվող  եզակի կամուրջներից մեկը հանձնում են  հակառակորդին։ Եւ այս ամենը ներկայացնում են որպես անվտանգության երաշխիք։

Ասում են, որ կկառուցեն այլընտրանքային ճանապարհ։ Բացեք Google-ի քարտեզը, որը հիմնված է Խորհրդային Միության վարչական քարտեզի վրա եւ նայեք։ Ապագա սահմանագծից դեպի այլընտրանքային ճանապարհ ընդամենը 20 մետր է։ Այդպիսի անվտանգություն կարո՞ղ է լինել։

Ադրբեջանի սահմանապահը, ի տարբերություն մեր սահմանապահների, որոնք ԱԱԾ աշխատակիցներ են, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանման ծառայող են եւ ակտիվ մասնակցություն են ունեցել թե 2020 թվի պատերազմին, թե դրանից հետո Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք ներխուժումներին։ Նրանց հետ խաղաղություն հնարավո՞ր է։

Այսօր իշխանությունը հաշվի չի առնում ժողովրդի դժգոհությունը, տվյալ համայնքների բնակիչների` սեփական տանն ազատ ու անվտանգ ապրելու իրավունքները։ Գործընթացը շարունակվում է հենց այս պահին էլ։ Ու եթե մենք չկանգնեցնենք, գործընթացը շարունակվելու է մինչեւ Հայաստանի խորքը։

Զիջվում է ամեն ինչ` ոչնչի դիմաց։ Ու մի բան էլ. այս ամենը ներկայացվում է որպես ձեռքբերում։

Պետությունը փորձում է թաքցնել, թե ինչ է կատարվում` տարբեր տեղերում փակ պահելով ճանապարհի հատվածներ, որպեսզի ժողովուրդը չմոտենա, չտեսնի, չնկարահանի։ Թե ուր են հասել, երբ կհասնեն մեր տներին, ոչ-ոք չգիտի։

Համայնքների բնակիչները այդ տարածքներում տեսնում են անծանոթ համազգեստով կամ քաղաքացիական հագուստով մարդկանց, սակայն պետությունը չի մեկնաբանում, թե ովքեր են, որպեսզի ժողովուրդը հանգիստ լինի, կամ մտածի ոնց ինքնապաշտպանվի»,-ասաց Սլավիկ Ալավերդյանը։

Նախաձեռնության անդամները իշխանության զիջողական քաղաքականությունը մերժելու անհատական պահանջ են ներկայացրել ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներին։ Հավաքի ժամանակ նրանք հրապարակեցին բոլոր պատգամավորների անունները` քառօրյայից առաջ, մեկ անգամ ես հիշեցնելով նրանցից յուրաքանչյուրին անձնական պատասխանատվություն կրելու մասին։

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930