Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակով ընդդեմ զենքի

Հունիս 14,2006 00:00

Հայ մտավորականները «վրդովված» կոչեր են անում ռուսաց թագավորին

Ո՞նց պատահեց՝ մեր մտավորականները հանկարծ որոշեցին ձայն բարձրացնել: Ու հարմար գտան, որ տաք տեղից հազարից մեկ դուրս եկող իրենց ձայնը այս անգամ հնչի ՌԴ-ում հայերի դեմ շարունակվող բռնությունների եւ սպանությունների դեմ: Գրողների միության նախաձեռնությամբ երեկ հայտարարություն ընդունելու եւ ռուսաց թագավորին նամակով դիմելու համար հավաքվել էին ստեղծագործական միությունների ղեկավարները, գրողներ, հրապարակախոսներ: Բացելով հավաքը՝ ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը նկատեց, որ Ռուսաստանում հայ սպանվեց հենց այն օրը, երբ Մոսկվայում բացվեցին ՀՀ օրերը. «Նույնիսկ մամուլում գրեցին, որ ՌԴ-ում հայկական տարին դարձել է հայերի որսի տարի: Բացի այս վերջին աղմուկ հանած սպանություններից, գիտենք էլի շատ սպանությունների մասին ՌԴ-ում, եւ ոչ մի մարդասպան չի պատժվել: Մերձմոսկովյան մի խուտորում հորեղբորս թոռը կնոջ եւ երեխաների հետ սպանվեց, եւ հարազատները մինչ օրս չեն կարողանում բերել գերեզմանը Հայաստան, այնտեղից վախեցնում են, թե՝ գաք, ձեզ հետ էլ հաշվեհարդար կտեսնենք»: Ապա նա ձայնը տվեց քաղաքագետ, ՌԴ ազգությունների գծով նախարարի 1996-2002թթ. օգնական Վսեվոլոդ Մարյանին: Վսեվոլոդ Սուրենիչի խոսքը բազում հակաելույթների տեղիք տվեց, իսկ բուն ելույթի ընթացքում անընդհատ հնչում էր՝ «սա պրովակացիա է» ռեպլիկը: Պարոն Մարյանն ասում էր, որ հայերը ողջ հետխորհրդային տարածքում միակ ազգն են, ուր մարդիկ լռելյայն հաշտվում են իրենց հարազատների եւ ազգակիցների սպանությունների հետ: Նա նկատեց, որ նույնիսկ տաջիկներն են արթնացել թմբիրից եւ հիմա թույլ չեն տալիս իրենց հանդեպ որեւէ բռնություն, սակայն մենք դեռ համեստորեն լռում ենք: «Ինչո՞վ ենք մենք տաջիկներից վատը»,- հարցնում էր քաղաքագետը, ում տվյալներով վերջին տասը տարիների ընթացքում ՌԴ-ում զոհվել է ամենաքիչը 3000 հայ: Ըստ Մարյանի՝ դա կազմակերպված է Մոսկվայի ֆինանսակառավարչական մասի կողմից, որն ուզում է հայ գործարարներին դուրս քշել երկրից. «Ոչ մի ադրբեջանցի չի սպանվել, այն դեպքում, որ առաջին հայացքից մենք չենք տարբերվում իրարից, այդ ինչպե՞ս են սպանողները տարբերում»:

Մնացած բանախոսների ելույթները քիչ էին տարբերվում միմյանցից: Նրանք անընդհատ հիշում էին դարավոր հայ-ռուսական բարեկամությունը եւ խելք սովորեցնում ռուսներին: Մասնավորապես ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը ասաց. «Պետք է Ռուսաստանին հասկացնել, որ ինքը փչացնում է մեր 300-ամյա հարաբերությունները», ու կոչ արեց, որ բոլոր ստեղծագործական միությունները նամակ գրեն իրենց ռուսաստանյան գործընկերներին, բուհերը՝ բուհերին, ակադեմիան՝ ակադեմիային եւ այլն, ու հարցնեն՝ այս ի՞նչ է կատարվում: ԵՊՀ ժուռֆակի դեկան Գառնիկ Անանյանը, թե՝ «Այսօրվա իշխանության հակահայկական քաղաքականությունը դա հակառուսական քաղաքականություն է, եւ մենք պետք է ռուսներին հասկացնենք՝ ձեր այս ղեկավարությունը ձեր երկիրն այս ո՞ւր է տանում»: Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, բացի նրանից, որ բավականաչափ գովազդեց իրենց միությունն ու նախագահին, նաեւ կշտամբեց կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցին, ով գտնում էր, թե նամակներն ու ուղերձները դատարկ բան են եւ պետք է համարժեք պատասխան տալ ռուսներին, ու նույնիսկ որպես հայ ազգայնականների միության նախագահ խոստացել էր, թե շուտով Մոսկվայում կլինի համարժեք պատասխանը: «Ի՞նչ է նշանակում՝ նույն մեթոդով պատասխան տանք: Մտածեք, թե ինչ եք խոսում՝ ՌԴ-ում 2,5 մլն հայ է ապրում եւ իրենց ընտանիքներին ՀՀ-ում պահում: Մենք համոզված ենք, որ դա զուտ հայերի դեմ չի ուղղված, այլ՝ բոլոր ոչ ռուսների, սեւերի դեմ է»: Պարոն Գեւորգյանցը հիշեցրեց, որ Կրասնոդարում էլ էին հայերին ճնշում, քանի դեռ այնտեղ հայերը 3000-անոց պաշտպանական բանակ չստեղծեցին:

Գրականագետ Ազատ Եղիազարյանը հայտարարեց, թե՝ «աշխարհի ոչ մի երկրում հայերին այսքան վատ չեն վերաբերվում, ոնց որ ՌԴ-ում», ինչին ի պատասխան արձակագիր Հրաչյա Մաթեւոսյանը, թե՝ «Հայերի համար ամենավատ պայմանները Հայաստանում են, ոչ թե Ռուսաստանում: Քո երկրում քո նախագահի ոտքերի տակ Պողոս Պողոսյան է սպանվում, Բուզանդի փողոցում հղի կնոջն են ոտնատակ տալիս…»:

Վերջում մեր մտավորականները ընդունեցին մի անատամ ուղերձ, որում մտահոգություն էին հայտնում ՌԴ-ում շարունակվող բռնարարքների կապակցությամբ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել