Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՍԿԵ ԿԻԹԱՌԸ» ՉԷՐ ԺԱՆԳՈՏԵԼ

Հունիս 21,2006 00:00

Հեղինակային
երգի համահայկական փառատոնը կայացավ, սակայն ժանրի որոշ վառ ներկայացուցիչներ սեփական
ամբիցիաներից ելնելով՝ չմասնակցեցին: Վերջերս անցկացվեց հեղինակային երգի
«Ոսկե կիթառ» հանրապետական փառատոնը, որ կազմակերպել էր «Օվացիա» պրոդյուսերական
կենտրոնը՝ «Մշակույթ» հիմնադրամի ու մշակույթի նախարարության հետ համատեղ: Փառատոնն
անցավ ջերմ մթնոլորտում. 7 տարվա ընդմիջումից հետո հանդիսատեսը կարոտել էր հեղինակային
երգի ժանրին, որի տեղը կարծես դատարկ էր մշակութային դաշտում: Ըստ երգահան Մարտին
Ահարոնյանի, փառատոնը ցույց տվեց, որ այս ժանրում կան զգալի առողջ ուժեր, որոնք դրական
խթանի կարիք ունեն: «Կարծում եմ, ովքեր չեն մասնակցել կամ արհամարհանքով էին նայում
հեղինակային երգի փառատոնին, հաջորդ տարի հաստատ կուզենան մասնակցել… Ես «Ոսկե
կիթառ» վերնագրի առնչությամբ որոշ վերապահումներ ունեի՝ կիթառի մրցույթի ասոցիացիա
է տալիս, բայց դա երկրորդական հարց է»: Հեղինակային երգի ճանաչված ներկայացուցիչներից
ու փառատոնի կազմակերպիչներից Էդուարդ Զորիկյանը հույս ունի, որ փառատոնը ավանդական
կդառնա եւ կմտնի մշակույթի նախարարության միջոցառումների ծրագրերի ցանկ: Հիշեցնենք,
որ հեղինակային երգի ամենամյա եղեգնաձորյան փառատոները սկսվել են 1988-ից, հետո՝
մթի, ցրտի ու պատերազմի տարիներին ընդհատվել: 1997-ին նման փառատոն է կազմակերպել
ներքին գործերի նախարարությունը, հետո էլի 2 տարի դադար, իսկ 1999-ին՝ «Ընթացք» մշակութային
միությունն է կազմակերպել: Եվ, վերջապես, «Ոսկե կիթառը»՝ 7-ամյա դադարից հետո: Էդ.
Զորիկյանը կարեւորում է հատկապես Ռուբեն Հախվերդյանի մասնակցությունը այս փառատոնին,
որովհետեւ որոշ հեղինակ կատարողներ հարկ չեն էլ համարել երիտասարդների հետ նույն
բեմում գտնվել: Ի դեպ, հենց Ռուբեն Հախվերդյանն էլ երիտասարդ մասնակիցներին դիպլոմներ
է հանձնել: Մրցութային տեղեր չեն եղել, ամբողջ աշխարհը կամաց-կամաց հրաժարվում է
այդ համակարգից: «Բոլորն էլ հասկանում են, որ արվեստը սպորտ չէ, այստեղ չկա այն վայրկենաչափը,
որ չափես-ասես՝ առաջինը սա է, որովհետեւ ավելի արագ է վազել: Ժամանակին թե՛ Երեւանում,
թե՛ Եղեգնաձորում անցկացված փառատոն-մրցույթներին իմ գործընկերները անհարմարության
զգացում էին ունենում: Իհարկե, շոյվում ես, երբ քեզ են տալիս առաջին մրցանակը, բայց
միեւնույն ժամանակ հիշում ես, որ փառատոնում մենակ չէիր եւ քեզանից բացի եւս 30 մասնակից
կար»,- ասում է Էդ. Զորիկյանը: «Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է հաջորդ տարի
փոխվի փառատոնի «Ոսկե կիթառ» խորագիրը, որը տարաբնույթ խոսակցությունների ու վեճերի
առիթ է տվել, պրն Զորիկյանը պատասխանեց. «Բավականին վեճեր եղան, թե ինչո՞ւ «Ոսկե
կիթառ»… Երբեմն պատրաստ ենք ամեն ինչ անել, որ փառատոնը չկայանա միայն նրա համար,
ինչ է թե՝ ձեւակերպումը մեզ դուր չի գալիս: Ժամանակին էլ «հեղինակային երգ» ձեւակերպման
շուրջ էին վեճեր ծավալվել: Դրանք տեւեցին այնքան, մինչեւ մարդիկ իմացան, որ այդ տերմինի
հեղինակը Վլադիմիր Վիսոցկին է: Իսկ մինչ այդ աղմկում էին՝ ինչո՞ւ հեղինակային երգ,
իսկ անհեղինակ երգը ո՞րն է եւ այլն: Ամեն ինչի հետեւից չարժե ընկնել, նույն տրամաբանությամբ
կարելի է հարցնել՝ ինչո՞ւ «Ոսկե ցլիկ», «Ոսկե աշուն», «Ոսկե ծիրան», «Ոսկե հորթ»:
Անդրադարձ եղավ նաեւ ճանաչված հեղինակ կատարողների՝ ինչպիսիք են Արթուր Մեսչյանը,
Վահրամ Թաթիկյանը, Արմեն Մովսիսյանը, Վահան Արծրունին, փառատոնին չմասնակցելուն:
«Ցանկացած մարդ ունի ընտրության իրավունք, ինչին նորմալ եմ վերաբերվում: Բայց ինչ-ինչ
պատճառներով, մեկին հարմար չի եղել, մյուսը հրաժարվել է, 4-րդին վերաբերվում էինք
որպես հեղինակ կատարողի, իսկ ինքը իրեն այդպիսին չի համարում: Եթե հեղինակ կատարող
ասվածը նվաստացուցիչ է հնչում, ի սեր Աստծո, թող իրեն ուղղակի երգիչ համարի: Նաեւ
սա այն տարբերակը չէր, որ ասում են 25 տարի բեմի վրա եմ, հիմա գամ մրցեմ 18-ամյա
պատանու հե՞տ: Ռուբեն Հախվերդյանը մասնակցեց «Ոսկե կիթառին» եւ ոչ մեկի մտքով չանցավ,
թե ինչու պետք է նա 18-ամյա պատանու հետ բեմ բարձրանա: Իսկ եթե ոմանք բարդույթներ
ունեն՝ դա իրենց խնդիրն է»,- ասաց Էդ. Զորիկյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել